Լրահոս
Օրվա լրահոսը

Տատիկ-պապիկներով՝ «վագրային թռիչքներ»

Օգոստոս 17,2007 00:00

Ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանը գնում է ծերացման

«Մինչեւ 2025 թվականը Հայաստանի բնակչությունը զգալի կպակասի եւ կծերանա: Բնակչության շրջանում անհամեմատ ավելի կմեծանա 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը», օրերս հրապարակված զեկույցում Հայաստանի մասին այսպիսի տխուր կանխատեսումներ են արել Համաշխարհային բանկի փորձագետները՝ ընդ որում՝ հիմնվելով երկրի պաշտոնական ցուցանիշների վրա: Եթե Համաշխարհային բանկը հաշվի առներ նաեւ մեր երկրի սոցիալ-տնտեսական մասով ոչ պաշտոնական ցուցանիշները՝ նույն կանխատեսումները կաներ ոչ թե 2025-ի, այլ՝ 2010-ի համար: Բանկի զեկույցում Հայաստանը դասվում է ծերացող այն երկրների շարքում, որոնք միայն վերջերս են սկսել որոշ քայլեր ձեռնարկել՝ չծերանալու համար: Ընդհանրապես, երբ երկրում ծնելիությունը նվազում է, բնակչությունը գնում է ծերացման, դա խոսում է տվյալ երկրում սոցիալ-տնտեսական վատ պայմանների մասին: Մինչդեռ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, խոսելով Հայաստանի տնտեսության մասին, մշտապես փորձում են համոզել, որ մեր երկրում ամեն ինչ փայլուն է ընթանում, որ «վագրային թռիչքներով» ենք առաջ գնում, որ մեր իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են՝ տնտեսական եռացատկ աճ ապահովելու համար: Այս ֆոնի վրա բանկի՝ «ԽՍՀՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին» զեկույցում ներկայացված դիտարկումներն առավել քան տարօրինակ են ու հակասում են բանկի նախկին ուսումնասիրություններին: Ըստ ՀԲ-ի վերջին զեկույցի, եթե երկրի ժողովուրդը գնում է ծերացման, նշանակում է` այդ երկրում առողջապահական բլոկի հետ կապված խնդիրներ կան, այսինքն՝ առողջապահությունը մատչելի չէ բնակչությանը, կանայք չեն կարողանում հղիանալ, եթե չբեր էլ չեն լինում՝ խուսափում են երեխա ունենալ՝ կապված սոցիալական խնդիրների հետ: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Հայաստանի բնակչությունը ծերացման գնալու բոլոր նախապայմաններն ունի: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ճանապարհներն այնքան քարուքանդ վիճակում են, որ հղի կնոջը մինչեւ հասցնում են տեղափոխել հիվանդանոց՝ ճանապարհին ծննդաբերում է՝ ունենալով բազմաթիվ առողջական խնդիրներով երեխա: Նման պայմաններում ոչ մի կին չի ուզենա ծննդաբերել, ուստի հաճախ պայմաններից ելնելով՝ ծնելիությունը մեր երկրում զգալի կրճատվում է: Բացի այդ, գինեկոլոգները վերջերս ահազանգեցին, որ Հայաստանում ամեն 4-րդ կինը չբեր է, որը նույնպես խոչընդոտում է ծնելիությանն ու բնակչության երիտասարդացմանը: Եվ հետո, երեխա ունենալու համար ծնողները նախեւառաջ մտածում են՝ կարո՞ղ են հոգալ նրա՝ գոնե նվազագույն ծախսերը՝ երեխային կերակրել, հագցնել, կրթության տալ: Իսկ քանի որ մեր երկրում աշխատավարձերը չափազանց ցածր են, պարենային եւ ոչ պարենային ապրանքների գներն էլ աշխատավարձերի համեմատ չափազանց բարձր՝ երեխա ունենալը ռիսկի հետ է կապված՝ մանավանդ, երեխայի համար տրվող նպաստը այստեղ ծիծաղելի չափերի է ու դրանով հաստատ երեխա չես պահի:

Ինչպես նշել են զեկույցում ՀԲ-ի փորձագետները, բնակչության ծերացումը բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա, սովորաբար նման տնտեսությունն անկում է ապրում, որովհետեւ աշխատունակ բնակչության թիվը պակասում է, աշխատանքի շուկան՝ մեռնում: Ի հեճուկս բանկի այսպիսի դիտարկումների ու կանխատեսումների, զարմանալիորեն մեր իշխանությունները խոստանում են, որ առաջիկայում Հայաստանի տնտեսությունը շարունակելու է նույն փայլուն տեմպերով առաջ գնալ ու գրանցել աննախադեպ աճի ցուցանիշներ:

Ի դեպ, ծերացող բնակչություն ունեցող երկրի համար թիվ 1 խնդիրը կենսաթոշակների ապահովումն է: ՀԲ-ի փորձագետների կանխատեսմամբ՝ եթե Հայաստանի բնակչությունը շարունակի ծերանալ, երկրի բյուջեում կենսաթոշակառուների համար ծախսերը մի քանի անգամ կմեծանան, իսկ դա նշանակում է, որ կենսաթոշակների բարձրացման մասին խոստումները կգրվեն սառույցին ու տարեցտարի թոշակների չափը կսկսի ոչ թե ավելանալ, այլ՝ նվազել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել