Արոնյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը
Մայնցում ավարտվեց արագ շախմատի՝ այսպես կոչված «Ֆիշերի շախմատ-960», 20-րդ կարգի հեղինակավոր մրցաշարը, որը համարվում է նաեւ աշխարհի փոքր առաջնություն:
Չորս գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ֆրանսիացի Էտյեն Բակրոն եւ ուզբեկ Ռուստամ Կասիմջանովը, նախ միմյանց միջեւ երկու շրջանով անցկացված պայքարում որոշեցին մրցաշարային աղյուսակում իրենց դասավորությունը: Վեց հնարավորից վաստակելով 4,5 միավոր՝ Արոնյանը դարձավ միանձնյա առաջատար: Մյուս գրոսմայստերները դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. Անանդ՝ 4,0, Բակրո՝ 2,0, Կասիմջանով՝ 1,5:
Ըստ կանոնակարգի, այնուհետեւ Արոնյանն ու Անանդը միմյանց միջեւ չորս պարտիաներում պետք է որոշեին չեմպիոնին (Լեւոնն անցած տարի հաղթել էր ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին): Իսկ հավասարության դեպքում նրանք պետք է երկու պարտիայից բաղկացած թայ բրեք խաղային: Եվ հենց այդպես էլ եղավ: Հիմնական մրցապայքարում գրանցվեց 2:2 հաշիվ: Սակայն լրացուցիչում Հայաստանի վերջին տարիների լավագույն մարզիկը՝ Լեւոն Արոնյանը, 1,5:0,5 (ընդհանուր հաշիվը՝ 3,5:2,5) հաշվով առավելության հասավ ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Վիշվանաթան Անանդի նկատմամբ եւ երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց «Ֆիշերի շախմատ-960»-ի աշխարհի չեմպիոն: