Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱԿԵՐՊՎԵՔ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵ՛ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

Օգոստոս 16,2007 00:00

Կոչ էր անում Գալուստ Սահակյանը՝ «մերն» ասելով նկատի ունենալով Հանրապետական կուսակցությանը

«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը Հանրապետական կուսակցության կարկառուն, բայց այլեւս շարքային անդամ Գ. Սահակյանն էր, որն իրեն հատուկ (ինչպես ինքը կասեր՝ «ներհատուկ») բառապաշարով ներկայացրեց ներքին քաղաքական իրավիճակը:

Ընդդիմադիր ուժերի հավաքներին կամ, Գ. Սահակյանի ձեւակերպմամբ՝ «այն սեթեւեթանքներին, որ հավաքվում են տարբեր տեղեր, ցուցադրվում են հասարակությանը», նա տվեց հետեւյալ գնահատականը՝ «քաղաքական թիմերը հետախուզական աշխատանքներ, զոնդաժային քաղաքականություն են վարում»: Այդ առթիվ պարոն Սահակյանը հումոր անելու տխուր փորձ ձեռնարկեց. «Հումորով ասեմ, որ «Մկների ժողովին» է նմանվում, սակայն մի քիչ հակառակ բեւեռներով, որովհետեւ այն դեպքում բոլորը խուսափում էին զանգ կախելուց, իսկ այսօր բոլորն ուզում են զանգ կախել, եւ չգիտես՝ ո՞ւմ դեմ, ինչի՞ համար, որեւէ քաղաքական տրամաբանության չի ենթարկվում, երբ փորձում են միավորվել, որպեսզի ունենան երկրում նախագահ: Երբ միայն նախագահ ունենալու համար են մասնակցում ընտրություններին, դա, կարծում եմ, պատշաճ չէ: Քաղաքական թիմերը պիտի կարողանան այդ ընտրություններում որոշակիորեն հիմնավորվել կամ՝ հակառակը: Եթե ասում են՝ բոլորով հավաքվենք, տանենք զանգը կախենք, եւ չեն ասում, թե այդ զանգն ինչի՞ համար է՝ եկեղեցական զա՞նգ է, թե՞ ինչպես սովորաբար գյուղերում առաջնորդող այծի պարանոցից են այդ զանգը կախում. եթե դրա մասին խոսք չի գնում, եւ ասում են՝ զուտ իշխանություն, զուտ նախագահ վերցնենք՝ գաղափարների մասին խոսք լինել չի կարող»:

Պարոն Սահակյանը մի քանի անգամ կրկնեց, որ, ի տարբերություն իրենց, մյուս քաղաքական ուժերը սահմանափակվում են Երեւանով եւ մոռանում են ժողովրդի մասին. «Իմիտացիա են ստեղծում, որ որոշակի ակտիվություն կա նաեւ իրենց մոտ, բայց պիտի ասեմ, որ հակառակ երեւույթն է տեղի ունենում, եւ սա իր մեջ կարող է պարունակել որոշակի անորոշություն: Մեր պետության ներսում փայլուն չեն բոլոր գործերը, բայց մեր եւ ընդդիմության տարբերությունն այն է, որ մենք փորձում ենք նաեւ դեղամիջոցը գտնել, իսկ մյուսները միայն ասում են՝ իրողությունը սա է, եթե մենք գանք իշխանության, ունենանք նախագահ, ամեն ինչ լավ կլինի»:

Չնայած բոլոր իմիտացիաներին ու սեթեւեթանքներին, ըստ պարոն Սահակյանի, ընդդիմության վիճակն այլեւս անհույս է. «Ժամանակը ցույց է տալիս, որ ընդդիմությունը չի կարողանում միավորվել: Նոր քաղաքական ուժեր չեն ձեւավորվելու, եղածներն էլ խորհրդարանական ընտրություններին մեծ փորձություն անցան եւ պիտի համակերպվեն այն մտքի հետ, որ հանրապետականը նախագահական ընտրություններին իր վճռորոշ դերակատարումը կունենա եւ կունենա իր նախագահը: Ժողովրդի վիճակն այնքան ծանր չէ, որ, ասենք թե, մինչեւ վերջ կշտացել է իրականությունից եւ ոտքի է կանգնել: Գնացեք մարզերը, տեսեք որեւէ քաղաքական ուժի նկատմամբ պատկերացում ունե՞ն: Որոշակի տեղեր խոսում են «Բարգավաճի» կամ ՀՅԴ-ի մասին, մնացած տեղերը լրիվ ամայի են, իրենք նույնիսկ ոտնահետք չունեն, որ կարողանան խմբով գնան, այդ ծառի տակ կանգնեն, իրենց քարոզչությունն անեն»: Գ. Սահակյանը մեր ժողովրդի մասին այնքան էլ լավ կարծիք չուներ, դատելով նրանից, թե, ըստ իրեն, ի՞նչն է այսօր ամենից շատ հուզում շարքային հայաստանցուն: «Եթե կկարողանան ժողովրդին հավատացնել, իսկ ժողովրդին ձեռնտու է մեկ արգումենտ բերել, որ 2008-ին կարող են թոշակները ոչ թե 60%, այլ 360%-ով բարձրացնել, բնականաբար, արդյունքներ կունենան»,- ենթադրեց նա:

Գալուստ Սահակյանը իշխանության այն քիչ ներկայացուցիչներից է, որը ՀՀ առաջին նախագահի մասին արտահայտվելիս իրեն երբեւէ թույլ չի տվել կոռեկտության սահմաններն անցնել, երեկ նույնպես բացառություն չէր: «Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր սովորական քաղաքական կուսակցության լիդեր չէ, նա մեր առաջին նախագահն է՝ դա պատմական երեւույթ է, եւ իրողությունների մեծ շնորհը պատկանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ես ինձ շատ վատ եմ զգում, որ այսօր քաղաքական թիմերը շահարկում են նրա անունը: Նա խոհեմ, կշռադատ քաղաքական գործիչ է, եւ ինքը կարող է իր տեսակետը առաջադրել: Ես չեմ հավատում, որ նա կառաջադրվի, եթե առաջարկելու լիներ, նախորդ 2-3 տարիների ընթացքում որեւէ քաղաքական թիմ դրա հիմքերը պիտի դներ: Եթե առաջադրվի, մեր ռազմավարությունը մի քիչ կփոխվի, բայց արդյունքները նույնն են լինելու»,- կանխատեսեց Գալուստ Սահակյանը, ում կարծիքով՝ «նախագահը սովորական աշխատանք չի, դա անձնազոհության կերտվածք է»:

Նա եւս մի կանխատեսում արեց, համաձայն որի՝ «եթե յուրաքանչյուր կուսակցության լիդեր իր մեջ նախագահ տեսնի եւ իր թեկնածությունն առաջադրի, եւ տասից ավելի թեկնածուներ լինեն, երկրորդ փուլ տեղի կունենա: Իսկ եթե լինի երեք-չորս թեկնածու, կավարտվի մեկ փուլով:

Չկա այն քաղաքական պայմանը, որ առաջին փուլով կավարտվի նախագահական ընտրությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել