Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՂԾԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ

Օգոստոս 17,2007 00:00

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, երեկ «Փաստարկ» ակումբում վերլուծելով ՀՀ տնտեսության առաջ կանգնած խնդիրները, կրկնեց իր բազմիցս հնչեցրած միտքը, թե՝ մեր երկիրը ոչ թե տնտեսական աճ է գրանցում, այլ՝ վերականգնողական:

Տնտեսական աճը նույնիսկ ամենազարգացած երկրներում առավելագույնը 1% է կազմում, փոխարենը՝ վերականգնողական աճը տնտեսական ցնցումներ ապրած երկրներում մեր գրանցած 10-13%-ից շատ ավելին է:

Պարոն Մանասերյանը մտահոգիչ համարեց ցանկացած երկրի տնտեսության համար ոչ պատվաբեր այն ցուցանիշը, ըստ որի, մենք այսօր մեր արտահանածից երկու եւ ավելի անգամ շատ ենք ներմուծում: Դա նշանակում է, որ օտար երկրներում աշխատող հարազատ-բարեկամներից ստացած գումարներով հայաստանցիները գնում են այդ երկրներից ՀՀ ներմուծված ապրանքներ, դրանով իսկ՝ պահում են աշխատատեղեր այդ նույն երկրներում: Ու ստացվում է, որ մեր երկիր մտնող սահմանափակ միջոցներն ուղղվում են ոչ թե գիտատար ճյուղերի զարգացմանը, այլ՝ արտասահմանում աշխատատեղերի պահպանմանն ու զարգացմանը:

Տնտեսագետը նաեւ առաջարկում է դեղատոմս. «Այսօր գոյություն չունի համակարգված, հեռանկարային ռազմավարություն՝ իր կողմնորոշիչներով, բայց Հայաստանի տնտեսության զարգացման համար առնվազն երեք սցենար կա, որ կարող է կարճ ժամանակահատվածում տալ շոշափելի արդյունքներ, ինչի հետեւանքով Հայաստանում կլինեն ոչ թե գործազուրկներ, այլ, իմ համեստ հաշվարկներով, կարող է լինել աշխատատեղերի ավելցուկ: Դրա համար անհրաժեշտ է ճանաչել ՀՀ տնտեսությունը, կատարել ռեսուրսների հաշվում, մրցակցային առավելությունների բացահայտում ու հիմնավորում եւ կողմնորոշիչների ճշգրտում»,- ներկայացրեց պրոֆեսորը: Այս ամենում պարոն Մանասերյանը կարեւորում էր նաեւ Սփյուռքի դերը՝ ոչ միայն ֆինանսական, այլեւ մասնագիտական աջակցության առումով:

Իսկ քանի դեռ մեր երկիրը չի ստեղծել տնտեսության զարգացման իր սեփական մոդելը, ապա ստիպված է բավարարվել «ձախողված եւ լուրջ ճգնաժամի առաջ կանգնած» կազմակերպությունների՝ ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի առաջարկած մոդելներով, որոնք այսքան ժամանակ իրենց չեն արդարացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել