Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնատներ՝ մեծերի հարեւանությամբ

Օգոստոս 17,2007 00:00

Տներ կառուցում են արդեն նաեւ Պանթեոնի տարածքում

Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում մի քանի օրերի ընթացքում ինչ-որ անձանց կողմից հիմնովին քանդվել են դեռ խորհրդային ժամանակներում կառուցված շինություններ, որոնց փոխարեն այգու տարածքում արդեն վեր են խոյացել 3 առանձնատներ, երեւում են նաեւ նոր կառույցների հիմքեր: Թե ո՞ւմ կողմից են կատարվել քանդման աշխատանքները, եւ ովքե՞ր են նոր կառուցվող տների տերերը՝ հայտնի չէ: Փոխարենը՝ Պանթեոնի հարեւանությամբ ապրող մարդիկ վկայեցին, որ շինարարությունը հիմնականում ակտիվանում է երեկոյան ժամերին:

Նշված փաստի առնչությամբ մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ Շենգավիթ համայնքի թաղապետարանից, որտեղ ասացին, թե այդ տարածքում շինարարության հարցով զբաղվում է Երեւանի քաղաքապետարանը: Շենգավիթի նորընտիր թաղապետ Սերգեյ Հովհաննիսյանի հետ աշխատանքային օրվա ընթացքում չհաջողվեց զրուցել: «Առավոտի» թղթակցին մե՛կ ասացին, թե նա կառավարությունում է, մեկ էլ թե՝ տեղում է, բայց բնակիչների հետ հանդիպման է: Երեւանի քաղաքապետարանում էլ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից մեր թղթակցին ասացին, թե իրենք տեղյակ չեն Կոմիտասի պանթեոնում սկսված շինարարության մասին՝ հավելելով, որ դա թաղապետարանի իրավասության խնդիր է: Մինչ Երեւանի քաղաքապետարանի եւ Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաները կորոշեն, թե դա ում իրավասության խնդիրն է, Կոմիտասի պանթեոնում «անհայտ անձինք» շարունակում են առանձնատներ կառուցել:

Երեկ ավելի ուշ, երեկոյան, Շենգավիթի թաղապետի հետ, այնուամենայնիվ, հաջողվեց կապ հաստատել։ Մեր հարցին ի պատասխան պրն Հովհաննիսյանը համոզում էր, թե մեր մատնանշած կառույցը ոչ թե առանձնատուն է, այլ՝ Զորավար Անդրանիկի տուն-թանգարանը, որը կառուցվել է մի գործարարի ջանքերով: Մյուս կառույցները, նրա ասելով, գտնվում են Պանթեոնի տարածքից դուրս՝ ձորի պռնկին, թեեւ մեր լուսանկարչական խցիկը ոչ թե տուն-թանգարանի, այլ միանգամայն ուրիշ եւ հատկապես բնակելի տներ է ֆիքսել, այն էլ՝ հաստատապես Պանթեոնի տարածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել