Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեհարազատ ռեժիմներ

Օգոստոս 21,2007 00:00

«Ավտորիտար» կամ «կիսաավտորիտար» մակդիրներով բնութագրվող հետխորհրդային երկրներում տեղի ունեցող զուգահեռ գործընթացները երբեմն ապշեցնում են իրենց նմանությամբ՝ ստիպելով մտածել, որ դրանք եթե չեն համադրվում, ապա առնվազն ոգեշնչվում են միեւնույն կետից:

Նախօրեին Բելառուսի Բրեստ քաղաքում իր հեղինակած «Նամակներ անտառից» գրքի շնորհանդեսի ժամանակ ձերբակալվել է այդ երկրի ընդդիմադիր երիտասարդական շարժման առաջնորդ, նախկին քաղբանտարկյալ (թերեւս, այժմ արդեն՝ ներկա) Պավել Սեւերինեցը: Վերջինիս հետ միասին ձերբակալվել է նաեւ հիշյալ միջոցառմանը ներկա գտնվող ավելի քան 30 մարդ: Իրավապահներն իրենց գործողությունները բացատրել են ստացված «անանուն զանգով», ըստ որի՝ շնորհանդեսականների հավաքատեղիում, իբր, հանցագործներ կան: Եվ չնայած այն հանգամանքին, որ հանցագործներ չեն գտնվել, ձերբակալվածներին երեկ երեկոյի դրությամբ դեռ բաց չէին թողել:

Եթե նկատեցիք, նմանությունները հայաստանյան իրողությունների հետ ուղղակի աչք են ծակում: Այստեղ եւս, որոշ ժամանակից ի վեր, ռեժիմի համար անհաճո քաղաքական գործիչներին հասարակությունից մեկուսացնում են բացարձակապես առանց որեւէ հիմքի (օրինակ՝ ԱԳ նախկին նախարար Ա. Արզումանյանին): Նմանությունները, սակայն, սրանով չեն սահմանափակվում: Օգոստոսի 18-ին Բելառուսի նույն՝ Բրեստի շրջանի Կոսսովո (չշփոթել բալկանյան Կոսովոյի հետ) բնակավայրում ձերբակալվել են ընդդիմադիր մեկ այլ կազմակերպության երիտասարդական թեւի մի շարք անդամներ, եւ դարձյալ՝ առանց որեւէ լուրջ հիմնավորման: Պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել «անցենզուր հայհոյախոսություն» մեղադրանք-շտամպը, որը շատ է հիշեցնում 2003 թվականին Հայաստանի իրավապահների կողմից նույն հաջողությամբ հրապարակ նետված «զազրախոսություն՝ իշխանությունների հասցեին» ունիվերսալ իրավական անհեթեթությունը: Իսկ եթե այս ամենին գումարենք նաեւ այն հանգամանքը, որ «հայհոյախոսողներին» զանգվածաբար դատելու համար Բելառուսում մոբիլիզացվել է դատավորների մի պատկառելի բանակ (վերջիններիս երկրի հեռավոր շրջաններ տեղափոխելու համար պետությունը տրանսպորտային հատուկ միջոցներ է հատկացրել), ապա պարզ է դառնում, որ, ինչպես նշեցինք այս հրապարակման սկզբում, ավտորիտար ռեժիմները թեեւ «մի տնից չեն», բայց «մի հալի են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել