Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՊԱՐՏՎԻ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Օգոստոս 21,2007 00:00

Օրերս «Առավոտում» թիվ 15 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանը մեր տված հարցին, թե հնարավո՞ր է, որ Վահագն Պետրոսյանն այս անգամ էլ իր օգտին ինքնաբացարկ հայտարարի՝ պատասխանել էր. «Ես կհրաժարվեմ, որ ինքը նույնիսկ մոտենա ինձ…

Ես իրեն որպես լուրջ մրցակից չեմ էլ դիտել: Հիմա էլ ոչ իրեն խնդրել եմ, որ դնի թեկնածությունը, ոչ էլ խնդրելու եմ, որ հանի»: Սա Վ. Պետրոսյանին դուր չի եկել, եւ մեր թերթի միջոցով նա հակադարձում է Մանուկյանին։ «Նա իր հայտարարությամբ ուղղակի վկայում է, որ անհարգալից է վերաբերվում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ով ի պատասխան Հանրապետական կուսակցության օգտին իմ հրաժարականի, Թալին քաղաքի հրապարակում հրապարակայնորեն շնորհակալություն հայտնեց»: Ապա ավելացրեց. «Իր ապերախտ հայտարարությամբ Խ. Մանուկյանը ապացուցում է, որ տարոնականությունը ուսմունք չէ բոլորի եւ իր նմանների համար»: Անդրադառնալով քարոզարշավին՝ պրն Պետրոսյանը նշեց, որ թեեւ իր նկատմամբ ուղղակի ճնշումներ չեն եղել, սակայն թեկնածուների թույլ տված խախտումները հոգեպես եւ բարոյապես ճնշում են իրեն. «Հանրապետական նշանակության ճանապարհներին մրցակիցներիս նկարները հարյուրավոր օրինակներով փակցված են, այդ ճանապարհները գտնվում են տրանսպորտի եւ կապի նախարարության հաշվեկշռում, եւ իրենց նկարների գովազդման համար պիտի վճարեին, սակայն խախտել են այս կարգը, որի համար ընտրատարածքային հանձնաժողովը պիտի հայց ներկայացներ դատարան ու նրանց զրկեր գրանցումից»: Խախտումների շարքին դասեց նաեւ այն, որ «հանրապետական ու դաշնակցական դպրոցի տնօրեններն ազդում են իրենց կոլեկտիվների վրա, ում հետ խոսում ես, ասում է՝ իմ տնօրենն է, իմ գյուղապետն է, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գյուղապետարանները դարձրել են իրենց շտաբները»: Վերջում թեկնածուն նշեց, որ այս իրավիճակում իր ընտրվելու հնարավորությունները շատ քիչ է գնահատում. «Սակայն դա չի նշանակում, որ ես պարտվում եմ, դա կնշանակի, որ պարտվեց հայ մարդը, հայկականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել