Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Օգոստոս 16,2007 00:00

Նա պահանջում է պատժել իրեն «զրպարտողներին»

Երեւանի Նուբարաշեն համայնքի թիվ 175 միջնակարգ դպրոցում շուրջ մեկ տարի առաջ ծայր առած ներքին խմորումները կարծես թե մոտ են հանգուցալուծմանը: Դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, իրեն զրպարտելու համար դպրոցի պահակ Ռիմա Սուքիասյանին եւ նախկին ուսուցչուհի Լենա Ղազարյանին պատասխանատվության ենթարկելու հայցով: Հակընդդեմ հայցով նույն դատարանին է դիմել նաեւ այդ դպրոցի «կրճատված» եւ 37-ամյա աշխատանքային փորձ ունեցող նախկին ուսուցչուհի Լենա Ղազարյանը՝ վիճարկելու համար իր ազատման օրինականությունը: Իսկ մինչ այդ, Ռ. Սուքիասյանը, որն արդեն 16 տարի աշխատում է այդ դպրոցում՝ որպես պահակ, բազմաթիվ անգամ էր ահազանգել, թե տնօրենն իր աշխատած տարիներին թույլ է տվել ֆինանսական բազմաթիվ մեքենայություններ ու ապօրինություններ, այդ թվում՝ ավարտական վկայականներ է հանձնել ավարտական քննություն չհանձնած եւ արտերկրում գտնվող անձանց, որը, ըստ աշխատողների, արժե $300-600, խուսափել է հարկային պարտավորություններից, փաստացի գոյություն չունեցող աշխատողների հաստիքացուցակներ է ձեւակերպել, կատարել ուսուցիչների կրճատման կամայական որոշումներ եւ այլն:

Նույն դպրոցում սովորող աշակերտների ծնողներից եւ ուսուցիչներից ոմանք եւս բողոքել են եւ բազմաթիվ անգամ են դիմել լրատվամիջոցներին՝ հայտնելով, որ դպրոցում «եղել են է՛լ դրամաշնորհներ, է՛լ անօրինականություններ, որոնց զոհն ենք դարձել նաեւ մենք, բայց չենք բարձրաձայնել, որովհետեւ դպրոցում ունեցել ենք եւ ունենք երեխաներ։ Եվ հաստատ համոզված ենք, որ տիկին տնօրենն անպայման վրեժխնդիր կլինի, եւ մենք «թանկ» կհատուցենք դրա համար։ Նշենք, որ դպրոցում տարվող ամեն մի վերանորոգում, էլեկտրաէներգիայի ծախսի գումար եւ նման բազմաթիվ այլ ծախսեր արվում են ծնողների գրպանների հաշվին՝ հարկադրաբար»։ Ռ. Սուքիասյանը ապրիլի 8-ին դիմել էր Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանին եւ ստացել պատասխան, թե «դիմում-բողոքում բարձրացված հարցերը հիմնականում չեն համապատասխանում իրականությանը»: Ռ. Սուքիասյանը մայիսի 7-ին դիմել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը՝ մասնավորապես պնդելով, որ դպրոցի նախկին աշակերտուհի Լիլիթ Ժորժի Նազարեթյանը 2003թ. հունիսի 6-ին ինքնաթիռով մեկնել է Մոսկվա, այնուհետեւ՝ Հունաստան։ Բայց ՀՀ-ից բացակայելու պարագայում ստացել է միջնակարգն ավարտելու մասին վկայական։ Դպրոցի մեկ այլ աշակերտի՝ Լեւոն Ռաֆիկի Գեւորգյանի, միջնակարգն ավարտելու մասին վկայականում՝ 1999-2000թթ., թվանշանները կեղծված են։ Տարիներ շարունակ կազմակերպչի հաստիքով աշխատավարձ են ստացել կողմնակի անձինք, այդ թվում՝ նաեւ զինվորական ծառայության մեջ գտնվողը, կոնկրետ՝ Գագիկ Բալասանյանը։ Լեւոն Գեւորգյանը 1999-2000թթ. ավարտական վկայական է ստացել, որի տակ ոչ մի ուսուցիչ չի ստորագրել, իսկ գնահատականները մատյանում կեղծվել են: Դպրոցում կան աշխատակիցներ, որոնք մի քանի հաստիքով են ձեւակերպված եւ այլն:

Ռ. Սուքիասյանը ստացել է ՀՀ կրթության պետական տեսչության պետի պատասխանն առ այն, որ ս.թ. մայիսի 18-21-ը ներառյալ տեսչության կողմից ուսումնասիրություններ են կատարվել մատնանշված դպրոցում, որոնց արդյունքում պարզվել է, որ Ռ. Սուքիասյանի ահազանգերը մասամբ համապատասխանում են իրականությանը՝ վերը մատնանշված դեպքերի առնչությամբ: Մասնավորապես պարզվել է, որ Լ. Նազարեթյանի՝ արտերկիր մեկնելու պատճառով ավարտական քննությունները սահմանված ժամկետից շուտ հանձնելու եւ քննությունների անցկացման մասին քննական բոլոր հանձնաժողովների անդամների կողմից տրվել են բացատրություններ: Բայց նույն հանձնաժողովի անդամ Զ. Հունանյանն ավելի ուշ ներկայացել է ՀՀ կրթության պետական տեսչություն եւ գրավոր հրաժարվել իր՝ 21.05.2007թ. տված բացատրությունից, հայտնելով, որ ինքը չի մասնակցել քննության անցկացմանը: Ուսումնական գծով փոխտնօրենը նշել է, որ Լիլիթ Նազարեթյանի որոշ գնահատականներ նշանակվել են կարգի խախտումով, նաեւ հաստատել է լաբորանտների, մանկական կոլեկտիվի կազմակերպչի չլինելու փաստը:

ՀՀ կրթության պետական տեսուչների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ ներկայացվել են ՀՀ ԿԳ նախարարին եւ Երեւանի քաղաքապետին: Բայց ուսումնասիրությունն, ըստ էության, ապարդյուն էր եղել: Տնօրենը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլեւ սպառնում է իր դեմ ըմբոստացողներին: Դրա մասին վկայում են ոչ միայն 37 տարվա արդեն «կրճատված» մանկավարժ Լենա Ղազարյանը, այլեւ դպրոցի պահակը՝ Ռիմա Սուքիասյանն ու ծնողկոմիտեի արդեն նախկին անդամ տիկին Սուսաննան: «Ինչ կուզեմ՝ կանեմ, գլուխդ խուզել կտամ»,- ըստ տիկին Սուքիասյանի, հայտարարել է տնօրեն Ա. Բաբաջանյանը: Ռ. Սուքիասյանի ասելով՝ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ դատախազությունը, որոնց իրենք դիմել են, ոչ մի կերպ չեն ցանկանում արձագանքել իրենց ահազանգերին, որովհետեւ տնօրեն Ա. Բաբաջանյանն «ամուր մեջք» ունի՝ ի դեմս Օ. Վաթյանի:

Հ. Գ. Պատրաստ ենք հրապարակել նաեւ տնօրեն Ա. Բաբաջանյանի հակափաստարկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել