ՀՀՇ-ն առաջադրելու է Տեր-Պետրոսյանին՝ անկախ վերջինիս կամքի՞ց
Այսօր քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների սիրած թեման է «կառաջադրվի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՝ ոչ»՝ տարբեր վարիացիաներով՝ «հավատում եմ-չեմ հավատում», «ուզում եմ-չեմ ուզում», «պարտավոր է- պարտավոր չէ»: Եվ, ամենայն հավանականությամբ, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի երեկվա հայտարարությունն առ այն, որ ՀՀՇ-ն առաջադրելո՛ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, նույնպես չի խանգարի վերոնշյալ թեմայի զարգացմանը, քանի որ ՀՀ առաջին նախագահն ինքը դեռ ոչինչ չի ասել: Ճիշտ է, պարոն Զուրաբյանը «խորին համոզմունք» հայտնեց, որ «Լեւոն Տեր Պետրոսյանը հակված է մասնակցել քաղաքական գործընթացներին», սակայն մինչ թեկնածությունների փաստաթղթային ամրագրման պահը հասնելը, երբ վերջապես կպարզվի անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, այդ ամենը կմնա միայն ՀՀՇ ղեկավարի «խորին համոզմունքը»:
«Փաստարկ» ակումբում երեկ լրագրողները փորձում էին Արարատ Զուրաբյանից ստանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձին առնչվող բոլոր հարցերի պատասխանները: Մարզերում կայացած խորհրդավոր հանդիպումների մասին հարցին պարոն Զուրաբյանը տվեց չեզոք պատասխան՝ «թիմակիցները հանդիպում են իրար, շոշափում են տրամադրություններ, փորձում են գնահատել միտումները, եւ այդ հանդիպումների ժամանակ չի արտահայտվել տեսակետ, որ Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, իսկ հակառակ տեսակետը բազմիցս է հնչել»: Տեր-Պետրոսյանի վերադարձի հասարակական պահանջի գոյության մասին հարցն արժանացավ հետեւյալ պատասխանին. «Հասարակական պահանջ» հասկացությունը պայմանական է. երբ Կարեն Դեմիրճյանը 1998 թվականին առաջադրվում էր, հասարակական պահանջարկի մասին խոսք չկար: Ոչ ոք չէր կարող ասել, որ կլինի այդպիսի զարգացում եւ այդպիսի իրավիճակ: Կա հասարակական պահանջ՝ փոխելու այս իշխանությունը, տեսնելու իշխանության ղեկը այլ քաղաքական գործչի ձեռքին: Այս իշխանություններին Հայաստանի հասարակությունը չի համակրում եւ չի գտնում, որ սա այն թիմն է, որը պետք է Հայաստանը ղեկավարի եւս 5-10 տարի»:
Ներկայիս իշխանությանը համակրող լրագրողը ցանկանում էր իմանալ, թե ո՞ր կուսակցությունն է կասեցնելու Տեր-Պետրոսյանը, եթե նախագահ դառնա: Արարատ Զուրաբյանը չէր զղջում կուսակցություն փակելու համար. «Այն կուսակցությունը, որը պատրաստվում է ռազմական հեղաշրջում կատարել պետության մեջ, ինչ ժամանակահատվածում ուզում է լինի, նրա գործունեությունը որոշակիորեն պետք է կասեցնել, եւ ակնհայտ է, որ առայսօր այդ կասեցված կուսակցության (հիշեցնենք, որ 1992-ին նախագահի հրամանագրով կասեցվեց ՀՅԴ գործունեությունը՝ վերը նշված պատճառներով, բանտում հայտնվեցին մի շարք դաշնակցական գործիչներ, որոնցից ոմանք առայսօր բանտում են, իսկ ոմանք էլ ԱԺ պատգամավոր են- Մ.Բ.) մի շարք անդամներ ցմահ բանտարկության են ենթարկված, եւ ես կոչ եմ անում այսօր արդեն վերաբացված կուսակցության ներկայացուցիչներին՝ տեր կանգնել իրենց ընկերներին եւ ազատել նրանց, եթե նրանք անմեղ էին, կամ քաղաքական հայտարարություններ անել եւ հիմնավորել, թե ինչո՞ւ են նրանք առայսօր նստած, եթե մենք սխալ ենք եղել նրանց հանդեպ»: Նկատենք, որ այսօրվա իշխանությունը մարդկանց բանտարկում է անգամ համախմբման կոչերի եւ ոչ թե ռազմական հեղաշրջում կազմակերպելու համար: Նույն լրատվամիջոցի տեղեկություններով, հասարակության մի ստվար զանգված մեղադրում է այս իշխանություններին՝ ՀՀՇ-ին պատասխանատվության չենթարկելու համար, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի շուրջ լուրերը ձեռնտու են ներկայիս իշխանություններին, որպեսզի ժողովուրդը, վախենալով նրա վերադարձից, շատ ձայն տա իշխանություններին: Այս տեղեկություններին Արարատ Զուրաբյանը հակադարձեց. «Եթե ՀՀՇ-ն կատարել է որեւէ հանցագործություն, որը կոծկել է Ռոբերտ Քոչարյանը, ուրեմն Քոչարյանը նույնպես հանցագործ է: Իսկ եթե չի կատարել որեւէ հանցագործություն, ուրեմն զրպարտում են, եւ էլի հանցագործ են: Եթե իշխանություններին ձեռնտու լիներ Տեր-Պետրոսյանի վերադարձը, ապա ձեր թերթը՝ ունենալով խիստ իշխանական դիրքորոշում, պետք է որ այդ դեպքում շատ ոգեւորված եւ գոհ լիներ այդ վերադարձով եւ ծափահարությամբ ընդուներ այդ լուրը եւ ոչ թե դժկամությամբ, ինչը որ կա հիմա»:
«Առավոտի» հարցին՝ եթե, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանը որոշի չառաջադրվել, ի՞նչ դիրքորոշում է բռնելու ՀՀՇ-ն, մասնավորապես, կպաշտպանի՞ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, թե՝ ոչ, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Այդ հարցը չեմ ուզում այսօր նույնիսկ քննարկել, որովհետեւ ես համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Ձեր նշած սցենարի դեպքում մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածություն, սակայն, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չի առաջանա»: