Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշումն ահագնանում է

Օգոստոս 16,2007 00:00

Սպիտակ տունը մտադիր է Իրանի «Հեղափոխության պահապանների» 125 հազարանոց զորախումբն ամբողջությամբ դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքը:

Այս մասին հաղորդում է The Washington Post–ը, նկատել տալով, որ այդպիսով պատմության մեջ առաջին անգամ ահաբեկչական կհռչակվի պետական կանոնավոր բանակի մի հատվածը: Աղբյուրը չի ճշտում, թե հատկապես երբ դա տեղի կունենա, սակայն, հղում անելով Սպիտակ տան անանուն աղբյուրներին, փոխանցում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմում այդ հարցով վերջնական որոշում կկայացվի նախքան ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելուն նվիրված լսումների նոր փուլի մեկնարկը: Թերթը նշում է, որ «պահապաններին» ահաբեկչականի խարան փակցնելու շուրջ, այնուամենայնիվ, վարչակազմում լիակատար համաձայնություն չի եղել. որոշ ազդեցիկ պաշտոնյաներ պնդել են այդպիսին համարել միայն վերոհիշյալ զորախմբի «Երուսաղեմյան բրիգադ» կոչված ստորաբաժանումը, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել Իրանի սահմաններից դուրս գտնվող իսլամական կազմակերպություններին: Ի վերջո, հաղթանակել է Սպիտակ տան առավել արմատական տրամադրված թեւը, ինչի արդյունքում, Իրանի ամենաընտրյալ եւ երկրի քաղաքական ու տնտեսական կյանքի վրա վիթխարի ազդեցություն ունեցող ռազմական այդ կառույցն ամենամոտ ապագայում կարող է պաշտոնապես ընդգրկվել ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական գնահատվող կազմակերպությունների շարքը:

«Իսկ ի՞նչ կտա դա Վաշինգթոնին», հարցնում է The Washington Post–ը եւ ինքն էլ պատասխանում. այդ կառույցի «ահաբեկչականացումը» ԱՄՆ-ին հնարավորություն կտա շրջափակել ինչպես անմիջականորեն նրան, այնպես էլ այս կամ այն կերպ վերջինիս առնչվող մի շարք այլ ընկերություններին ու կազմակերպություններին պատկանող արտասահմանյան բանկային հաշիվները: Բացի այդ, դա Վաշինգթոնի համար լավ «իրավաբանական հիմք» կծառայի ճնշումներ բանեցնել բոլոր այն օտարերկրյա ըկերությունների նկատմամբ, որոնք ցանկացած տեսքով (առեւտուր, ծառայությունների մատուցում եւ այլն) համագործակցում են «պահապանների» հետ: «Փաստորեն, նման քայլն այլ բան չէ, քան ուղղակի հարձակում Իրանի տնտեսության վրա, քանի որ հենց Պահապանների կորպուսի կողմից է վերահսկվում այդ երկրի ամենակարեւոր եւ կենսական նշանակություն ունեցող ձեռնարկությունների գործունեությունը»,- եզրակացնում է The Washington Post–ը:

Ակնհայտ է, որ ամերիկյան վարչակազմի այս նախաձեռնությունն առաջին հերթին հարվածելու է ռուսական մի շարք խոշոր ընկերությունների, որոնք, ինչպես հայտնի է, միջուկային եւ ռազմական ոլորտներին առնչվող բազմամիլիոնանոց պայմանագրեր ունեն Իրանի հետ: Սակայն առավել անհանգստացնողն այն է, որ ուշ թե շուտ դրանից, անխուսափելիորեն, տուժելու է նաեւ Իրանի հետ բազմաթիվ կենսական թելերով կապված Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել