Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՂԱԳԵՏԸ, KBH-ՇՉԻԿՆ ՈՒ ՀՈՒՄՈՐԻՍՏԸ

Օգոստոս 16,2007 00:00

Արամ MP3-ին ցանկություն ունի իրեն դրսեւորել նաեւ երգարվեստում

Հայաստանում, նաեւ արտերկրում «Հ1»-ով հեռարձակվող մեծաքանակ հեռուստալսարան ունեցող ծրագրերից է «32 ատամ» նախագիծը, որի ոչ պաշտոնական մեկամյա հոբելյանը լրանում է սույն թվականի դեկտեմբերի 2-ին: Տեղեկացնենք նաեւ, որ նախագծի ոչ եթերային «ծնունդը» 2006թ. սեպտեմբերն է: Դժվարանում ենք հիշել որեւէ հաղորդաշար կամ նախագիծ, որը նախ՝ բաղկացած լիներ շուրջ 15 մասնակիցներից եւ, որ ամենակարեւորն է՝ հանրությունը առաջին իսկ եթերից միանշանակ ընդուներ մասնակիցներից մեկին: Այդ անունն է՝ Արամ MP3 (Արամ Սարգսյան): Ասվածը, սակայն, չի նշանակում, թե հեռուստադիտողը անտարբեր է մյուս մասնակիցների նկատմամբ: Իսկ կեղծանունավոր հումորիստը ավելի սիրվեց դարձյալ «Հ1»-ի մեկ այլ նախագծում՝ «Երկու աստղում», որտեղ նա հանդես եկավ երգչուհի Շպռօտի հետ:

«Առավոտը» հյուրընկալել էր Արամ MP3-ին:

– Որտե՞ղ էիք կամ ինչո՞վ էիք զբաղված մինչ «32 ատամ» նախագիծը:

– Սովորել եմ Երեւանի բժշկական պետական համալսարանում: 2004թ. մասնակցել եւ խաղացել եմ Ուրախների եւ հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) ուսանողական լիգայում, հետո մեր թիմը ընդգրկվեց «Արարատ» հավաքականի կազմում: Մեր արվեստը 2005-2006թթ. ներկայացրել ենք Ալեքսանդր Մասլյակովի հեղինակային ռուսաստանյան ՈՒՀԱ-ի մրցումներում ու հասել մինչեւ 1/4 եզրափակիչ: Անհարմար չեմ զգում խոստովանել, որ եզրափակչից դուրս թռանք, պատճառը մեկն էր՝ տեղեկատվության պակասը: «Պարտությունից» հետո նստեցինք, խելք խելքի տվեցինք եւ հենց այդժամ մտահղացավ «32 ատամ» ակումբի գաղափարը:

– Եթե չենք սխալվում, այդ նախագիծը կրկնօրինակն է ռուսաստանյան «Comedy Club»-ի:

– Միանշանակ՝ ոչ: Պարզապես՝ դա ժամանակային առումով զուգադիպություն է:

– Անկասկած ձեր գործընկերներն էլ են օժտված երիտասարդներ, բայց ինչպե՞ս պատահեց, որ ձեր հանդեպ է հանրության սերն ու համակրանքը ավելի բուռն:

– Հայերս սիրում ենք երգ-երաժշտություն: Գուցե այդ ժանրում իմ երեւալն է փոքր-ինչ ավելի գրավել հանդիսատեսին: Կներեք անհամեստության համար, բայց իմ կոլեգաները անխտիր տաղանդավոր են:

– Տաղանդավո՞ր, թե՞ շնորհալի:

– Հավանաբար՝ շնորհալի, որովհետեւ եթե ասում ենք տաղանդավոր, գոնե հայերս, առաջին հերթին մտաբերում ենք Մոցարտին:

– Չե՞ք կարծում, որ «32 ատամը» հաճախ չարաշահում է հումորային արվեստի սահմանները:

– Ճիշտն ասած, եղել են դեպքեր: Մյուս կողմից էլ անհնար է, որ բոլոր համարները սիրվեն ու ընդունվեն: Իհարկե, աշխատում ենք մնալ «բարոյականության» սահմաններում, հավանաբար, ծանոթ եք նախագծի «Կծող ատամ» էջին, որն իր բնույթով դաստիարակչական է: Հաճախ ենք լսել վերջինին վերաբերող արձագանքներ եւ գոհ ենք, որ մարդիկ, փաստորեն, լրջորեն են վերաբերվում մեր հումորին:

– Հայտնի «Երկու աստղ» նախագծից հետո, շրջանառվում են լուրեր, թե իբր ձեզ նախապատրաստում են «Եվրատեսիլ-2008»-ին:

– Ինձ էլ են հասել նման շշուկներ: Անգամ եղել են մարդիկ, որ հորդորել են՝ դո՛ւ ես գնալու: Ճիշտն ասած, «Եվրատեսիլը» գնալով փոքր-ինչ մարազմատիկ մրցույթ է դառնում: Կմասնակցեմ, թե ոչ՝ այսօր ինքս էլ չգիտեմ:

– Իսկ հնարավո՞ր եք համարում, օրինակ, «Եվրատեսիլում» Շպռօտի հետ հանդես գալը եւ արդյո՞ք ձեր դուետը դեռ կշարունակի գործել:

– Հնարավոր է, որ համագործակցենք, բայց այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող, այնպես, ինչպես, օրինակ, 5 տարի առաջ դեղագետ էի, հետո դարձա KBH-շչիկ, հիմա հումորիստ եմ, այսօր արդեն ուզում եմ երգել, չգիտեմ՝ կյանքը ուրիշ էլ ինչ անակնկալներ կմատուցի: Ամեն ինչ ժամանակի խնդիր է: Ավելին, կան բաներ, որ պարզապես քեզանից կախված չեն:

– Հանրապետությունում ճանաչված սակավաթիվ հայտնի տղամարդ արտիստներից եք, որոնց մասին, մեղմ ասած, ավելորդ խոսքուզրույցներ չեն տարածվում:

– Երեւի դրան տեղիք չեմ տվել: Իսկ եթե խոսում են՝ թե՛ լավը, թե՛ վատը, ուրեմն դու հանրության ուշադրության կենտրոնում ես: Պաշտպանելով «սակավաթիվ» տղամարդկանց, որոնց շուրջ ինչ-ինչ ասեկոսեներ են պտտվում, կարող եմ միայն ասել, որ ավելի լավ է մարդիկ խոսեն, քան լռեն:

– Ընթերցողներին կհետաքրքրի՝ կողակից ունե՞ք:

– Ունեմ ընկերուհի, որն ավարտել է տնտեսագիտականը, այժմ ուսումը շարունակում է Ամերիկյան համալսարանում, որն էլ կավարտի այս աշնանը: Ամուսնության մասին առայժմ ոչինչ ասել չեմ կարող:

– Ինչին կա սկիզբ, նրան էլ՝ ավարտ: Մի օր էլ «32 ատամը» իր վերջաբանը կունենա: Ի՞նչ եք անելու այդժամ:

– Տխուր հարց է, թեեւ համամիտ եմ: Բայց եթե կարծում եք, որ ես էլ շատերի նման որեւէ ժամանակ կհայտնվեմ Արեւմուտքում, սխալվում եք: Ընդհանրապես զուսպ անձնավորություն եմ եւ հազիվ թե տրվեմ գայթակղություններին: Ինձ ճանաչելով հանդերձ, նշեմ, որ գիտեմ ինչը, որտեղ, երբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել