Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Պայքարում են այծերի դեմ

Օգոստոս 16,2007 00:00

Հարեւանները չեն կարողանում այծապանին համոզել, որ բնակելի շենքի տարածքում կառուցված գոմի պատճառով իրենք չեն կարողանում ոչ լվացք անել, ոչ բակում զբոսնել, ոչ էլ պատուհան բացել:

Նորքի 4-րդ զանգվածի թիվ 7 շենքի բնակիչներն «Առավոտին» դժգոհեցին, որ արդեն 5-րդ տարին է, ինչ իրենց հարեւան Մնացական Նավոյանի այծերի պատճառով սեփական բնակարաններում բանտարկյալի կյանքով են ապրում: Բնակիչներից մեկի՝ Աստղիկ Անտոնյանի խոսքերով՝ «Մնացականը շենքից ընդամենը մի 10-15 մետր հեռավորության վրա ապօրինի գոմ է կառուցել եւ այծ ու ոչխար է բուծում: Առաջին տարին մի քանի հատ էին, հետո տեսավ, որ իրեն բան ասող չկա, տարեցտարի շատացրեց ու հիմա արդեն 50-ից ավելի այծ է պահում: Էս ամառվա շոգին պատուհան բացել չի լինում, բացի անտանելի հոտից, ինչ միջատ ասես, որ բալկոններից ներս չի գալիս»:

Բնակիչ Ժենյա Ավետիսյանի պատմելով՝ իրենք ում ասես, որ չեն դիմել՝ այծերին շենքի տարածքից վտարելու համար, բայց՝ անօգուտ. «Ամենքն իրենց հերթին մի-երկու ուլ են վերցնում կամ մի քանի կիլո պանիր ու հարցին ընթացք չեն տալիս»: Բնակիչները վստահ են, որ Մնացական Նավոյանն իր այծերից երբեք չի հրաժարվի. «Ինչի՞ պիտի այծերը ծախի, իրա համար մեծ եկամտի աղբյուր են: Մի ուլը 100 դոլար ա ծախում, 1 լիտր կաթն էլ՝ 700 դրամ: Ոչ կաթն ա ստուգվում, ոչ միսը, առնողների խելքն էլ չի հասնում, որ դա վարակի աղբյուր ա»:

Այծատերերն էլ զայրանում են, որ հարեւաններն իրենց հանգիստ չեն թողնում։ 77-ամյա Մնացական պապիկի մեկնաբանմամբ՝ «Մեր քրտնքով մի-երկու այծ ենք պահում, ո՞ւմ ենք խանգարում: Մենք չարչարվում ենք, կաթն ու մածունն էլ սրան-նրան ենք տալիս: Հիվանդատեր են լինում, փոքր երեխա են ունենում՝ գալիս-խնդրում են, մենք էլ ոչ մեկին չենք մերժում: Էսքան ժամանակ դեռ մի լիտր կաթ չենք ծախել: Էդ հարեւանները, որ բողոքում են՝ թող հիշեն, թե մի քանի տարի առաջ, մեր գոմի տեղում ինչ զարհուրելի աղբանոց էր: Բոլորն իրենց աղբը տանում էին ու էդտեղ թափում: Մեր ընտանիքի ուժերով օրեր շարունակ աղբանոցը մաքրել, ծառ ու թուփ ենք տնկել: Գիտեին, թե պիտի աղբանոցը մաքրենք ու իրենց փեշքեշ անե՞նք»: Ինչ վերաբերում է շենքի շրջակայքի գարշահոտին եւ այծերի պատճառով առաջացած միջատներին, ապա Մ. Նավոյանը վրդովվեց. «Մենք մեր գոմի տարածքը օրական մի քանի անգամ մաքրում ենք: Ո՞վ ա տեսել, որ այծից ու ոչխարից տառական առաջանա: Թող իրանց տները մաքուր պահեն, փնթի չլինեն, ու շառն էլ սրա-նրա վրա չգցեն: Զահլես տարան: Մի քանի այծ ա մնացել, Սբխեչին կծախեմ ու դրանցից կպրծնեմ»:

Խնդրի առնչությամբ Նոր Նորքի թաղապետարանի մամուլի քարտուղար Վալերի Հարությունյանն «Առավոտին» պարզաբանեց. «Այս խնդրով մինչ այժմ զբաղվել է համատիրությունը, որն էլ առ այսօր չի կարողանում հարցին լուծում տալ: Օրեր առաջ համատիրության նորընտիր նախագահը խնդրի մասին տեղեկացրել է թաղապետարանին: Մենք էլ պատրաստվում ենք դիմելու ոստիկանություն, որպեսզի նրանք դադարեցնեն սեփականատիրոջ ինքնագործունեությունը»: Վ. Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ ոչ ընտանի կենդանի պահողները պարտավոր են կենդանիների գոմերը կառուցել բնակելի շենքերից նվազագույնը 200 մետր հեռավորության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել