Լրահոս
Օրվա լրահոսը

12000 ԴՈԼԱՐԱՆՈՑ «ՆԻՎԱՆԵՐ»՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՏՆՕՐԵՆԻՆ

Օգոստոս 17,2007 00:00

Շիրակի նախկին մարզպետը լավ է նայել ընտրություններում իրեն աջակցողներին

«Շիրակի մարզի առողջապահական ոլորտում քաոսային, խայտառակ վիճակ է, հիվանդանոցի ու դիսպանսերների տնօրենները նշանակվել են քմահաճորեն՝ առանց որեւէ մրցույթի՝ օրենքի խախտմամբ: Բժիշկներից շատերը չունեն տնօրեն դառնալու արժանիքներ, պարզապես նրանք ընտրություններում ենթարկվել են դաշնակցական նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի առաջարկին ու դաշնակցական դարձել՝ տնօրենի պաշտոնի դիմաց»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի դժգոհություն հայտնեց մարզի Հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի նախկին վարիչ Ֆերդինանտ Գյոլեցյանը: Ըստ նրա, Շիրակի առողջապահական ոլորտում թափ առած անօրինականությունները միայն «նշանակովի» կադրերով չեն սահմանափակվում. յուրացվում են նաեւ հիվանդների սպասարկման համար պետական բյուջեից հատկացված գումարները. «Օրինակ՝ մարզի բուժհիմնարկների բոլոր դաշնակ տնօրեններին նվիրել են ծառայողական «Նիվա» մակնիշի մեքենաներ, ընդհանուր առմամբ՝ 5 մեքենա, յուրաքանչյուրը՝ 12 հազար դոլար արժողությամբ: Պատկերացնո՞ւմ եք՝ 60 հազար դոլար քամուն են տվել»: Ֆերդինանտ Գյոլեցյանը նաեւ վստահեցրեց, որ, օրինակ՝ Հոգեկան առողջության կենտրոնի նորանշանակ դաշնակցական տնօրեն Նադյա Վարդանյանը իր անձնական «Վոլգա» մակնիշի մեքենան, որն արդեն շարքից դուրս եկած էր եւ խնամքի կարիք ուներ, թանկ գներով վաճառել է իր իսկ ղեկավարած հիմնարկին՝ այն դարձնելով ծառայողական մեքենա եւ ծախսերը հոգեբուժարանից հանելով: Ընդ որում, այդ մեքենան ներկայումս վարում է Ն. Վարդանյանի ամուսինը, որ հիվանդանոցից աշխատավարձ է ստանում՝ իբրեւ հիվանդանոցի տնօրենի վարորդ: «Այդ բոլոր անօրինականությունների մեջ Նադյա Վարդանյանին սատարում է մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սաթենիկ Բեյբությանը, որը նույնպես այդ պաշտոնում է նշանակվել մարզպետի կողմից»,- ասաց Գյոլեցյանը:

Նկատենք, որ նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանն իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում իսկապես շատ հիվանդանոցների տնօրենների «իրենով» էր արել՝ նրանց ընտրություններում օգտագործելու համար: Նա՝ առանց մրցույթ հայտարարելու, ինքնագլուխ տնօրեններ էր նշանակել ու վերջին ընտրություններում ով հրաժարվեց դաշնակցական դառնալ՝ մարզպետը հաշվեհարդար տեսավ՝ նրանց աշխատանքից ազատելով: Օրինակ, մարզպետն այդպես վարվեց Արթիկի հիվանդանոցի նախկին տնօրեն, հանրապետական Հովհաննես Մկրտչյանի հետ: Փոխարենը՝ ընտրություններից հետո առատորեն վարձատրվեցին դաշնակցությանն աջակցած մարզի պաշտոնյաները:

Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց բժիշկ Գյոլեցյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքը՝ ասելով. «Գյոլեցյանը հավանաբար տառապում է հայեցողական զառանցանքներով: Հոգեկան առողջության կենտրոնի մեքենան գնվել է շատ պատահական մարդուց, իմ անձնական մեքենան իմ գարաժում կանգնած է, իսկ եթե Գյոլեցյանը ակնարկում է, որ իմ վարորդը իմ ամուսինն է, ի՞նչ կա դրա մեջ, ի՞նչ կլինի, որ բարձրագույն կրթությամբ ամուսինս իմ վարորդը լինի, նա ընդամենը 30 հազար դրամ է ստանում, բայց 30 միլիոն անգամ չարչարվում է»։ Ն. Վարդանյանը վստահեցրեց, որ հիվանդանոցի գույքը անձնական նպատակներով չի օգտագործել, ինչը չի կարող ասել Գյոլեցյանի մասին. «Նա՝ հիվանդանոցում վարիչի աշխատանքից կրճատվելուց հետո, եկավ հիմնարկի սառնարաններն ու գազօջախը տարավ, թող նա այդ մասին մտածի, նոր ուրիշներին մեղադրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել