Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի մատյանը

Օգոստոս 17,2007 00:00

Սուրեն Միրզոյանի նախաձեռնությամբ ու հեղինակությամբ լույս է տեսել մի կարեւոր աշխատություն, որով նա ուսումնասիրել ու սերունդներին է փոխանցել հայրենի բնաշխարհի պատմությունը, կյանքն ու կենցաղը:

Հեղինակը իր հայրենի եզերքը, չքնաղ լեռնաշխարհը ընթերցողին է ներկայացնում վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը: Ս. Միրզոյանը ստեղծագործական որոնումների սխրանք է կատարել, չի հոգնել խոր ուսումնասիրություններից, չի հիասթափվել խոչընդոտներից, եղել է իր դժվարին առաքելության անխոնջ մշակը, որի արդյունքում էլ ծնվել է այս գիրք- մատյանը:

Աշխատությունը կարեւոր իրադարձություն է ոչ միայն նոյեմբերյանցիների, այլեւ յուրաքանչյուր հայի համար: Այն ընդգրկում է հետազոտական բազմաբնույթ հարցեր՝ միահյուսված տրամաբանական կապով եւ գիտական վերլուծությամբ: Գիրքը գրված է նվիրումով, գործիմացությամբ, հմուտ գրչով, փաստագրական հիմնավորվածությամբ՝ ուշադրությունից դուրս չթողնելով ոչ մի կարեւոր բնագավառ: Հեղինակը ուսումնասիրություններ է կատարել՝ օգտվելով հանրապետական արխիվներից, գրադարաններից եւ եզակի հավաքածուներից:

Չափազանց չի լինի ասել, որ Ս. Միրզոյանի հրատարակած «Կողբոփոր-Նոյեմբերյան» աշխատությունը մեծ ներդրում է հայրենագիտության մեջ: Ս. Միրզոյանը ամբողջացրել է տարածաշրջանի ժողովրդի մշակույթը, ուշագրավ են հատկապես ծիսական նկարագրությունները, եզակի հավաքածուները, գավառական նամակները, հարսանեկան սովորույթներն ու բարքերը, ժողովրդական հավատալիքներն ու բժշկությունը, առած-ասացվածքները, ավանդույթները, հասարակական հարաբերությունները, կենցաղը, վիճակագրությունը, բանահյուսությունը, ազգագրությունը, երգերը, անեծքները, օրհնանքները եւ խոսվածքային բառարանը: Աշխատությունը գրված է հարուստ լեզվաոճական իմացությամբ եւ բարբառային պարզաբանումներով, ինչն էլ ընթերցումը դարձնում է հետաքրքրական:

Ս. Միրզոյանը ուսումնասիրել է Ազգային գրադարանում գտնվող 19-րդ եւ 20-րդ դարասկզբին Թիֆլիսում լույս տեսնող հանդեսները ու լրագրերը եւ հետաքրքիր թղթակցությունները տպագրել սույն գրքում: Նա խորհրդակցել է հնագետների, ազգագրագետների, պատմաբանների եւ այլ բնագավառի մասնագետների հետ, քննարկել, ճշգրտել աշխատությանը վերաբերող հարցերը: Հատկանշական է, որ այս գրքի ամբողջ տպաքանակը անվճար տվել է տարածաշրջանի գյուղերին ու Նոյեմբերյան քաղաքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել