Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉԻՆՉ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ

Օգոստոս 16,2007 00:00

«Ժառանգությունում» չեն բացառում ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելը, ո՛չ «Ժառանգություն»-ՀՅԴ-ԱԺՄ ձեւաչափի ձեւավորումը:

ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո «Ժառանգությունն» ընտրություններին մասնակցած ընդդիմադիր կուսակցություններից մեկն էր, որ թեեւ հաղթահարել էր ԱԺ մտնելու 5 տոկոսանոց արգելքը, այդուհանդերձ, հայտարարում էր, թե իրեն տրված քվեները մեծապես կեղծվել՝ նվազեցվել են: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո տրամաբանությունը հուշում էր, որ «Ժառանգությունն» ամենամեծ հնարավորությունն ու հասարակության վստահության ռեսուրսն ունի առաջիկա նախագահական ընտրություններում իր սեփական թեկնածուով հանդես գալու համար: Սակայն ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերջին զարգացումները վկայում են, որ կուսակցությունը ոչ միայն չի պնդում հատկապես սեփական թեկնածուի շուրջ, իսկ բնական է, որ այդ թեկնածուն հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է, ընդդիմադիր դաշտի համախմբման տարբերակը, այլեւ՝ երկրորդական է համարում մասնակցել նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ ընդդիմադիր որոշ ուժերի միջեւ ընթացող բանակցություններին: Հիշեցնենք, որ Աշոտ Մանուչարյանի եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած այդ բանակցություններին «Ժառանգությունը» ներկայանում է ի դեմս Վարդան Խաչատրյանի: Այս փաստը մեկնաբանելու խնդրանքով երեկ «Առավոտը» դիմեց «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին:

«Մենք նպատակ ունենք Արագածոտնի թիվ 15 ընտրատարածքում, որտեղ կուսակցության առաջնորդն առաջադրվել է որպես թեկնածու՝ մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, հաղթել, եւ հիմա բոլոր ռեսուրսները՝ ե՛ւ մեր ժամանակը, ե՛ւ մարդկային ուժը, ուղղված են այդ նպատակին: Նախագահական ընտրությունների հարցին մենք անդրադառնալու ենք աշնանը տեղի ունենալիք կուսակցության համագումարի ժամանակ»,- պարզաբանեց կուսակցության մամլո խոսնակը: Ըստ նրա, մինչեւ նախագահի թեկնածության առաջադրման եւ մասնակցության ձեւի հարցը համագումարում լուծում չստանա, ընդդիմադիր ուժերի միջեւ նախնական բանակցություններն ու ակտիվացումը, այն էլ թիվ 15-ում սպասվող ընտրությունների թեժ փուլում, «Ժառանգությունն» իր համար ժամանակավրեպ է համարում: «Բայց, ամեն դեպքում, այդ բանակցությունների վերաբերյալ այս կամ այն կերպ մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը: Մասնավորապես Ր. Հովհաննիսյանն է հայտարարել, որ նա չի բացառում իր թեկնածության առաջադրումը: Հասկանալի է, որ ամեն դեպքում առաջադրման հետ կապված իրավական տեսանկյունից որոշակի պրոբլեմ դեռ կա: Թեեւ ե՛ւ Ր. Հովհաննիսյանը, ե՛ւ մենք՝ կուսակցությունը, համարում ենք, որ Ր. Հովհաննիսյանն անօրինական կերպով է զրկվել 1991թ.-ից քաղաքացիություն ստանալու իրավունքից, բայց, ամեն դեպքում, քանի որ փաստացի իրավական խոչընդոտը կա, ինքը նաեւ որոշակի վերապահումներ միշտ ունենում է իր թեկնածության առաջադրման հարցի մասին խոսելիս»,- արձանագրեց Հ. Խուրշուդյանը՝ ամեն դեպքում հիշեցնելով կուսակցության առաջնորդի վերջին ասուլիսում արած հայտարարությունը, թե՝ չի բացառում նաեւ իր թեկնածության առաջադրումը: Հ. Խուրշուդյանը նաեւ այս նկատի ունենալով՝ կարծիք հայտնեց, թե «որքանո՞վ են մեր գործընկերները հակված Ր. Հովհաննիսյանի առաջադրմանն ու նրա շուրջ համախմբմանը կամ հակված չեն՝ դա արդեն նրանց խնդիրն է»: Համենայն դեպս, ի պատասխան մեր հարցադրմանը, պարոն Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ Ր. Հովհաննիսյանը՝ որպես արդեն մեկ անգամ հասարակության վստահության քվեն ստացած ուժի առաջնորդ, պատասխանատվություն է զգում ոչ այնքան միմիայն իր թեկնածությունն առաջադրելու, այլ նաեւ ընդհանրապես՝ այսօրվա քաղաքական իրավիճակից ելք գտնելու առումով:

Իսկ արդյո՞ք թիվ 15-ի ընտրությունները Ր. Հովհաննիսյանի համար նախագահական ընտրություններից վստահության եւ հեղինակության որոշակի ստուգատեսի, մարդկանց տրամադրությունները շոշափելու բնույթ չեն կրում: Մեր այս հարցին ի պատասխան՝ «Ժառանգության» մամլո խոսնակը հավաստիացրեց. «Այդ ընտրություններին մասնակցելով՝ մենք մի քանի խնդիր ենք լուծում: Ամենակարեւորը՝ մենք, իրոք, ուզում ենք, որ այդ ընտրատարածքի բնակչությունն ԱԺ-ում ունենա արժանի ներկայացուցիչ: Երկրորդ, մենք այդ ընտրությունների միջոցով ուզում ենք վերադարձնել մեզանից գողացված ձայները, որոնք բազմահազար էին՝ հատկապես գյուղական վայրերում: Երրորդ, ի վերջո, ժողովուրդը միշտ ընդդիմությանն արդարացիորեն մեղադրել է այն բանում, որ նա միայն նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ է ակտիվանում, իսկ մնացած բոլոր մակարդակների ընտրությունները թողնված են տարբեր տեսակի հեղինակություններին կամ իշխանության թեկնածուներին: Մենք ուզում ենք կոտրել գոյություն ունեցող այդ ստերեոտիպն ու մասնակցել նաեւ մեծամասնական, ՏԻՄ ընտրություններին: Մենք համարում ենք, որ պայքարը՝ միայն ԱԺ եւ նախագահական ընտրություններին մասնակցելով, սխալ է, այն պետք է լինի բոլոր մակարդակներում, մանավանդ, երբ կուսակցությունն ու Ր. Հովհաննիսյանը՝ իր հեղինակությամբ, ունեն այդ ռեսուրսը: Կասկած չկա, որ օգոստոսի 26-ի ընտրություններում Ր. Հովհաննիսյանը կհաղթի»:

Քաղաքական եւ, մասնավորապես, ընդդիմադիր դաշտի գործիչների շրջանում կարծիք կա, թե «Ժառանգության» պասիվ մասնակցությունն ընդդիմադիր ուժերի բանակցություններին, նաեւ սեփական թեկնածուով հանդես գալու մասին միանշանակ հայտարարություններից խուսափելը բացատրվում են նախագահական ընտրություններում այդ կուսակցության, ՀՅԴ-ի եւ ԱԺՄ-ի համատեղ հանդես գալու եւ ի դեմս դրանց «ազգային» կուսակցությունների միավորման ձեւաչափ ձեւավորելու հնարավորությամբ:

«Ես կարող եմ ընդամենը կրկնել Ր. Հովհաննիսյանի խոսքերը. որ որեւէ բան բացառված չէ: Ր. Հովհաննիսյանն էլ է հայտարարել, որ չի բացառվում ոչ միայն իր առաջադրումը, այլեւ իր եւ կուսակցության կողմից որեւէ այլ թեկնածուի պաշտպանությունը: Այսինքն, ձեւաչափերը տարբեր կարող են լինել, ու հե՛նց այսօրվանից որեւէ բան բացառել հնարավոր չէ»,- պարզաբանեց Հ. Խուրշուդյանը:

Տեսակետ կա նաեւ, որ հիշյալ ուժերի ձեւաչափը նախատեսվում է կյանքի կոչել այն դեպքում, եթե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշի առաջադրվել: Այդ դեպքում այդ ձեւաչափին, իշխանության գծած սցենարով, վերապահված է լինելու չեզոքացնել Լ. Տեր-Պետրոսյանին կամ գոնե նրանից ձայներ խլել: «Ես չասացի, որ այդ ձեւաչափն արդեն ծրագրված է, եւ նման որոշում կայացված է, որ հիմա էլ ենթադրություն անենք, թե այդ ձեւաչափը կայանալուց հետո ինչ խնդիրներ պետք է լուծի: Առավել եւս ես չեմ ընդունում, որ դա ինչ-որ մեկի կողմից կարող է օգտագործվել՝ այն էլ ինչ-որ մեկի դեմ: Ես դա ուղղակի բացառում եմ: Կարծում եմ, որ Ր. Հովհաննիսյանը շատ ավելի գլոբալ եւ լուրջ խնդիրներ է դնում իր առջեւ, եւ նույնը վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը»,- պնդեց կուսակցութան ներկայացուցիչը:

Իսկ ընդհանրապես՝ Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձին «Ժառանգությունն» ինչպե՞ս է վերաբերվում: Հ. Խուրշուդյանն այս դեպքում հայտնեց իր մասնավոր կարծիքը, քանի որ կուսակցությունում նման քննարկում եւ, առավել եւս, որոշում չի ընդունվել. «Շատ ողջունելի կլինի, որ նախագահական ընտրություններին մասնակցեն մաքսիմալ թվով քաղաքական գործիչներ: Մենք գիտենք, որ նախագահական ընտրություններին մասնակցելու արժանի գործիչները Հայաստանում այնքան էլ շատ չեն, իսկ Տեր-Պետրոսյանի վերադարձը եւ մասնակցությունը նախագահական ընտրություններին ավելի կհարստացնի այդ ընտրությունները եւ կբարձրացնի ընտրությունների նշաձողը: Ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանն ու Ր. Հովհաննիսյանը միմյանց արժանի մրցակիցներ կլինեն»:

Հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման դեպքում որոշի պաշտպանել վերջինիս: Ըստ Հ. Խուրշուդյանի՝ «ոչինչ բացառված չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել