Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՞Ն

Օգոստոս 18,2007 00:00

\"\"Գուրգեն Եղիազարյանը նախագահական ընտրություններում ընդդիմության հաղթանակի համար այս տանդեմը միակ երաշխիքն է համարում:

2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր դաշտի առանձին ուժերի միջեւ խորհրդակցություններ եւ բանակցություններ են ընթանում՝ միասնական թեկնածուով հանդես գալու համար: Հայտնի է, որ նման հավակնություն ունեցող քաղաքական գործիչների թիվը հե՛նց ընդդիմադիր դաշտում մոտ մեկ տասնյակի է հասնում, որոնցից միայն 4-5-ն են հայտարարել իրենց առաջադրման մասին: Այդ թվում ամենաշատը, հատկապես վերջին շրջանում, մատնանշվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, թեեւ նա այդ առնչությամբ որեւէ հայտարարություն չի արել: Առավել եւս նրա առաջադրման անորոշության պարագայում քաղաքական շրջանակներում մտավախություն կա, որ ընդդիմությունը, ընդհուպ մինչեւ նախագահական ընտրությունների նախընտրական փուլը, կարող է միասնական թեկնածուի շուրջ այդպես էլ հայտարարի չգա: Ինչպիսի՞ զարգացումներ կլինեն այն դեպքում, եւ եթե այս անգամ էլ առաջադրվեն ընդդիմադիր մի քանի թեկնածուներ: Այս հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Եթե այդ կանխատեսումը հանկարծ իրականություն դառնա՝ մենք նորից կունենաք կեղծված ընտրություններ, եւ իշխանությունը կվերարտադրվի, ինչը կանխելը պետք է լինի մեր՝ հասարակության եւ ընդդիմության, գերագույն նպատակը: Եթե հանկարծ այս իշխանությունը վերարտադրվի՝ մենք, իրոք, կորցնելու շատ բան կունենանք»:

Ըստ Գ. Եղիազարյանի, նախագահի ընտրությունը Հայաստանի համար ոչ միայն ներքաղաքական՝ ժողովրդավարության, իրավական պետություն կառուցելու, ազատ շուկայական տնտեսություն ձեւավորելու, այլեւ արտաքին քաղաքականության՝ աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր է լուծելու:

Գ. Եղիազարյանը, որն այս տարվա մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր ժամանակներ» կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականում էր, մեր զրույցի ժամանակ թվարկեց ՀՀ նախագահի համար իր տեսանկյունից անհրաժեշտ մի քանի չափորոշիչները՝ հայամետ, մարդ, որը ոչ միայն խոսում, այլեւ մտածում է հայերեն, պատրաստված եւ ընդունված լինի միջազգային հանրության կողմից: Հակառակ դեպքում որեւէ այլ թեկնածու, նրա ձեւակերպմամբ՝ «էքսպերիմենտալ» կլինի. «Մենք էքսպերիմենտի ժամանակ չունենք, սա լաբորատորիա չէ, սա երկիր է: Իսկ Սերժ Սարգսյան նախագահն ուղղակի էքսպերիմենտ է: Մեր երկիրը հաստատակամ, հուժկու բռունցքով եւ կամքով ու երկաթյա տրամաբանությամբ նախագահի պահանջ ունի»:

Որպես այդպիսի հատկանիշներով օժտված հավանական թեկնածու, Գ. Եղիազարյանը մատնանշեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի անունը:

Մեր այն դիտարկմանը, թե ընդդիմադիր դաշտում, կարծես, շատ քչերն են հակված նրա շուրջ համախմբվելուն, առավել եւս, երբ խոսք է գնում Լ. Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին, պարոն Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ չմտածել, որ չկա՛ն հավերժական թշնամիներ եւ հավերժական դաշնակիցներ՝ հատկապես քաղաքականության մեջ: Մեր պատմության ընթացքում արդեն մեկ անգամ Վ. Մանուկյան-Լ. Տեր-Պետրոսյան տանդեմը Հայաստանում ավարտվել է իշխանափոխությամբ՝ 1988-90թթ.-ին: Ավարտվել է ոչ միայն իշխանափոխությամբ, այլեւ՝ հասարակական կացութաձեւի փոփոխությամբ: Իսկ հիմա ինչո՞ւ չմտածենք, որ այդ նույն տանդեմը կազատի մեզ ղարաբաղյան կլանից»: Գ. Եղիազարյանը չբացառեց ոչ միայն ՀՀ առաջին նախագահի առաջադրման հնարավորությունը, այլեւ՝ վերջինիս եւ Վ. Մանուկյանի համագործակցությունն առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ՝ միաժամանակ հավելելով, որ, նախ՝ պետք է իմանալ՝ Լ. Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ:

Նկատի ունենալով հայաստանյան ներքաղաքական ներկայիս իրողությունները, այդ թվում՝ նաեւ հասարակական կարծիքը նախկին նախագահի վերաբերյալ, Գ. Եղիազարյանը կարծիք հայտնեց, թե Լ. Տեր-Պետրոսյանը «հայ ժողովրդի զավակն է, եւ այս վիճակը, որ տիրում է երկրում, պետք է որ նրան շատ մտահոգի, եւ, կարծում եմ՝ նա կառաջադրվի»:

Երբ խոսվում է ՀՀ առաջին նախագահի առաջադրման հնարավորության մասին, նախեւառաջ ընդգծվում է, որ այդ պարագայում նա կարող է ստանալ պետական, վարչական ռեսուրսների գոնե մի մասի աջակցությունը, ուժային կառույցներում երկընտրանք ստեղծել: Արդյո՞ք Գ. Եղիազարյանը եւս կարծում է, որ դա գործուն մեխանիզմ կարող է լինել վարչական լծակներ ունեցող Սերժ Սարգսյանի հետ մրցակցելու եւ նրան հաղթելու համար: «Մենք ականատես ենք եղել, թե Հայաստանում իրադրությունն ինչպես է փոխվել վայրկյանների ընթացքում, ինչպես դա եղավ 1998թ.-ին, երբ ընդամենը 1 ժամվա ընթացքում ՀՀ խորհրդարանը դարձավ «երկրապահ»: Շատերը, ովքեր նախկինում աշխատել են Տեր-Պետրոսյանի, հետո՝ Ռ. Քոչարյանի եւ պատրաստվում են աշխատել նաեւ Սերժ Սարգսյանի հետ, մարդկանց նույն կորիզն է, նույն առանցքը: Ինչո՞ւ չմտածել, որ այդ մարդիկ իրենց մասին մտածելով, իսկ իրենք իրենց մասին լավ են մտածում, անմիջապես նորից կուզենան աշխատել Տեր-Պետրոսյանի հետ»,- հռետորական հարցադրում արեց նախկին պատգամավորը:

Բայց հարկ է, թերեւս, նկատել, որ պարոն Եղիազարյանի մատնանշած պետական չինովնիկները ժամանակին այդպես են վարվել՝ ելնելով ուժեղի կողքին լինելու ինքնապաշտպանական բնազդից: Հիմա Լ. Տեր-Պետրոսյանն իշխանություն, վարչական լծակներ, գոնե առայժմ՝ նաեւ հասարակական աջակցություն չունի: Ինչո՞ւ պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնողները պետք է հակվեն Տեր-Պետրոսյանի կողմը:

«Կարծում եմ, որ եթե սեպտեմբերին Տեր-Պետրոսյանն ու Վ. Մանուկյանն իրար կողք կողքի կանգնեն հարթակում, երկրորդ հանրահավաքի ժամանակ հարթակի դիմաց կանգնած կլինի կես միլիոն մարդ»,- վստահեցրեց նա՝ հավելելով, որ այդ պարագայում վարչական ռեսուրսներին տիրապետողներն անմիջապես ենթագիտակցորեն կհասկանան, որ գնացքից թռչելու ժամանակն է:

Իսկ ի՞նչ կեցվածք կորդեգրեն նախագահի մնացած հավանական թեկնածուները: Գ. Եղիազարյանի համոզմամբ՝ «մնացած հավանական թեկնածուներից ամեն մեկը քաջ գիտակցում է, որ ինքն առանձին միանշանակ չի շահելու, իսկ առաջադրման դեպքում՝ ուղղակի օգնելու է Սերժ Սարգսյանին նախագահ դառնալ»:

Ի դեպ, նա բացառեց շրջանառվող այն կանխատեսումը, թե նույն ԱԺՄ-ն «Ժառանգություն» կուսակցության եւ ՀՅԴ-ի հետ առաջիկա ընտրություններից առաջ կարող է համատեղ ձեւաչափ ստեղծել:

Այդուհանդերձ, քաղաքական դաշտում Վ. Մանուկյանի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրման մասին խոսելիս շատերն արձանագրում են, որ նա 1998-ից ի վեր ընտրություններում միշտ զրո կամ մեկ տոկոս քվե է ստացել, ԱԺ վերջին ընտրություններին չի մասնակցել ու հիմա եկել՝ ուզում է նախագահ դառնալ: Լ. Տեր-Պետրոսյանի մասին ասում են՝ նա 10 տարի լռել է, ՀՀ-ի համար կենսական խնդիրների շուրջ նրա ծրագրերի, դիրքորոշումների մասին ոչինչ հայտնի չէ, ինչպե՞ս կարող է առաջադրվել: Գ. Եղիազարյանն այս գնահատականները տեղավորեց «բաժանիր, որ տիրես» սկզբունքի շրջանակներում: «Այդ սկզբունքին շատ օգնում են մարդկանց ամբիցիաները: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ բաժանի, ընդդիմության ներքին ամբիցիաներն էլ ստիպում են, որ այդ մասնատումը խորանա: Մինչեւ հիմա այդ սկզբունքն աշխատում էր: Հուսանք, որ այս անգամ չի աշխատելու: Մենք այդ հավակնություններից պետք է ձերբազատվենք»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:

Գ. Եղիազարյանը վերը նշել էր Տեր-Պետրոսյան-Մանուկյան տանդեմի մասին: Հարցրինք՝ նրանց հավանական համագործակցության մասին իր ակնարկը միայն ցանկությո՞ւն է, թե՞ դրա համար օբյեկտիվ նախադրյալներ, տեղեկություններ կան: «Կարծում եմ, Վ. Մանուկյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի համագործակցությունը նաեւ հասարակական պահանջ է՝ այս ամենին վերջ դնելու, այս կլանից ազատվելու համար»,- պարզաբանեց նա: Գ. Եղիազարյանը վստահ էր, որ Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրման, առավել եւս՝ Վ. Մանուկյանի հետ համագործակցության դեպքում անգամ ուժային ու վարչական լծակները Սերժ Սարգսյանին չեն կարող օգնել նախագահ դառնալու եւ իշխանությունը վերարտադրելու գործում. «Դրա ռեալ հնարավորությունը շատ մեծ է, որովհետեւ այս նեխած համակարգը միասնական թեկնածուի առաջադրման պարագայում անմիջապես կսկսի ներսից քայքայվել՝ ինչպես եղավ 1998-ին»: Իսկ եթե Լ. Տեր-Պետրոսյանը չգա՞: Այդ դեպքում, ըստ նախկին պատգամավորի եւ ԱԱՊՎ պետի նախկին տեղակալի՝ իշխանությանը հաղթելը «դժվար է լինելու»: Անհուսալի՞ դժվար: «Դժվար է լինելու»,- մեր հարցին ի պատասխան՝ կրկնեց Գ. Եղիազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել