Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՄԻ’ ՀԱՐԱՄԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոս 17,2007 00:00

Կոչ է անում Մանուկ Գասպարյանը, ում համար կարեւոր չէ, թե ով կընտրվի նախագահ, միայն թե մաքուր ընտրվի

Դիլիջանում եւ Քոբուլեթիում անցկացրած արձակուրդի արդյունքում 17 կգ նիհարած Ժողովրդավարական ուղի կուսակցության (ԺՈՒԿ) նախագահ Մանուկ Գասպարյանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր: Նրան վիրավորել էր նախորդ օրը Գալուստ Սահակյանի արած հումորը, որով վերջինս ընդդիմադիր գործիչների հավաքները համեմատել էր «Մկների ժողովի» հետ: ԺՈՒԿ նախագահը գտնում էր, որ հանրապետական գործիչը պետք է ներողություն խնդրի ընդդիմությունից: «Գալուստ Սահակյանը նախորդ մի քանի տարիների էս իշխանությունների հիմնական կեղտը, խախտումները, կեղծիքները վերցրել էր իր վրա: Դրա համար է ժողովուրդն ուղղակի զզվանք ապրում նրա անունը լսելիս, թե չէ ինքը, որպես մարդ, այդպիսի մարդ չի: Ամեն ինչ իր վրա էր վերցնում, հետո տվեցին իր բուռը իր էդ «զասլուգաները»: Իսկ ես իրենց ժողովները կհամեմատեմ առնետների, խաբեբաների, զեղծարարների, պնակալեզների հավաքների»,- ասաց Մանուկ Գասպարյանը:

ԺՈՒԿ նախագահը վիրավորվել էր նաեւ Այդին Մորիկյանից, որն «Առավոտին» տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա «ընդդիմությանը մնում է միայն իրենց ընդհանուր 0,3%-ով մի քիչ փչացնել իշխանության տրամադրությունը»: Մանուկ Գասպարյանն առաջարկում էր, որ Ա. Մորիկյանը նույնպես ներողություն խնդրի ընդդիմադիր լիդերներից. «Այդին Մորիկյանը լավ լրագրող է, բայց որ գրել էր, թե ընդդիմությունը 3% կհավաքի, դրանով ինքը Լ. Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում ընդդիմությանը միանգամից հարված է հասցրել: Ժողովուրդն առանց էդ էլ չի հավատում ընդդիմության հաղթանակին, լրացուցիչ հարված պետք չէր: Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքվողները ՀՀՇ-ի արբանյակներն են կամ նրա օրոք իշխանության մեջ եղածները: Լ. Տեր-Պետրոսյանին համոզում-տանում են՝ շրջանում մի քիչ պատիվ են տալիս, ասում են՝ գնաց-հանդիպեց ժողովրդի հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի ժողովրդի հետ էլ չի հանդիպում: Նրա ամենամեծ սխալն էր, որ ԼՂ նախագահին եւ ՊՆ նախարարին բերեց Հայաստան ու ցեցը գցեց մեր ժողովրդի ջանը: Էդ մեղքը պիտի քավի, մնացածը՝ տնտեսություն, լույսի կորուստ, բան, դա իրենց դիլետանտությունից էր, մասնագետներ չէին, չկարողացան տիրապետել կոմունիստներից մնացածը եւ տապալեցին, դա ուղղվելու բան է: Եթե Լ. Տեր-Պետրոսյանը գա, եւ ընդդիմադիր լիդերները միաբերան գտնեն, որ նա պետք է առաջադրվի, ես, չնայած վերապահումներ ունեմ, կլռեմ: Գուցե չպաշտպանեմ, բայց չեմ էլ հայհոյի»:

Մանուկ Գասպարյանի ցանկությունն է, որ լինի ազատ ընտրություն՝ առանց վարչական, օլիգարխիկ-կրիմինալ ռեսուրսների օգտագործման. «Ով կընտրվի՝ կարեւոր չի: Նախորդ նախագահը կընտրվի, Սերժ Սարգսյանը կընտրվի, Վարդան Օսկանյանը թե Արմեն Գեւորգյանը՝ կարեւոր չի: Եթե մաքուր ընտրվեց՝ կշնորհավորեմ: Բայց որ հարամությամբ եկան իշխանության, գարանտիա եմ տալիս, որ երկու տարուց առանց հեղափոխության հեղափոխություն է տեղի ունենալու, իրենք իրենց կուլ են տալու»: ԺՈՒԿ նախագահը հենց այնպես չտվեց վերոնշյալ անունները: Նա կարծում է, որ դեռ հստակ որոշված չէ իշխանական թեկնածուն, քանի որ Ռ. Քոչարյանը Ս. Սարգսյանից երաշխիքներ է պահանջում, որ վերջինիս նախագահ դառնալու դեպքում ինքը կդառնա երկրի վարչապետը, եւ առայժմ դրանք չի ստացել: «Եթե Սերժ Սարգսյանը համաձայնի, ապա հիմա 2-րդ դեմքն է, էդ ժամանակ, նախագահ լինելով, կդառնա երկրի 3-4-րդ դեմքը: Քոչարյանը երբեք չի ուզի երկրորդ մարդը լինի, դա իր բնավորությունն է՝ իրեն չի պատկերացնում ոչ առաջին տեղում,- հոգեբանական դիմանկարի փորձ արեց բանախոսը, ապա շարունակեց հակասական ենթադրությունները:- 90% համոզված եմ, որ ՀՅԴ-ն ոչ մի թեկնածու չի առաջադրելու, ուղղակի ուզում է իր պատառը մի քիչ մեծացնել՝ Սերժ Սարգսյանին ձայն տալու համար: Եթե, իհարկե, դրա դաբրոն կա Քոչարյանից, որից շատ բան է կախված: Չնայած նա քիչ-քիչ կորցնում է իր ուժը. օլիգարխիկ-կրիմինալների եւ չինովնիկ պնակալեզների մեծ մասը, որ հավատարիմ էին Քոչարյանին, դրանից առաջ՝ Լ.Տեր-Պետրոսյանին, կամաց-կամաց թեքվել են դեպի Ս. Սարգսյանը»:

Եվ վերջում երկու «եթե» Մանուկ Գասպարյանից. «Եթե 2-ից ավելի ընդդիմադիր թեկնածու եղավ, ես, չնայած ասել եմ, որ չեմ առաջադրվի, բայց դրանց ինադու դնելու եմ, տեսնենք վերջն ի՞նչ կլինի»: «Եթե իշխանությունը ոչ թե մի, այլ 2-3 թեկնածուով հանդես գա՝ ընդդիմությունն առաջին փուլով կհաղթի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել