Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթարյանների «հայահոտ» արվեստը

Օգոստոս 16,2007 00:00

Այն ներկայացված է Կոնդում գտնվող «յուրօրինակ» թանգարանում

«Իմ աշխատանքներն անպայման «հայահոտ» պետք է լինեն՝ ստեղծված հայկական մանրանկարչության հենքի վրա»,- իր արվեստի մասին այսպես է խոսում վարպետ Մամիկոնը: Մամիկոն Մխիթարյանին արդեն մեկ տասնամյակից ավելի այսպես են ճանաչում մեր քաղաքի հնագույն թաղամասերից մեկում՝ Կոնդում: Նրա նախագծով կառուցած եռահարկ բնակարան-շինությունը ինքնատիպ թանգարան է հիշեցնում: Արվեստագետներն այն անվանել են «Մխիթարյան արվեստանոց»: Այստեղ մեկտեղված է արվեստի մի քանի տեսակ՝ գեղանկարչություն, մետաղների գեղարվեստական մշակում, գորգագործություն: Վարպետ Մամիկոնը որդու՝ Հայկի հետ միասին փորձում է վերածնել եւ զարգացնել քանդակադրվագման արվեստը: Ասում է, որ այն ինքը ժառանգել է հորից եւ պապից, հիմա էլ փոխանցում է որդիներին:

Արծաթի եւ պղնձի համաձուլվածքներից պատրաստված ծիսական իրերը՝ եղջերագավաթներ, սափորներ, մրգամաններ, դեկորատիվ չեն: Դրանք նախատեսված են ամենօրյա օգտագործման համար: Մ. Մխիթարյանի խոսքով՝ դրվագման գործը մի քանի արվեստների՝ փորագրության, քանդակի, գեղանկարչության համադրում է, իսկ զարդանախշերի հիմքը հայկական մանրանկարչությունն է: Այդ պատճառով էլ բավական բարդ աշխատանք է եւ իմացություն պահանջող արվեստ: Վարպետի պատրաստած իրերից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի:

Հետաքրքիր է «կլկլան» գավաթի ավանդույթը, որը եկել է պատմական Վան քաղաքից, հետո փոխանցվել գյումրեցի վարպետներին, ովքեր այն անվանել են «մուշուլբա»: Մ. Մխիթարյանի կարծիքով՝ այժմ «մատների վրա կարելի է հաշվել» այս արվեստի գաղտնիքներն իմացող վարպետներին: «Այդ իրերից յուրաքանչյուրում ես օգտագործում եմ սիմվոլներ, որոնցից ամեն մեկը մի խորհուրդ ունի: Օրինակ՝ մի քանդակ ունեմ, որը նման է հզոր կենդանու՝ առաջամասը ցուլ է, հետեւամասը՝ առյուծ, դեմքը ե՛ւ առյուծ է, ե՛ւ ցուլ: Ըստ իս՝ դա երկինք- երկիր կապն է խորհրդանշում»:

Մխիթարյանների տուն-արվեստանոցի պատերը պաստառների փոխարեն զարդարում են ընտանիքի մոր՝ նկարիչ-գորգագործ Պայծառ Մխիթարյանի գեղանկարները: Բնակարանի մյուս անկյունը հայկական հնագույն գորգագործության արվեստանոց է հիշեցնում: Տիկին Պայծառի ձեռքով գործված հնաոճ Վիշապագորգը, Արծվագորգն ու Արեւագորգը ուշագրավ են իրենց գունային հարուստ երանգներով: Այժմ էլ աշխատում է վարպետ Մամիկոնի քարտեզագրած գորգի վրա, որն արվել է երկուսուկես հազար տարվա պատմություն ունեցող Պազիրիկ գորգի նմանությամբ: Գորգագործության արվեստը յուրացնելու ճանապարհին տիկին Պայծառն օգտվում է գեղանկարչության գաղտնիքներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել