Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖԻԶԻԿԱՊԵՍ ԼԱՎ ԵՄ, ԲԱՅՑ ՀՈԳԵՊԵՍ ՏԱՆՋՎՈՒՄ ԵՄ»

Օգոստոս 16,2007 00:00

Վարդենիսի տուն-ինտերնատի երեխաները շատ ծանր են տանում, որ ծնողներն ամիսներով իրենց չեն այցելում:

Վարդիթեր Սիմոնյանը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից է: Հոկտեմբերի 13-ին նա կդառնա 24 տարեկան: Արդեն 3 տարի է՝ Վարդիթերն ապրում է Վարդենիսի տուն-ինտերնատի մանկական 6-րդ բաժանմունքում: Այստեղ հիմնականում Խարբերդի մանկատնից մտավոր հետամնացություն ունեցող հիվանդ երեխաներ են, որոնք չափահաս դառնալուց հետո տեղափոխվում են Վարդենիս: Ներկայումս Վարդենիսի տուն-ինտերնատում 18 տարեկան եւ բարձր տարիքի մոտ 40 հիվանդ կա, որոնք ամեն օր մեծ անհամբերությամբ սպասում են իրենց հարազատների այցելությանը: Երբ ինտերնատում էինք, հիվանդները հյուր տեսնելով՝ փորձում էին մտաբերել, թե իրենցից որի՞ բարեկամն եմ ես:

Ինտերնատում ապրող հիվանդների հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանց ծնողներն ու հարազատներն այնքան էլ հաճախ չեն այցելում: Սեփական ծնողների անտարբերությունը տեսնելով՝ հիվանդները իրենց նկատմամբ հոգատար դաստիարակչուհիներին շնորհակալություն հայտնելու համար հաճախ վերջիններիս են «մամա» ասում:

Վարդիթերն իր՝ տուն-ինտերնատում հայտնվելը պայմանավորեց ծնողների ամուսնալուծությամբ եւ ընտանիքի վատ սոցիալական պայմաններով. «Խորթ մամա ունեմ, ինձանից չի հրաժարվում, ամիսը մեկ գալիս է ինձ տեսության, իսկ իմ հարազատ մաման՝ քեռիներիս հետ, ամեն շաբաթ է գալիս: Ինձ խոսք է տվել, որ մի քանի օրից կտանի տուն, բայց չեմ հավատում: Ամեն անգամ ասում է՝ չի տանում: Շատ եմ ուզում տուն գնամ: Երբ նեղվում եմ՝ Շուշիկ տոտան (նկատի ունի ինտերնատի ավագ բուժքրոջը,- Գ. Բ.) չի թողնում, որ լացեմ, հանգստացնում է: Ես ֆիզիկապես լավ եմ, բայց հոգեպես տանջվում եմ, շատ եմ կարոտում, առանց ծնողի ապրելը շատ դժվար է»: Վարդիթերը շատ է սիրում թղթախաղ ու գնդակ խաղալ: Լավագույն բանը, որ լինում է իր կյանքում՝ խաղալն ու պարելն է. «Ամեն երեկո մագնիտաֆոնը միացնում ենք, երեխեքով ուրախանում ենք, էդ պահերին շատ երջանիկ եմ»:

Վարդիթերը գոհ է ինտերնատից, ասում է, որ այստեղ շատ համեղ ճաշեր են պատրաստում ու ամեն օր իրենց լողացնում են: Նա էլ դաստիարակներին այնքան է սիրում, որ նրանցից մեկին՝ տիկին Նինային, «Նինա մամա» է դիմում. «Ինչ ասում եմ՝ սրտանց ու ճիշտ եմ ասում, հավատացեք: Ճիշտ է, դպրոց չեմ գնացել, բայց խելքս տեղն է, եթե մեկին սիրում եմ՝ ուրեմն արժանի է»:

31-ամյա Նաիրա Պետրոսյանն ընդհանրապես այցելուներ չի ունենում, նա ոչ մի հարազատ չունի: Մտերիմներ նույնպես չունի, իրեն ընկերուհի է համարում տուն-ինտերնատի բուժքույրերին: Նաիրան մտավոր հետամնաց է, չէր հիշում նույնիսկ իր անուն-ազգանունն ու տարիքը, միայն մտաբերեց, որ երկար ժամանակ է, ինչ ինտերնատում է. «Այստեղ ինձ լավ եմ զգում, ամեն օր երգում ու պարում եմ»:

Իր անունը չկարողացավ հիշել նաեւ Անահիտ Ջավադյանը: Նա 21 տարեկան է եւ արդեն 12 տարի է՝ ապրում է ընտանիքից հեռու: Ծնողներ ու շատ հարազատներ ունի, բայց վերջիններս Անահիտին այցելում են հազվադեպ: Բուժքույրերը պատմեցին, որ վերջերս, երբ Անահիտին այցելության են եկել քույրերը, նրա ուրախությանը չափ ու սահման չի եղել:

«Առավոտի» հետ զրույցում տուն-ինտերնատի տնօրեն Սամվել Խաչատրյանը նշեց, որ մյուս բաժանմունքի հետ համեմատ, 6-րդ բաժանմունքում ավելի շատ խնամք է պահանջվում, քանի որ այստեղ ապրում են էպիլեպսիկ, հաշմանդամ եւ թերի զարգացած հիվանդները: Նրա խոսքերով՝ 6-րդ բաժանմունքում նույնիսկ տարբերակված կադրային քաղաքականություն է վարվում. եթե այլ բաժանմունքներում հսկիչներն ու սանիտարները երեքն են, ապա այստեղ նրանք 5-ն են, քանի որ հիվանդների մեծ մասը թուլակազմ է եւ նրանց նույնիսկ զուգարան տանում-բերում են բուժքույրերը: Ս. Խաչատրյանը նշեց, որ ընտանիք-հիվանդ կապը պահելու համար ինտերնատի տնօրինությունը ստիպված է եղել սոցիալական աշխատողների դիմել, որ հարազատներին խնդրեն՝ չմոռանալ իրենց հիվանդներին: Վերջերս սոցիալական աշխատողը եղել է հիվանդներից մեկի ընտանիքում, ու պարզվել է՝ ընտանիքի անդամներն այնքան երկար ժամանակ չեն այցելած եղել ինտերնատի իրենց բարեկամին, որ նույնիսկ զարմացել են, որ իրենց հիվանդը դեռ կենդանի է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել