Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐԵԼԱՎԵՆ

Օգոստոս 21,2007 00:00

\"\"Քաղաքապետարանը հույս ունի, որ մայրաքաղաքում կներդրվի «երթեւեկային» մշակույթ

Երեւանի զարգացման գլխավոր հատակագծի համաձայն, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մայրաքաղաքում սկսվել է երկու անցուղիների եւ երկու ստորգետնյա անցումների շինարարությունը: Ստորգետնյա անցումները պատրաստ կլինեն արդեն սեպտեմբեր ամսին, իսկ անցուղիները՝ տարեվերջին: Այս ծրագրերի արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն թեթեւացնել Երեւանի, հատկապես՝ կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման ԾԻԳ-ի առաջատար մասնագետ Ռուբեն Սրապյանի տրամադրած տեղեկությունների համաձայն, ամենախոշոր անցուղին լինելու է Տիգրան Մեծի-Խանջյան փողոցներինը: Այս դժվար երթեւեկելի հատվածում կառուցվող թունելը ունենալու է 80 մետր երկարություն եւ հնարավորություն է տալու թեթեւացնել Տիգրան Մեծի-Խանջյան ու Ագաթանգեղոս-Խանջյան փողոցների երթեւեկությունը: Անցուղու առկայության պարագայում կրկեսից դեպի Խանջյան փողոց ընթացող մեքենաները թունելով կհատեն Տիգրան Մեծի խաչմերուկը եւ դուրս կգան Խանջյան փողոց: Միաժամանակ, Տիգրան Մեծի փողոցով անցնող տրանսպորտը նույնպես ազատորեն կհատի նույն խաչմերուկը՝ վերգետնյա մասով: Ի դեպ, թե վերգետնյա, թե ստորգետնյա անցումներն ունեն հետիոտնի համար նախատեսված հատվածներ: Այս անցուղու շինարարության արժեքն է մոտ 1,8 միլիարդ դրամ: Աշխատանքների հիմնական մասը՝ մոտ 1,5 միլիարդ դրամի, նախատեսված է իրականացնել ընթացիկ տարում: Շինարարներն ընդհանուր առմամբ գոհ են ընթացող աշխատանքների տեմպերից եւ հավաստիացնում են, որ նախանշված ժամկետում, ասել է թե տարեվերջին, աշխատանքների հիմնական մասն ավարտված կլինի: Պարզապես, հընթացս ի հայտ են գալիս նաեւ սուբյեկտիվ դժվարություններ՝ չնախատեսված էլեկտրական կամ հեռախոսային կաբելներ, ստորգետնյա շերտերում ջրագծեր կամ գազի խողովակներ, որոնց առկայության մասին պատկան մարմիններում տեղեկատվությունը բացակայում է (դրանք որեւէ պատկան մարմնում գծագրված չեն):

Հաջորդը Հերացի, Կորյուն, Նալբանդյան, Չարենցի փողոցների տրանսպորտային հանգույցի շինարարությունն է: Այս շինարարության առաջին փուլով Հերացի փողոցը կկապվի Խանջյան փողոցի հետ՝ Գետառի հունի վերակառուցմամբ: Հանգույցը կապահովի տարանցիկ երթեւեկություն Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց՝ բեռնաթափելով Հերացի, Խանջյան, Նալբանդյան, Ալեք Մանուկյան փողոցների երթեւեկությունը: Այսպիսով, Թումանյան փողոցի խաչմերուկից Հերացի փողոց եկող մեքենաները կանցնեն Գետառի հունով կառուցվող ճանապարհով, Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկի տակով եւ դուրս կգան Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկ: Հերացի փողոցից եկող մեքենաները Խանջյան- Սայաթ- Նովա- Հանրապետություն փողոցների տակով անցնող ստորգետնյա թունելով դուրս կգան Թումանյան խաչմերուկ: Ի դեպ, Գետառը վերցվելու է փակ երկաթբետոնե ջրանցքի մեջ, ինչի չափսերը, ըստ մասնագետների, թույլ կտան ապահովել վերջին 50 տարում արձանագրված հեղեղումների բացթողումը: 1, 7 միլիարդ դրամ արժեցող այս հսկայածավալ շինարարությունը նույնպես նախատեսվում է ավարտել տարեվերջին:

Ինչպես նշեցինք, քաղաքի զարգացման ծրագրում ներառված է նաեւ հետիոտնի համար նախատեսված ստորգետնյա անցումների կառուցում: Դրանցից մեկը կառուցվում է Վարդանանց- Խանջյան փողոցների խաչմերուկում: Այն կունենա 34 մետր երկարություն, 17 մետր լայնություն եւ չորս մուտք: Այդպիսով՝ կապահովվի հետիոտնի համար անվտանգ անցում, հատկապես «Վերնիսաժի» աշխատանքային՝ շաբաթ եւ կիրակի, օրերին: Անցումի արժեքը մոտ 800 միլիոն դրամ է:

Մյուսը՝ Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում կառուցվող ստորգետնյա անցումն է՝ 56 մետր երկարությամբ, 15 մետր լայնությամբ եւ նույնպես չորս մուտքով: Այն նախատեսվում է հատկապես այդ հատվածում կենտրոնացած բուհերի ուսանողների անվտանգ անցումն ապահովելու համար:

Թեեւ ծրագրով նախատեսված է անցումների շինարարությունն ավարտել ընթացիկ տարվա վերջում, քաղաքապետարանում խոստանում են այս անցումների շինարարական աշխատանքները ավարտել մինչեւ ուսումնական տարվա սկիզբը՝ սեպտեմբերի 1-ը:

Այս հսկայածավալ շինարարական աշխատանքները Երեւանի քաղաքապետի հանձնարարականով մշակած համալիր ծրագրի մի մասն են ընդամենը: Սրանցից բացի եւ սրանց զուգահեռ՝ տեղադրվել են եւ տեղադրվելու են նոր լուսացույցեր եւ այլն:

Այս ամենից հետո մնում է միայն հուսալ, որ երթեւեկության բարելամանն ուղղված ծրագրերի իրականացմանը զուգահեռ՝ կբարձրանան մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի կարգապահությունն ու «երթեւեկային» մշակույթը. փողոցը կարմիր լույսի տակ չենք հատի ու հանուն բոլորիս անվտանգ երթեւեկի՝ չենք զլանա մի քանի աստիճան իջնել-բարձրանալ՝ ստորգենտնյա անցումով անցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել