Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»

Օգոստոս 21,2007 00:00

\"\"Այս կարծիքին է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը համոզված է, որ երկրի ապագայի համար իր կուսակցության ղեկավարը նախագահի միակ արժանի թեկնածուն է:

– «Ժառանգություն»-ը խորհրդարանական կարճ կենսագրություն ունեցող խմբակցություն է, սակայն արդեն հասցրել եք եւ ձեր պատգամավոր ընկերների, եւ լրագրողների մոտ տպավորություն ստեղծել, որ դուք ամենից ակտիվ, շատախոս, բոլոր հարցերին արձագանքող խմբակցությունն եք, երեւի չի եղել մեկ հարց, որի շուրջ դուք ամբողջ խմբակցությամբ ելույթներ չունենաք կամ չարձագանքեք. արդյոք ձեր էներգիան կհերիքի՞ նաեւ աշնանային նստաշրջանում այդպես թափով աշխատել: Աշնանային նստաշրջանում ձեր խմբակցության մարտավարությունը նո՞ւյնն է լինելու:

– Նախ ասեմ, որ բոլորովին էլ անփորձությունից չէր, որ մենք հենց առաջին օրից մեզ այդպես դրսեւորեցինք. եթե հիշում եք, ոմանք ակնարկներ արեցին մեր անփորձության մասին: Պարզապես մենք հավատարիմ ենք պատգամավորի կոչմանը, եւ իսկական պատգամավորը հենց այդպիսին պետք է լինի եւ ակտիվ աշխատի: Հիմա ավելի շատ եմ զարմանում, որ եւ հնաբնակ պառլամենտականները, եւ մեր ընդդիմադիր մյուս գործընկերները խորհրդարանում լավագույնս չօգտագործեցին ընձեռված այս հնարավորությունը՝ ցույց տալու, որ խմբակցության փոքր թվով կարելի է բարձրացնել բոլոր այն հարցերը, որոնք հուզում են հասարակությանը, ժողովրդին։ Կարծում եմ՝ դրանք պետք է գոնե բարձրաձայնել, հրապարակայնացնել, որ ժողովուրդը լսի, թե խորհրդարանում ինչ է կատարվում: Ինչ էինք մենք տեսնում մինչ այդ՝ օրենքը ներկայացվում էր, առանձնապես քննարկում չէր լինում, եւ կոճակը սեղմելով՝ ընդունվում էին օրենքները: Մենք, իհարկե, շարունակելու ենք նույն ոգով, որովհետեւ սա նշանակում է հավատարիմ մնալ պատգամավորի կոչմանը, մեր ժողովրդի տված քվեին, ձայնին: Ինչով կարող ենք՝ ուզում ենք օգտակար լինել, թեկուզ հարցերը բարձրացնելով, լսելի եւ քննարկելի դարձնելով, որովհետեւ քննարկման ընթացքում է ծնվում օրենքների ճիշտ ձեւակերպման համար առավել ընդունելի տարբերակը։ Իսկ այնպիսի «փորձառու», ինչպիսիք են հնաբնակ պատգամավորները, մենք չենք էլ ուզում լինել:

– Դուք քիչ եք՝ յոթ պատգամավոր, ինչքա՞ն եք դիմանալու:

– Յոթ տեսակետն արդեն տեսակետ է, յոթ կարծիքն արդեն հզոր ուժ է: Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ընդամենը յոթ հարց եղավ, յոթ ելույթ եղավ, իսկ մնացածը պարզապես սեղմեցին կոճակները, այսինքն՝ յոթը քիչ չէ:

– Ի՞նչ եք անելու, եթե քաղաքացիության հարցն արգելք դառնա Րաֆֆի Հովհաննիսյանի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրմանը:

– Անչափ տխրելու ենք, ինքս անձամբ ընդվզում եմ այդ անարդար փաստի դեմ, բայց մյուս կողմից էլ՝ այս պահին մենք զբաղված ենք թիվ 15 ընտրատարածքում ընտրություններով, եւ մեր մտահոգությունները կապված են այս ընտրությունների հետ: Իսկ միասնական թեկնածուի տարբերակը մեզ համար դեռ որոշակի ընդգծված չէ, բայց, իհարկե, անձամբ ես երազում եմ այն պատմական պահը, երբ մեր կուսակցության առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, կառաջադրվի եւ կգրանցվի որպես նախագահի թեկնածու: Սա տեսլական է, սա Հայաստանի ապագան է: Եթե ուզում ենք ունենալ այն երկիրը, որի մասին երազում ենք, որտեղ ամեն մարդ իրեն ապահով կզգա եւ կապրի արժանապատիվ, օրենքի գերակայություն ունեցող երկրում, ուրեմն Րաֆֆի Հովհաննիսյանն այլընտրանք չունի:

– Սակայն այլ անուններ եւս շոշափվում են, խոսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին. դուք անձամբ ինչպե՞ս եք վերաբերվում առաջին նախագահի վերադարձի հավանականությանը:

– Ճիշտն ասե՞մ, չունեմ տեսակետ, պարզապես չունեմ, որովհետեւ չեմ ուզում վերծանել այդ քաղաքական գործչի պահվածքը վերջին 8 տարում, չգիտեմ՝ այսօր ինքը ինչպե՞ս պիտի ներկայանա, ի՞նչ պիտի ասի, ինքը ասելիք ունի՞, թե՞ ոչ, վերջին 8-10 տարում ո՞ւր էր, ո՞վ էր, որտե՞ղ էր մեր ցավի, մեր ողբերգության ժամանակ: Ես, որպես պատգամավոր, այսօր այդ մասին ասելիք չունեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել