Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումներ կան, արձանագրություններ՝ չկան

Օգոստոս 16,2007 00:00

Պետավտոտեսուչները գները ահռելի բարձրացրել են

Ճանապարհային երթեւեկության հետ կապված նոր իրավիճակի մասին երեկ «Առավոտը» զրուցեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ:

Ըստ նրա, ՀՀ ճանապարհատրանսպորտային երթեւեկության «խոցերն» ավելի են մեծացել, որը նաեւ պայմանավորված է վերջերս երթեւեկությանը եւ ավտոտեսչությանն առնչվող բարեփոխումներով: Պրն Հովհաննիսյանը հենց սկզբից բերեց հետեւյալ օրինակը. ՀՀ ոստիկանությունը «շրջադարձ» հասկացությունը չի գործածում այնպես, ինչպես ընդունված է միջազգային կոնվենցիայում, այլ միեւնույն տերմինին տվել է երկու նշանակություն, այն է՝ այլ ճանապարհ դուրս գալը եւ երթեւեկության ուղղության փոփոխությունը: Համաձայն մեր զրուցակցի, խախտումն առկա է երկրորդ կետում, քանի որ Հայաստանում ընդունված աջակողմյան երթեւեկությունը միաժամանակ դառնում է ձախակողմյան, որն ընդունելի չէ։ «Ոստիկանության կողմից ընդունվածը սխալ է: Միջազգային կոնվենցիան 2006 թվականի փետրվարի 8-ից օրենքի ուժ է ստացել մեզ մոտ, որին էլ պետք է ենթարկվենք, բայց համառորեն չեն ուզում կիրառել: Ոստիկանությանը կրկին հիշեցնենք, որ միջազգային կոնվենցիայում ամրագրված է՝ շարժման ուղղության փոփոխությունը աջակողմյան կամ ձախակողմյան երթեւեկության փոփոխությունն է: Կոպիտ խախտում անելով՝ սա գիտակցում են նաեւ ոստիկանները, բայց ուզում են իրենց ուզածն անել»,- մանրամասնեց Է. Հովհաննիսյանը:

Է. Հովհաննիսյանի մեկնաբանմամբ՝ բարեփոխումների արդյունքում ավտոտեսուչները կրկին հայտնվել են առաջին պլանում եւ կոռուպցիան ավելի է մեծացել, քանի որ գրեթե ամեն օր քաղաքացիներն ահազանգում են, որ ավտոտեսուչները իրենցից գանձում են պատկառելի գումարներ. «Բարեփոխումների» արդյունքում ամեն ինչ մնաց նույնը: Եթե նախկինում հազար դրամ էին վերցնում վարորդներից, հիմա վերցնում են 5-ից 10 հազար դրամ: Ամեն օր մեզ զանգում ու ասում են այդ մասին: Նախկինում հազար դրամի համար չէին բարձրաձայնում, բայց հիմա, երբ գները թանկացել են, վարորդները բողոքում են: Փոխվել են օրենքները, բայց ավտոտեսուչները կիրառում են իրենց «հայտնի» մեթոդները»,- ասաց հ/կ-ի նախագահը: Իսկ թե ի՞նչ հիմնարար պատճառ կա կաշառքների գների ահռելի բարձրացման համար, պրն Հովհաննիսյանը բացատրեց. «Բարեփոխումները նախատեսում են, որ տուգանքներից գանձված գումարները ներմուծվեն արտաբյուջե, որից էլ ավտոտեսուչը պետք է ստանա իր հասանելիքը, այսինքն՝ իրենց փայը ստանալու են խրախուսման ձեւով՝ գանձված գումարի շուրջ 20-30 տոկոսը: Մեր հետազոտությունների շնորհիվ պարզեցինք, որ այդ 20-30 տոկոսն ավտոտեսուչները չեն ստանա, որովհետեւ կա վերադաս, որոնց էլ հասնում են այդ գումարները: Արդյունքում՝ վերցնում են 5-10 հազար դրամ, իրենց բաժինը կանխավ կորզում են, մնացյալը նոր արձանագրության ձեւով հանձնում ընդհանուր ֆոնդին»:

Է. Հովհաննիսյանի եւ իրենց հ/կ-ի կատարած հետազոտական վերլուծությունների եզրակացությունն այն է, որ խախտումների տեսակետից երթեւեկությունը մնացել է նույնը. «Ասենք՝ Երեւան քաղաքում 200 հազար վարորդ կա: Եթե ավտոտեսուչները օրական կազմում են 5-6 արձանագրություն, ստացվում է չնչին թիվ: Նույնիսկ բարեփոխումներից հետո տեսուչներն օրվա մեջ ընդամենը երկու-երեք արձանագրություն են կազմում մի քանի ժամվա ընթացքում, որը, կարծես, վկայում է կանոնավոր երթեւեկության մասին: Իսկ աշխատանքային մյուս՝ 7-8 ժամը ի՞նչ են անում: Ճշմարտությունն այն է, որ խախտումներ կան, բայց արձանագրություններ՝ չկան: Վրաստանում հիմա ավտոտեսուչը մոտենում է վարորդին ու հարցնում, թե ինչով կարող է օգնել, իսկ մեր ոստիկանները միայն փող են ուզում»: Ամրագոտիների մասով էլ հավելեց. «Մեծամասնությունն ամրագոտի չի օգտագործում, բայց քչերն են պատժվում»:

Հ. Գ. «Առավոտի»՝ «Աքիլլես» հ/կ-ի գրասենյակում գտնվելու պահին մի քաղաքացի, չցանկանալով ներկայանալ, պատմեց. «Մեկ շաբաթ առաջ, իմ աչքի դեմը պետավտոտեսուչը խախտում չկատարած վարորդին կանգնեցրեց եւ պահանջեց, որ 3 հազար դրամ իրեն տա, որպեսզի 2 հազար դրամի ակտ կազմի: Ստացվում է՝ իրենց ուզած 5 հազար դրամը, ամեն ջանք գործադրելով, վերցնում են, մի հատ էլ ցույց են տալիս, որ մարդկանց լավություն են արել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել