Արջ ու հովազի որսի սիրահար պաշտոնյաներին նախարարությունը թույլատրում է անսահմանափակ քանակությամբ որսալ միայն ագռավներ, կաչաղակներ ու նման մանր-մունր կենդանիներ:
«Մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ որսորդ է եւ հատկապես սիրում է բադի որսը, իսկ վարչապետն ավելի շատ սիրում է ոչ թե բուն որսը, այլ՝ որ որսից հետո նստում են՝ հաց են ուտում, զրուցում: Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանն էլ շատ լավ կրակում է: Որսատեղին միակ տեղն է, որտեղ նախագահն ու բանվորը միասին նստում՝ հաց են ուտում ու դառնում հավասար մարդիկ»,- այս մասին երեկ «Տեսակետ» ակումբում պատմեց «Հայ որսորդների ազգային դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Գրիգորյանը:
«Առավոտի» հարցին՝ նախարարներից ու պատգամավորներից ովքե՞ր են ակտիվ որսորդությամբ զբաղվում եւ ի՞նչ են սիրում որսալ՝ պարոն Գրիգորյանը պատասխանեց, որ մեր գրեթե բոլոր նախարարներն էլ որսի սիրահար են, օրինակ՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հին որսորդներ են: Պատգամավորներից էլ Գ. Գրիգորյանն առանձնացրեց Գագիկ Ծառուկյանին, ասելով՝ «Գագիկը դեռ Գագիկ չէր, Գագիկը դեռ դեպուտատ չէր, որ արդեն որսորդ էր»: Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ Գ. Ծառուկյանը հիմնականում սիրում է արջ որսալ՝ հ/կ-ի նախագահը պատասխանեց՝ «նա ամեն ինչ էլ սիրում է որսալ՝ սկսած ամենափոքր կենդանուց մինչեւ ամենամեծը»: Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանին, որը Որսորդական միության անդամ է, ըստ Գ. Գրիգորյանի, նա կազմակերպության մեջ ընդգրկվել է ավելի շատ զենք ունենալու համար, քան որսի գնալու, որսորդություն անել այդքան էլ չի սիրում: Լինո՞ւմ են դեպքեր, երբ նախարարներն ու պատգամավորները որսի շրջանից դուրս որսի են գնում կամ արգելված կենդանու որսում՝ Գ. Գրիգորյանը այսպես սկսեց արդարացնել օրինախախտ պաշտոնյաներին. «Մեկ-մեկ ասում են՝ այսինչ նախարարը գնաց-կենդանի խփեց, ես էլ, որպես որսորդ, ասում եմ՝ դե լավ, թող մի հատ էլ խփի, ամեն օր իրա կաբինետում նստած է, սաղ օրը աշխատանքի մեջ, մեղկ ա, էլի»:
Ներկայումս Հայաստանում կա գրանցված 25 հազար որսորդ: Պարոն Գրիգորյանը նշեց, որ նրանց հազիվ 5 տոկոսն է զբաղվում որսորդությամբ, որը երկրի կենդանական աշխարհի պահպանման առումով լավ է: Սակայն նկատենք, որ որքան էլ բնապահպանության նախարարությունը փորձի վերահսկողություն իրականացնել, տեսուչները չեն հասցնի հետեւել, թե, ասենք, Զանգեզուրի անտառներում ինչ-որ գյուղացի օրական քանի եղնիկ ու աղվես է սպանում:
Այսօրվանից սիրողական որսաշրջանը բացվում է, եւ նախարարությունն արդեն հրապարակել է թույլատրվող որսատեսակների ցանկը: Ըստ այդ ցանկի, ամենաշատը թույլատրվում է որսալ լոր՝ 25 հազար հատ, ընդ որում՝ յուրաքանչյուր որսի ժամանակ 15 հատից ոչ ավելի: Այսինքն՝ սահմանված կարգի համաձայն, մարդը կարող է սկզբում որսալ 15 հատ լոր, դրանք տանել տուն, նորից գնալ որսի եւ 1 օրվա ընթացքում 100-ից ավելի լոր որսալ: Հոկտեմբերի 6-ից մինչեւ տարեվերջ՝ որսորդները կարող են նաեւ մինչեւ 2000 հատ աղավնի ու քարակաքավ որսալ, մինչեւ 500 հատ էլ՝ նապաստակ, բայց յուրաքանչյուր որսի ժամանակ՝ 2 հատից ոչ ավելի: Աղվեսներ նույնպես թույլատրվում է որսալ մինչեւ 2000 հատ՝ սկսած նոյեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը: Նախարարությունից հատուկ ընդգծել են, որ սիրողական որսաշրջանի ընթացքում որսորդները կարող են որքան ուզում են՝ թափառող շուն որսալ, իրենք այդ մասով որեւէ սահմանափակում չեն դնում: Անսահմանափակ քանակությամբ թույլատրվում է նաեւ որսալ գայլեր, շնագայլեր, կատուներ, ջրառնետներ, կաչաղակներ ու ագռավներ:
Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գլխավոր մասնագետ Արթուր Բեգլարյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ եթե շարքային քաղաքացին խախտի որսի կանոնները՝ 30-50 հազար դրամ տուգանք կստանա, գործիքներն էլ կբռնագրավեն, իսկ եթե նույն խախտումներն անեն պաշտոնյաները՝ տուգանքի չափը կկազմի 50-100 հազար դրամ: