Օգոստոսի 18-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ Հալլե» մարզապալատում IBF-ի վարկածով միջին քաշային կարգում (72,574 կգ) աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեկ այլ հայաստանցու՝ ներկայումս Համբուրգում բնակվող Խորեն Գեւորգյանի (Խորեն Գեւոր) հետ մենամարտում պետք է պաշտպանի իր չեմպիոնական գոտին:
Եթե գերմանացի հանրահռչակ բռնցքամարտիկ Մաքս Շմելինգը, որը ժամանակին հաղթել է անվանի Ջո Լյուիսին եւ որի անունով կոչված մարզապալատում կայանալու է այդ մենամարտը, տեսներ, թե ովքե՞ր են այդ օրը ռինգ մտնելու, անկասկած, հաճելիորեն կզարմանար: Դեռեւս 90-ականներին պրոֆեսիոնալ բռնցքամարտում գերիշխում էին ամերիկացիները՝ չեմպիոնական գոտիների ճանապարհին աջուձախ ջարդուփշուր անելով բոլորին: Դրա համար էլ Շմելինգը եզակի երեւույթ էր համարվում: Հիմա կշեռքի նժարը փոխվել է Եվրոպայի կողմը, իսկ ամերիկացիներն ավելի շատ իրենք են «սպիտակ ագռավի» դերում հայտնվել: Եվ ուրախալի է, որ բռնցքամարտի եվրոպական դպրոցի հեղինակության բարձրացման գործում նշանակալի ավանդ են ունենում հայաստանցիները:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան), որի մականունն «Արքա» է, պրոումոթեր Վիլֆրեդ Զաուերլանդի համոզմամբ` Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկն է: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 23 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել է մրցակիցներին: Ընդ որում, 18-ը՝ նոկաուտով:
Ինչ վերաբերում է նրա մրցակից Խորեն Գեւորին (Խորեն Գեւորգյան), նա ներկայումս գլխավորում է WBO-ի վարկածով վարկանիշային ցուցակը եւ տիտղոսի պարտադիր հավակնորդ է: Խորենն ընդհանուր առմամբ անցկացրել է 29 մենամարտ, տարել 27 հաղթանակ (15-ը՝ նոկաուտով) եւ կրել ընդամենը 2 պարտություն: