Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ Է ՁԱՅՆԸ ՎԱՃԱՌԵԼ $100-ՈՎ

Օգոստոս 17,2007 00:00

Սակայն Արմավիրի մարզի ընտրողներով թեկնածուներից ոչ բոլորն են հետաքրքրվում

Թիվ 15 ընտրատարածքում օգոստոսի 26-ին կայանալիք պատգամավորի ընտրությունների քարոզարշավին մնացել է 8 օր, սակայն թեկնածուները դեռեւս չեն շտապում լինել ընտրատարածքի՝ Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի եւ Աշտարակի տարածաշրջաններն ընդգրկող բոլոր 76 համայնքներում: Արմավիրի մարզի Հացիկ գյուղ դեռեւս ոչ մի թեկնածու չէր այցելել, սակայն Խաչիկ Մանուկյանի եւ Մնացական Մնացականյանի քարոզչական պաստառների պակաս գյուղում չէր զգացվում: Հացիկցիների տեղեկացմամբ՝ իրենց գյուղում հիմնական պայքարը գնալու է հենց այս երկու թեկնածուների միջեւ, քանի որ երկուսն էլ կուսակցական են եւ ԱԺ-ում իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներ, սակայն, նրանց խոսքերով, որոշակի առավելություններ ունի Խ. Մանուկյանը: «Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդն արդեն բավականին զարգացել է, բայց թեկնածուներից ոչ մեկին նորմալ չեմ ճանաչում, ընտրելու եմ գյուղի սկզբի նկարի մարդուն»,- ասաց Մանվել Նազարեթյանը՝ նկատի ունենալով Խ. Մանուկյանին։

Աիդա Ներսիսյանի խոսքերով էլ՝ «Ոչ մի թեկնածուի նկատմամբ հավատ չունենք, որովհետեւ ոչ մի լավ բան չենք տեսնում, ոչ աշխատանք կա, ոչ զբաղմունք, ասենք՝ ես խանութ ունեմ, ընտանիքս պահում եմ, բայց գյուղացու վիճակը ահավոր է, նրա՞նք ինչով զբաղվեն»: Նրա խոսքերով՝ իր խանութ այցելել են միայն «Ժառանգություն» կուսակցությունից եւ փորձել են թվարկել իրենց թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի առավելությունները:

Թոշակառու Ֆրունզ Ստեփանյանն էլ թեեւ նշեց, որ ինքը կաշառքով չի ընտրելու, սակայն իր ձայնը կտա նրան, ով իրենց գյուղի ջրի հարցը կլուծի. «Մեր գյուղում այսօր այն ջուրն են խմում, որ Սովետի ժամանակ նույնիսկ անասուններին չէին տալիս, արտեզյան ջուր է, փորձես դրանով ապակի սրբես՝ մատիս հաստությամբ լաքա կմնա»: Մեր այն հարցին, թե նորընտիր պատգամավորից ի՞նչ է պահանջելու՝ նշեց. «Միայն խիղճ եմ պահանջելու, որ ընտրվելուց հետո ձեռքերը չլվանա՝ մի կողմ քաշվի»:

Իր ընտրության մեջ դեռեւս չէր կողմնորոշվել Արամ Պետրոսյանը: Նա 6 թեկնածուներից միայն կարողացավ մտաբերել Խաչիկ Մանուկյանի անունը. «Մյուսներին չգիտեմ էլ, թե ովքեր են»: Նա նույնպես կաշառք վերցնելու կողմնակից չէր, քանի որ, ըստ նրա՝ «եթե գումար վերցնեմ, հետո երեսովս են տալու, սուսիկ-փուսիկ կգնամ, իմ թեկնածուին կընտրեմ, թող իրենց փողն էլ իրենց մնա»:

Փոխարենը՝ կաշառքի է սպասում Սարբի Վարդանյանը. «Այս պահին ով կաշառք տա, նրան էլ կընտրեմ, հիմա կյանքը դա է, ինչքան շատ տան, այնքան իմ օգուտն է, իմ ձայնը 100 դոլար եմ գնահատում, բայց գիտեմ, որ այդքան գումար չեն տա»: Նա ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններին չի պատրաստվում գնալ, իհարկե, եթե գումար տվող չլինի. «Ոչ մեկին էլ չեմ ճանաչում, ինձ չի էլ հետաքրքրում, թե ով ով է, միգուցե գնամ ընտրեմ ու ավելի վատ լինի, երեք ապագա զինվոր եմ մեծացնում, էգուց կգան՝ ուրախ-ուրախ բանակ կտանեն, բայց պետությունից 100 դրամի օգուտ չեմ տեսել, լրիվ հիասթափված եմ այս կյանքից, տան գործերով զբաղվելու փոխարեն՝ կին տեղով չոբան եմ դարձել, որ ընտանիքս կարողանամ պահեմ»:

Երեկ Արմավիրի մարզում քարոզարշավի դուրս եկած ՀՀԿ թեկնածու Խաչիկ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ արդեն այցելել է մոտ 30 համայնք եւ մինչեւ քարոզարշավի ավարտը կլինի բոլոր համայնքներում: Նրա խոսքերով՝ իրեն բոլոր գյուղերում էլ մեծ ուրախությամբ են դիմավորում։ Մեր այն հարցին, թե Թալին քաղաքում է՞լ «բարեհաճ» են տրամադրված իր նկատմամբ, Խ. Մանուկյանը նշեց. «Լավ էլ բարեհաճ են տրամադրված, ուղղակի Թալինում հրահրողները շատ են, օրերս այնտեղ հանդիպումներ եմ ունենալու. կգաք կտեսնեք, թե ոնց են դիմավորում»: Ի դեպ, արմավիրցիներն արդեն մոտավոր կազմել էին թեկնածուների վարկանիշային ցուցակը, ըստ որի՝ առաջին տեղում է Խ. Մանուկյանը, երկրորդում՝ դաշնակցական Գուրգեն Շահինյանը, երրորդում՝ ԲՀԿ անդամ Մ. Մնացականյանը, չորրորդում՝ Ր. Հովհաննիսյանը, հինգում՝ Էմին Կարապետյանը։: Ցուցակը եզրափակում է Վահագ Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել