Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանի բացումը «կվախեցնի» մոնոպոլիստներին

Օգոստոս 15,2007 00:00

Այս կարծիքին է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը

Երեկ «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում» հայ-թուրքական հարաբերությունների քննարկման ժամանակ ամերիկահայ քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, թե «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում սառում են, եւ դա մեծացնում է մրցակցությունը մեր տարածաշրջանում»: Վկայակոչելով տարածաշրջանային զարգացումները եւ արձանագրելով, որ Վրաստանն ու Ադրբեջանը հստակորեն շարժվում են դեպի Արեւմուտք, վերլուծաբանը կարծիք է հայտնել, թե վտանգ կա, որ արդյունքում իր հիմնական դաշնակից Ռուսաստանի հետ սահման չունենալու արդյունքում «Հայաստանը կարող է մենակ մնալ»:

Խոսելով Հայաստանի առջեւ ծառացած դժվարությունների մասին, վերլուծաբանը, ըստ «Panorama.am»-ի, նշել է, որ մեր երկրի համար ամենամեծ ու ամենալուրջ վտանգը ո՛չ թե Թուրքիան կամ Ադրբեջանն են, այլ՝ երկրի ներսում առկա խնդիրներն ու ամենալուրջ մարտահրավերները՝ կոռուպցիան եւ վատ կառավարումը:

Թուրք-ամերիկյան հարաբերությունները, ըստ Ռ. Կիրակոսյանի, այժմ «շատ վատ են», եւ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը «որեւէ կերպ չի վտանգի ԱՄՆ-ի ազգային շահերը»:

Անդրադառնալով Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության խնդրին, Ռ. Կիրակոսյանը համոզմունք է հայտնել, որ եթե դա տեղի ունենա, ապա Թուրքիան ստիպված կլինի կրճատել իր ռազմական ծախսերը, ինչը նշանակում է, որ նա ավելի քիչ վտանգ կներկայացնի Հայաստանի համար: Մյուս կողմից, Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության արդյունքում Հայաստանը, ըստ վերլուծաբանի, կարող է դառնալ Եվրամիությանը սահմանակից պետություն: Ռ. Կիրակոսյանի կարծիքով, որքան դանդաղում է Թուրքիայի՝ ԵՄ մտնելու գործընթացը, այնքան ավելի է մեծանում երկրի ներսում համաթուրքական գաղափարների վերակենդանացման վտանգը, իսկ դա ուղղակիորեն կապված է Հայաստանի ազգային անվտանգության հետ:

Վերլուծաբանը երեկ նաեւ հայտարարել է, թե «առաջին անգամ Թուրքիայի ազգային անվտանգության համար կարեւոր է դարձել հայ-թուրքական սահմանի բացումը»: Ըստ Ռ. Կիրակոսյանի, Թուրքիայի համար մեծ վտանգ են ներկայացնում երկրի արեւելյան, քրդաբնակ շրջանները, իսկ այդ վտանգն ինչ-որ կերպ մեղմելու ամենահեշտ ճանապարհը դրանց տնտեսական զարգացումն է, որը կարող է տեղի ունենալ միայն Հայաստանի հետ սահմանը բացվելու դեպքում:

Իսկ ի՞նչ օգուտներ կքաղի Հայաստանը Թուրքիայի հետ սահմանները բացելու դեպքում: Այս հարցադրմանն ի պատասխան՝ վերլուծաբանը նշել է, որ, նախ՝ կակտիվանա առեւտուրը Հայաստանի ու արտաքին աշխարհի միջեւ, կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, իսկ քաղաքական առումով Հայաստանում կծավալվի իրական մրցակցություն, ինչը եւ, ըստ նրա, «կվախեցնի» երկրի ներսում քաղաքական ու տնտեսական մենաշնորհներ ունեցող գործիչներին: Ու թեեւ նա խուսափել է նշել մենաշնորհներ ունեցող անձանց անունները, սակայն ակնարկել է, որ դրանց թվում են, օրինակ՝ շաքարի կամ ծխախոտի բիզնեսով զբաղվող գործարարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել