Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՀԱՄ-ԳԵՎՈՐ. ԻՆՏՐԻԳԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ

Օգոստոս 17,2007 00:00

Շաբաթ օրը Բեռլինում կայանալու է IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնության համար հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամի եւ Խորեն Գեւորի մենամարտը, որն Աբրահամի համար տիտղոսի 5-րդ պաշտպանությունն է լինելու:

ԶԼՄ-ները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ մենամարտի հանդեպ՝ ոչ միայն դրան տալով բարձր կարգավիճակ, այլեւ հետաքրքիր այլ նրբություններ ներկայացնելով: Նախ, մենամարտը հետաքրքիր է նրանով, որ ռինգում միմյանց դեմ ելնելու են հայազգի երկու նշանավոր բռնցքամարտիկներ: Երկրորդ, դա նաեւ երկու պրոումոթերական ընկերությունների՝ «Sauerland Event»-ի եւ «Universum Box Promotion»-ի անհաշտ դիմակայությունն է, որոնք տարիներ շարունակ պայքարում են Գերմանիայում լավագույնը ճանաչվելու համար:

Երեկ կայացած նախամենամարտային մամուլի ասուլիսում «Sauerland Event»-ի ղեկավար Վիլֆրիդ Զաուերլյանդը նշել է, թե հաջողության հասնելու դեպքում Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի արդեն ԱՄՆ-ում, քանի որ այնտեղ Արթուրի մարտերով շատ են հետաքրքրվում: Բայց եթե դա լինի, Արթուրն այսուհետեւ կարող է քայքայել ոչ միայն ապագա մրցակիցների, այլեւ օդանավակայաններում անվտանգության ծառայությունների աշխատակիցների նյարդերը: Չէ՞ որ մետաղաորսիչներն անվրեպ «նշմարում» են տիտանե թիթեղները, ինչպիսիք դրվել են Արթուրի ծնոտում` Միրանդայի հետ մենամարտից հետո: Դժվար է ասել, թե Գեւորի հետ մենամարտն ինչպե՞ս կավարտվի, բայց վերջինս հավատում է իր հաղթանակին: Գեւորը չի կասկածում, որ չեմպիոնական գոտին լավագույն նվերը կլինի իր կնոջը՝ Նինելին, որը ներկայումս «հետաքրքիր վիճակում» է:

Աբրահամ-Գեւոր մենամարտը նաեւ գերմանացի երկու լեգենդար մարզիչների՝ Ուլլի Վեգների եւ Ֆրից Զդունեկի դիմակայությունն է: Զդունեկը գտնում է, որ իր սանը՝ Խորեն Գեւորը, չեմպիոնի կոչումը նվաճել ի վիճակի է շնորհիվ հիանալի ֆիզիկական պատրաստվածության, որը հնարավորություն կտա հաղթել միավորներով: Հասկանալի է, Վեգներն էլ հավատում է իր սանի հաղթանակին, ինչն իր պատվի գործն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել