Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի գյուղը չանտեսեցին

Օգոստոս 16,2007 00:00

Երեկ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի ծրագրի շրջանակներում ընտրվեցին Հայաստանի այն գյուղական համայնքները, որոնք վարկ կստանան հիմնադրամից՝ ոռոգման համակարգերի բարելավման համար:

Ուշագրավ է, որ գյուղերի միջեւ ընտրությունը կատարվեց վիճակահանությամբ՝ համակարգչի միջոցով: Մարզերի ներկայացուցիչները մեծ էկրանի վրա շունչները պահած հետեւում էին համակարգչի քայլերին ու սպասում, թե երբ են իրենց գյուղի անունը կարդալու: Վիճակահանության ընթացքում ներկաները կատակում էին, որ համակարգիչը չի համարձակվի, ասենք, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի ծննդավայր Արարատի մարզի Մխչյան գյուղը չընտրել: Բախտի բերմամբ թե պատահմամբ՝ այդ գյուղն իսկապես ընտրվեց եւ վարկավորման հենց առաջին փուլում մարտահրավերների հիմնադրամից կֆինանսավորվի:

Ծրագրի ղեկավար Անահիտ Պետրոսյանը հայտնեց, որ ծրագրի շահառուներին ընդհանուր առմամբ կտրամադրվի $8.5 մլն, որը հնարավորություն կընձեռի մոտ 8 հա հողատարածքում բարձրարժեք ու շահութաբեր մշակաբույսերի արտադրություն կազմակերպել. «Գյուղացիները հնարավորինս քիչ ծախսեր կկատարեն, բայց բարձր եկամուտներ կստանան»: Ինչպես բացատրեց ծրագրի պատասխանատու Անու Ռանգարաջանը, ընտրությանը մասնակցում են միայն ջրօգտագործող այն գյուղերը, որոնք ունեն կայուն եւ հուսալի ոռոգման համակարգ, այսինքն՝ հիմնադրամի այս միջոցները ոչ թե նոր ոռոգման համակարգ ստեղծելու համար են, այլ՝ այդ համակարգն ավելի արդյունավետ օգտագործել սովորեցնելու: Ծրագրի ընթացքում ընտրված գյուղերի ֆերմերները մասնագիտական դասընթացներ են ունենալու: Ոռոգման նորմալ համակարգ չունենալու պատճառով 82 գյուղ ծրագրից դուրս է մնացել: Ոռոգման ցանցը բարելավվելուց հետո միայն այդ գյուղերը կարող են ծրագրին մասնակցելու հավակնություն ունենալ: Մնացած բոլոր գյուղերը 3 փուլով կմասնակցեն ծրագրին: Երեկ համակարգիչը ոռոգման համակարգ ունեցող 277 գյուղերից ընտրեց 120 գյուղական համայնք, որոնք 2008-ին կվարկավորվեն: 2009-2010թթ. վարկ կստանա 77 գյուղ եւ եւս 80-ը ֆինանսական աջակցություն կստանա ծրագրի 3-րդ փուլում՝ 2011 թվականին: Նկատենք, որ Հայաստանում քիչ են այն գյուղերը, որոնք կայուն ոռոգման համակարգ ունեն: Օրինակ՝ երեկ ընտրված գյուղերից շատերի ոռոգման համակարգը խիստ անհուսալի վիճակում է: Մասնավորապես, Լոռու մարզի 105 գյուղական համայնքներից ընտրված երկու գյուղերի՝ Սարահարթի ու Գյուլագարակի ոռոգման ներքին ցանցը քայքայված ու բարձիթողի վիճակում է: Լոռու մարզի մարզպետարանի առաջատար մասնագետ Վարդան Մալաքյանի ներկայացմամբ՝ Սարահարթ գյուղի դաշտերի ոռոգման համար նախատեսված կառույցն այս տարվա գարնանը ջրհեղեղի ժամանակ գետը քշել-տարել է, ու հիմա գյուղացիները ներքին ինքնահոս ցանցից են օգտվում, ուստի առաջիկա տարիներին իրենց ֆերմերները հազիվ թե կարողանան մարտահրավերների հիմնադրամի ծրագրի ընթացքում իրենց սովորածը պրակտիկայում կիրառել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել