Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդան» ստադիոնը պոտենցիալ աղետ է»

Օգոստոս 15,2007 00:00

Այս համոզմանն է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը

Օրերս հրավիրած մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլի ներկային եւ ապագային առնչվող բազմաթիվ հարցերի շրջանակներում անդրադարձավ նաեւ հանրապետության ամենամեծ մարզաբազայի՝ «Հրազդան» ստադիոնի աղետալի վիճակին:

«Մի անգամից ասեմ. «Հրազդան» ստադիոնը պոտենցիալ աղետ է մեր ժողովրդի համար,- ասաց նա:- Ինչ վիճակ ես անձամբ եմ տեսել այնտեղ, պարզապես սարսափելի է: Այն ամեն րոպե կարող է փլուզվել: Հատկապես՝ արեւելյան տրիբունան: Ես դեմ եմ, որ այդքան մեծ չափերի մարզակառույցները սեփական լինեն: Այսօր Հայաստանում չեմ տեսնում մի այնպիսի գործարարի, որն այդքան դրամ աշխատի եւ ի վիճակի լինի պահել այդ մարզադաշտը, քանի որ խոսքն աստղաբաշխական թվերի մասին է: Ինքս ամեն օր շփվում եմ «Հանրապետական» ստադիոնի խնամքի ու պահպանման համար անհրաժեշտ գումարների հետ: Հիմա պատկերացրեք, թե «Հրազդանը» քանի՞ անգամ է մեծ: Հետեւաբար, պահանջվող գումարն էլ դրան համապատասխան է: Չմոռանանք, որ մինչ այդ էլ հարկավոր է նախ ստադիոնը հիմնանորոգել: Իմ համոզմամբ՝ պետությունը պետք է զբաղվի այդ մարզակառույցի ճակատագրով, մի լուծում գտնի: Եվ որքան շուտ՝ այնքան լավ: Գուցե ճիշտն այն քանդելն ու դրա տեղը նորը կառուցե՞լն է: Մասնագետ չեմ, դա շինարարները կարող են ասել: Բայց ես այլ տարբերակ չեմ պատկերացնում»:

«Առավոտի» հարցին, թե ինքը, որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, կառավարության առջեւ այդ հարցը բարձրացրե՞լ է, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Խնդիրն արդեն չորս-հինգ ամիս ինձ շատ է հետաքրքրում: Զրուցել եմ ստադիոնի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ: Նաեւ որպես պատգամավորներ, պատրաստվում ենք լուրջ հիմնավորումներով դիմել կառավարություն՝ նախ եւ առաջ հավանական աղետը կանխարգելելու նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել