ԿԳ նախարարը երեկ խոստացավ, որ անհրաժեշտության դեպքում այդ քայլին էլ կդիմի
Այսօր բուհերում արդեն փակցված են ընդունելության քննությունների արդյուքներն ամփոփող ցուցակները: Իսկ երեկ ժամը 22:00-ից www. gtech.am կայքում տեղադրվել են ընդունելության քննությունների անցողիկ միավորների ցուցակները: Հանրապետական ընդունող հանձնաժողովում երեկ կազմակերպված ասուլիսին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ամփոփեց քննությունների այս տարվա արդյունքները: Նա կրկին հայտնեց իր՝ բազմիցս հնչեցրած գոհունակությունը, թե հանձնաժողովները քննական առաջին իսկ օրվանից աշխատել են նույն չափանիշներով, թե իրենց հաջողվել է իջեցնել բոլոր մասնագիտությունների գծով անցումային շեմը: Սակայն Լ. Մկրտչյանը չթաքցրեց, որ էլիտար մասնագիտությունների նկատմամբ այս տարվա դիմորդների հետաքրքրության պակասը շատ բան չի փոխել: «Ճգնաժամային վիճակ է նկատվում քիմիա առարկայի գծով: Այստեղ կա դիմորդների թվի պակաս: Նույնիսկ դիմում-հայտերով չեն լրացվել հատկացված տեղերը: Այդպիսի իրավիճակ է Վանաձորում, ԵՊՀ-ում, երբ 25 տեղ է հատկացվել այս մասնագիտության գծով, բայց միայն 18-ն է լրացվել»,-շեշտեց նախարարը: Անմխիթար վիճակում են նաեւ գերմաներենը եւ ֆրանսերենը: «Մարզերից լուրջ ճնշումներ ունենք՝ որոնց համաձայն ծնողները ցանկանում են, որ այդ լեզուների փոխարեն մրցութային դարձվի անգլերենը»,- նշեց Լ. Մկրտչյանը: Նա հպարտորեն հայտարարեց, որ քննությունը հետաձգած դիմորդներն ավելի ցածր միավորներ են գրանցել, քան մյուսները: Նախարարը հավաստիացրեց, որ դա իբր պայմանավորված է իրենց խստապահանջությամբ: Լ. Մկրտչյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք շուրջ 870 տեղ ավելացրել են առանց տարկետման իրավունքով ընդունվելու համար եւ պահուստային ֆոնդից՝ շուրջ 100 վճարովի եւ անվճար տեղեր:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն էլ տարբեր մասնագիտությունների գծով գրանցված մրցութային միավորներին վերաբերող նախնական տվյալներ ներկայացրեց: Ըստ դրանց՝ մասնագիտությունների մեծամասնության գծով անցողիկ շեմի անկում է գրանցվել: Այդ շեմը բարձրացել է լրագրություն, ռուս բանասիրություն մասնագիտությունների գծով: Ռեկորդային անկում է նկատվում Մանկավարժական համալսարանի ինֆորմատիկա մասնագիտության անցողիկ միավորներում: Այն իջել է 7-ով: «Իջեցվածների» թվում է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը, որտեղ անցողիկ շեմն իջել է 5 միավորով, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 1-ով: «Իջեցված» էլիտար ֆակուլտետների ցուցակը գլխավորում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը, որտեղ անցողիկ շեմն իջել է 2.5 միավորով, քաղաքագիտությունը՝ 2-ով, տնտեսագիտությունը՝ 1-ով: Տնտեսագիտական համալսարանի «ամենաէլիտար» բաժինը եւս միավորների կորուստ է տվել՝ անցողիկ շեմն իջել է 0.5 միավորով:
Լրագրողները, հակառակ նախարարի գոհունակությանը, կրկին հիշեցրին, թե ինչ էր կատարվում քննասենյակներում: Օրինակ՝ գրականության քննության ժամանակ դիմորդները, սովորության համաձայն, շփոթում էին հայ գրողներին: Իսկ նախարարը պատասխանեց. «Ամեն ինչ համեմատության մեջ պիտի դիտարկել: Չէ՞ որ պատահում է, որ Հարվարդի համալսարանի ուսանողներն էլ իրենց գրականության մեծերին չեն ճանաչում»:
Բացի գիտելիքների հետ կապված խնդիրներից, քննաշրջանի ընթացքում հաճախ կարելի էր լսել «քննակաշառքների» մասին: Նույնիսկ ծնողները գիտեին, թե որ հանձնաժողովին ինչ գնահատականի համար որքան գումար պետք է վճարվեր: «Առավոտը» նախարարին փոխանցեց ծնողների այն դժգոհությունը, թե այս տարի էլ ավելի մեծ էր հանձնաժողովականների հետ գործարքի մեջ մտնելու անհրաժեշտությունը, քանի որ բավականին բարդացվել էին տարբերակները՝ հատկապես մաթեմատիկայի գծով: Նախարարը հավաստիացրեց. «Եթե կոնկրետ մեղադրանք, կոնկրետ դիմումով ներկայացվի, թե այսքան կաշառք է տրվել այս անձին, թեկուզ տասնյակ դեպքեր էլ լինեն, պատրաստ եմ նույնքան էլ քրեական գործ հարուցել»: