Լրահոս
Օրվա լրահոսը

Ծորակից գորտ, սատկած մուկ ու զուգագուլպա է գալիս

Օգոստոս 21,2007 00:00

\"\"Լուսակունք գյուղի բնակիչները ճահճաջուր են խմում՝ «համեմված» սատկած կենդանիներով:

Լուսանկարում Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի խմելու ջրի խողովակն է: Այն անցնում է ճահիճների միջով, ու քանի որ վաղուց արդեն փտած ու ծակծկված է, ճահճաջուրն ու տիղմը, միախառնվելով խմելու ջրի հետ՝ հոսում են լուսակունքցիների խմելու ջրի ծորակից: «Երբ ծորակը բացում ենք, որ ջուր խմենք, բացի ջրից, բաժակի մեջ ինչ ասես, որ չի ընկնում՝ գորտ, սատկած մուկ, ձուկ: Մի անգամ էլ ծորակը խցանվել էր, քանդեցինք՝ զուգագուլպա միջից դուրս եկավ, էդ կեղտաջրերի հետ եկել-խողովակը խցանել էր»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեցին Լուսակունքի բնակիչները: Այդ ճահճաջրից «օգտվում» է գյուղի մոտ 150 ընտանիք: Թեեւ բոլոր բնակիչներն էլ սիրով հրավիրում էին մեզ ներս ու ցույց տալիս, թե ինչ կեղտաջուր է գալիս, երբ ծորակը բացում են՝, սակայն խնդրում էին իրենց անունները չհրապարակել, քանի որ, նրանց պատմելով՝ գյուղապետարանի աշխատակիցներն ու գյուղապետի ազգականներն օրեր առաջ նրանց զգուշացրել ու ամոթանք են տվել, թե «սրա-նրա մոտ չբողոքեք ու գյուղի անվան հետ չխաղաք»:

Ինչպես պարզեցինք՝ առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչությունը տեղյակ էր Լուսակունքի խմելու ջրի հետ կապված պրոբլեմի մասին: Տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սաշա Գինոյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք այս հարցով բազմիցս մարզպետարանում քննարկումներ են ունեցել, բայց չեն կարողացել խնդրին լուծում տալ: Նրա խոսքերով՝ «Գյուղական ջրմուղները լիարժեք սպասարկում չեն իրականացնում՝ լաբորատոր վերահսկողություն չեն անում, ջրագծերի ախտահանում չեն կատարում: Գեղարքունիքի մարզի ուրիշ գյուղերում էլ այնպիսի խնդիրներ կան, որոնց մասին մեզ պետք է տեղեկատվություն տրամադրեն գյուղապետերը, սակայն չեն անում, խնդիրը թաքցնում են»:

Նշենք, որ որքան էլ տարօրինակ է՝ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը Լուսակունք գյուղի խմելու ջուրը լաբորատոր ստուգման է ենթարկել ու գորտերի, սատկած առնետների հետ մեկտեղ ջրում ոչ մի հակահիգիենիկ բան չի հայտնաբերել, ստուգել են նաեւ այն տարածքները, որտեղով անցնում են ջրի խողովակները, սակայն դարձյալ ոչ մի «շեղումներ նորմայից» չեն հայտնաբերել:

Գյուղացիների պատմելով՝ օրումեջ Լուսակունքի խմելու ջրի ցանցում վթար է լինում: Ամեն անգամ վթարից հետո ցանցը վերականգնելու համար մինչեւ Վարդենիսի տարածքային ջրօգտագործողների միության (ՋՕՄ) աշխատակիցները խնդրով զբաղվում են՝ 2 ամիս է պահանջվում: Արդյունքում՝ բնակիչները տարվա ընթացքում միայն մի քանի ամիս են ջուր ունենում, այն էլ՝ կենդանիներով «համեմված»: Գյուղի խմելու ջրից օգտվում են նաեւ անասունները: Արդեն մոտ մեկ ամիս է՝ թե՛ Լուսակունքի, թե՛ հարեւան Խաչաղբյուր գյուղի անասունները, որոնք նույնպես օգտվում են սարով հոսող այդ ջրից, իրար հետեւից սատկում են: Գյուղացիներից շատերն անասուն գնելու համար տոկոսով ու վարկով էին գումար վերցրել։ «Մտածում էինք՝ աշնանը կմորթեինք-կծախեինք՝ ձմռան վառելիք ու հագուստ կգնեինք»,- պատմեց լուսակունքցիներից մեկը: Նրա անասունը վերջերս է կեղտաջրից հիվանդացել ու սատկել:

Երբ մի քանի գյուղացիների հետ այցելեցինք Վարդենիսի ՋՕՄ՝ տեղում խմելու ջրի հետ կապված պարզաբանումներ ստանալու՝ ՋՕՄ-ի տնօրեն Արմեն Նալբանդյանը հուսադրեց լուսակունքցիներին, որ մեկ օր հետո վթարը կվերացնեն: Նրա խոսքերով՝ «Կարո՞ղ է ձեր թշնամին եմ: Ես էլ եմ գյուղացի, գիտեմ, որ առանց ջրի շատ դժվար է: Որ մեր տան ջուրը մի ժամով կտրվի՝ տնեցիները պատերազմ կանեն»: Ա. Նալբանդյանի խոստացած ժամկետից արդեն մեկ շաբաթից ավելի է անցել՝ վթարը դեռ չէր վերացել: Ինչպես ավելի ուշ տեղեկացանք գյուղացիներից, ՋՕՄ-ի տնօրենն իր մի քանի աշխատակիցներով գնացել է սար ու հայտնել է, որ այդպես էլ չեն կարողացել գտնել, թե խողովակի որ հատվածում է վթարը եղել:

Գյուղապետարանից որեւէ մեկը չցանկացավ խնդրի առնչությամբ պարզաբանումներ տալ: Գյուղապետ Էդվարդ Օհանյանը խուսափեց հանդիպել ու զրուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել