Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՎՈՎ ԱԶԱՏՎԱԾԸ ՉԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Օգոստոս 17,2007 00:00

Ըստ փաստաբանի՝ թրաֆիքինգի հատկանիշներ չկան

Նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարան էր ներկայացել Արմավիրի մարզի բնակչուհի Նելլի Գալուստյանը, որը դատական նիստից առաջ զրուցեց «Առավոտի» հետ, ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազության քննիչը՝ Վահագն Հարությունյանը, «խոստացել» է իրեն կալանավորել, ասելով, որ դա «պրինցիպի հարց է»: Նշենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Նելլի Գալուստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, փոխել էր 2 մլն դրամ գրավով եւ նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: ՀՀ գլխավոր դատախազության թրաֆիքինգի բաժինն էլ վերաքննիչ բողոքով դիմել էր երկրորդ ատյանի դատարան:

Ն. Գալուստյանը նախաքննության ժամանակ 6 ամիս գտնվել է արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, չի ունեցել պաշտպան: Իսկ երբ գործն ուղարկվել է դատարան, այս տարվա փետրվարի 27-ից նրա պաշտպանությունն իրականացրել է Փաստաբանների պալատի անդամ Հովիկ Արսենյանը:

Մեղադրյալ Նելլի Գալուստյանին ներկայացված պաշտոնական մեղադրանքը հետեւյալն է. «Նախնական համաձայնության գալով քրոջ, մոր եւ եղբոր հետ՝ վերջինիս հարսանիքը իբր Կիպրոսում անելու նպատակով, խարդախությամբ Դուբայ են տեղափոխել Անի Թորոսյանին, հարկադրաբար նրան ներքաշել պոռնկության մեջ»: Գալուստյանը երեկ տեղեկացրեց, որ «շահագործման» իբր ենթարկվածն իր նախկին հարսն է, եղբոր՝ Իգորի, նախկին կինը:

Իգորի հետ ամուսնացած Անի Թորոսյանին, ինչպես ներկայացրեց Ն. Գալուստյանը, առաջին անգամ տեսել է Դուբայում: Նելլին աշխատել է Դուբայի մանկական խաղալիքների խանութում եւ հայերի հետ ընդհանրապես չի շփվել: «Ամեն ինչ նորմալ էր: Երբ եղբորս հետ Անին եկավ Դուբայ, մենք նրան ընդունել ենք գրկաբաց: Նրա ընտրությունը հարգել ենք: Հետագայում, երբ նրանք համատեղ չեն կարողացել ապրել, ամուսնալուծվեցին, Անին հայտարարություն տվեց Արմավիրի ԿԳԲ-ում, թե իրեն սեռական շահագործման ենք ենթարկել եւ մեզնից պահանջեց մեծ գումար»,- շարունակեց Ն. Գալուստյանը:

Դատախազությունը մեղադրանքի հիմքում դրել էր նաեւ Իգորի անձնագրում առկա ամուսնության մասին նշումը, ըստ որի՝ նա զագսավորված է ոմն Գոհար Գալստյանի հետ: «Կալանքից» առաջ Ն. Գալուստյանը մեզ տրամադրեց Գ. Գալստյանի ստորագրությամբ գրավոր հայտարարություն, որով Գոհարը հայտնել էր, թե 2005-ին արտասահման մեկնելու, վիզայի իրավունք ձեռք բերելու համար հանդիպել է իր ծանոթ Իգորին, խնդրել նրան օգնել զագսավորվելու: Ու քանի որ այդ ժամանակ Իգորը ամուսնացած չէր, վերջինս համաձայնել է: «Չեմ ճանաչել Իգորի հարազատներին, նրա քույրերին, որեւէ շփում չեմ ունեցել նաեւ այն ժամանակ, երբ Դուբայում էի եւ աշխատում էի որպես վաճառողուհի: Իգորին դիմեցի զագսի հարցով, որովհետեւ գիտեի, որ նա զուսպ է, գաղտնիք պահող»,- ասել էր հայտարարության մեջ Իգորի ծանոթուհին: Իգորի հետ երբ փաստացի ամուսնացել էր Անին, նա զանգել էր Գոհարին, հորդորելով, որ հանգիստ թողնի իր նշանածին: Այս գործով զրպարտության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել վկայի՝ ոմն Ջուլիետա Գալոյանի նկատմամբ (վերջերս նա կալանավորվել է): Նա նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, թե Գոհար Գալստյանը նույնպես զբաղվել է մարմնավաճառությամբ՝ հոր վիրահատության գումարները տալու համար: Սակայն Գ. Գալստյանը պնդել էր, որ հարցաքննեն իր հորը, որը երբեք չի վիրահատվել:

Նելլի Գալուստյանը նաեւ հայտնեց, որ նախաքննության ժամանակ իմացել է, թե ինքը 1998-ից ոստիկանությունում հաշվառման մեջ է եղել՝ իբրեւ մարմնավաճառ: Նա ասաց, որ դատի է տալու այս տեղեկատվության կապակցությամբ: Փաստաբան Հովիկ Արսենյանի դիտարկմամբ էլ՝ անհրաժեշտ է քննարկել այս ընտանիքի նկատմամբ կատարված զրպարտության վարկածը, քանի որ թրաֆիքինգի զոհ համարվող նախկին հարսի գործողությունները անհասկանալի են. «Դուբայից Իգորի հետ վերադառնալուց հետո համատեղ կյանքը, ապա՝ հիվանդ սկեսրոջը խնամելը, Գալուստյանների նվիրած ոսկեղենի կրումը Անիի կողմից՝ ո՞ր թրաֆիքինգի մասին է խոսում»,- հարցնում էր պաշտպանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, Վերաքննիչ դատարանը խափանման միջոց ընտրված գրավը թողեց անփոփոխ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել