Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Համախմբման կոչերը՝ դատավճռի հիմք

Օգոստոս 17,2007 00:00

Քննարկում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դատավճռի շուրջ

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մի խումբ քաղաքական եւ հասարակական գործիչներ քննարկում էին կազմակերպել: Այն վերաբերում էր «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի հետ կապված աղմկահարույց քրգործի շուրջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռին: Դատապարտվածների համար ստեղծված «Զորակցություն» կոմիտեի անդամ Արմեն Աղայանը, հրապարակելով իրենց հայտարարությունը կայացրած դատավճռի առնչությամբ, հայտարարեց, որ իշխանությունը բռնությամբ գրավելու վերաբերյալ քրգործը փուչիկի պես պայթել է, նույնիսկ այն դեպքում, երբ Վ. Մալխասյանը նշյալ մեղադրանքով է դատապարտվել: «Ժ. Սեֆիլյանի եւ իր ընկերների նպատակը բռնությամբ իշխանափոխություն իրագործելը չի եղել, ամեն ինչ դավադրություն է եղել իշխանությունների կողմից, ընդամենը համախմբման կոչեր են հնչել: Եթե անցած դեկտեմբեր-հունվար ամիսներին լիներ որոշ մարդկանց սկզբունքային դիրքորոշումը, վստահ եմ, որ քրգործը ձգձգված բնույթ չէր կրի եւ այն չէր շարունակվի»,- առանց անուններ տալու՝ հայտարարեց Ա. Աղայանը: Վերջինս քրգործի հորինվածք եւ քաղաքական հետապնդման դրսեւորում լինելու մասին այլ փաստեր էլ բերեց, ըստ որի՝ իշխանություններին քննադատելու համար կարելի է ձերբակալել հարյուրավոր այլ գործիչների: «Ինչի՞ց են վախենում այդ մարդիկ, որ այս ծավալի քրեական գործ են ստեղծում: Ուղղակի երկրում վախի մթնոլորտ է տիրում, սարսափ կա: Ով համարձակվում է Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իշխանության անսասանության միֆը քննադատել, կանխվում է նրանց կողմից»,- եզրակացրեց նա:

Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի ներկայացմամբ՝ նույնիսկ դատարանում ապացուցվեց մեղադրանքների կեղծ ու անհիմն լինելը՝ «Ընդամենը առաջարկ էր եղել, որ պետք է կազմվեն խմբեր, որ ԱԺ ընտրությունների ժամանակ թույլ չտրվեն կեղծիքներ: Հարց է ծագում, եթե մեկը ցանկանում է զավթել իշխանությունը, ինչո՞ւ է այդպիսի խմբեր ցանկանում ստեղծել: Եթե կա իշխանափոխության կոչ, ըստ էության, դա պետք է արվեր խորհրդարանական ընտրությունների միջոցով: Միայն այս փաստը հուշում է, որ այդ ամենը սուտ է»: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը այս առնչությամբ ասաց. «Քրօրում կարող են լինել լավ եւ վատ հոդվածներ: Նրանք կիրառվում են վատ նպատակներով միայն անօրինական իշխանությունների դեպքում: Եթե Հայաստանում կլինեն ժողովրդավարական ճանապարհով ընտրությունների արդյունքում իշխանություն ստացած իշխանություններ, ցանկացած վատ հոդված կմոռացվի, կմնա թղթի վրա եւ չի կիրառվի: Եթե այսօր մենք ինչ-որ չափով համոզենք այս իշխանություններին ջնջել այդ հոդվածը, նրանք կսկսեն կիրառել խուլիգանությունը, նարկոտիկը կամ փողերի լվացումը: Շեշտը դնել ինչ-որ հոդվածի փոփոխության վրա, գուցե գործ է, բայց, իմ կարծիքով, այն գործը չէ, որին կարելի է ծառայեցնել մեր ժամանակը, պետք է շեշտը դրվի անօրինական ճանապարհով իշխանության եկած մարդկանցից ազատվելու վրա»:

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն էլ հայտնեց, որ Քրեական օրենսգրքի հոդվածներն այնպես են կառուցված, որ ժողովրդավար մարդը չխոսի իր իրավունքներից: Ըստ Գ. Մարգարյանի, օրախնդիրը ոչ թե 301 հոդվածն է, այլ միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ ազատվելու հանցավոր ռեժիմից: Իսկ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը երկրում ստեղծված իրավիճակը բացատրեց նրանով, որ Մարդու իրավունքների պաշտպանը եւ հասարակական իրավապաշտպան կառույցներն անտարբեր են երկրում ընթացող եւ զարգացող անցուդարձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել