Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԱՊԵՍ ՏԵՆՈՐ «ԳՏՆՎԵՑ»

Օգոստոս 15,2007 00:00

Օպերայի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը «նկատեց» երիտասարդ երգիչ Հովհաննես Այվազյանին

1990-ականի վերջերին, երբ հանրահայտ օպերային տենոր Գեղամ Գրիգորյանը ստանձնեց Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, տարբեր առիթներով սկսեց հայտարարություններ անել, այդ թվում՝ «Առավոտին», որ Հայաստանում տենոր չկա: Դրան հաջորդեցին Երեւանի պետկոնսերվատորիայի վոկալի մասնագետների հակառակ պնդումները:

Վերջերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի բեմադրած Պուչինիի «Պայացներ» «մինի օպերայի» պրեմիերայից հետո սկսվեց հոլովվել տենոր Հովհաննես Այվազյանի անունը, որը հանդես եկավ Կանիոյի դերերգով: Ըստ մեր տեղեկությունների, երգիչը Գեղամ Գրիգորյանի կողմից օպերային թատրոնում աշխատելու հրավեր է ստացել:

Օրերս երգիչը հյուրընկալվել էր «Առավոտի» խմբագրությունում: Նա հաստատեց մեր տեղեկատվությունը, հավելելով, որ արդեն Ազգային օպերային թատրոնում իրեն հանձնարարված է պատրաստել Սայաթ-Նովայի դերերգը՝ Ալ. Հարությունյանի համանուն օպերայում: Քանի որ Հ. Այվազյանը նոր անուն է օպերային արվեստի ոլորտում, խնդրեցինք նախ ներկայանալ: «Սովորում եմ Երեւանի կոնսերվատորիայի երկրորդ կուրսում, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի մեներգեցողության դասարանում (ընդ որում՝ Գ. Գրիգորյանը ժամանակին սովորել է հենց այդ պրոֆեսորի ղեկավարությամբ- Ս. Դ.): 2004-ին մասնակցել եմ «Վիվատ, պոբեդա» Մոսկվայում կայացած համառուսաստանյան փառատոնին, արժանացել առաջին մրցանակին: 2006-ին էլ մեծանուն երգչուհի Տաթեւիկ Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթում արժանացել եմ երկրորդ մրցանակի: Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում հանդես եմ եկել Պուչինիի «Թիկնոցը» օպերայում»,- ասաց մեր զրուցակիցը: Հարցին, թե իրեն ո՞վ հրավիրեց «Պայացներում» հանդես գալու, Հ. Այվազյանը պատասխանեց. «Երբ բեմադրիչ Սուքիաս Թորոսյանը ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարին Կանիոյի դերերգի համար առաջարկել էր իմ թեկնածությունը, պրն Թոփչյանը երկմտել էր: Միայն այն բանից հետո, երբ նա ինձ լսեց, հաստատվեցի այդ դերերգը կատարելու համար: Այժմ էլ դարձյալ Թոփչյանի ղեկավարությամբ պատրաստում եմ Հերցոգի դերերգը Վերդիի «Ռիգոլետոյում»: Ասեմ նաեւ՝ օպերայի համերգային կատարման պրեմիերան նախատեսված է այս տարվա աշնանը»:

Իսկ թե ինչպես պատահեց, որ երիտասարդ երգիչը արժանացավ խստապահանջ Գեղամ Գրիգորյանի ուշադրությանը, այս հարցին էլ ի պատասխան երգիչն ասաց. «Կոնսերվատորիայի պրոֆեսորս է ինձ ներկայացրել պրն Գրիգորյանին, որից հետո էլ նրա կողմից ստացա աշխատանքի հրավեր օպերային թատրոնում»:

Զրույցի ընթացքում խոսք գնաց նաեւ սկսնակ երգչի համար այնքան կարեւոր մի գործոնի՝ հովանավորի մասին: «Ինչ խոսք, ամեն ինչ գումարների հետ է կապված: Ո՞ր երգիչը չի ցանկանա մեկնել միջազգային մրցույթների կամ Արեւմուտքում մասնակցել վարպետության դասերի… Անձամբ ես հովանավոր չունեմ, գուցե գտնվե՞ն… Շատ եմ ուզում, որ, ի վերջո, մեզանում էլ ընդհանրապես դասական արվեստին, մասնավորապես՝ վոկալիստներին ուշադրություն դարձնեն հովանավորները: Կարեւորում ու անհրաժեշտ եմ համարում նաեւ հայաստանյան հեռուստաալիքներով դասական երաժշտության պրոպագանդումը, ինչի պակասը լրացնում ենք դիտելով ռուսաստանյան TV-ներն ու տեղական «Հայրենիքով» հեռարձակվող ֆրանսիական «Մեցցո» հեռուստաալիքի դասական ծրագրերը»,- հայտնեց Հ. Այվազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել