Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՆՉԱԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԵՆ»

Օգոստոս 15,2007 00:00

Ասում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը

– Շատերը մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները համարում էին ավելորդ եւ անօգուտ կառույց: Այժմ, երբ «երիտասարդության» մի մասը մի նախարարությունից տեղափոխվեց մեկ ուրիշ գերատեսչություն, մի՞թե դրանով երիտասարդության հիմնախնդիրները այլեւս կստանան իրենց սպառիչ լուծումները:

– Մենք միշտ էլ երիտասարդության նկատմամբ քաղաքականությունը ճիշտ համակարգելու խնդիր ենք ունեցել: Այս դեպքում սպորտի նախարարությունում ընդգրկվելը ճիշտ էր, որովհետեւ ոլորտի քաղաքականությունը ինչ-որ ձեւով կապված է սպորտ, առողջ ապրելակերպ գաղափարների հետ։

– Մեր երկրում «առաջ են գնում» հիմնականում կուսակցական երիտասարդները, արդյունքում՝ ապակուսակցական-շնորհալիները մնում են ստվերում:

– Կուսակցական լինելն ընդամենը երիտասարդի ինքնադրսեւորման հնարավորություն է: Եթե երիտասարդը ակտիվ է, ապա մենք ցանկացած ձեւով խրախուսում ենք նրա հասարակական-քաղաքական գործունեությունը: Երիտասարդը պետք է լինի քաղաքականապես ակտիվ եւ մասնակցի իշխանության բաշխմանը: Թե ի՞նչ ճանապարհներով կամ ո՞ր կուսակցությանն անդամագրվելով է դրան հասնում, նրա որոշելիքն է: Մեր խնդիրն է խրախուսել այդ քայլը, այդպես էլ անում ենք:

– Պրն Պողոսյան, Հնչակյան կուսակցության երիտասարդական թեւի ատենապետ Նարեկ Գալստյանը վերջերս հայտարարեց, որ դեմ է «թռչնային հավաքներին», նկատի ունենալով «Բազեի» միջոցառումները: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

– Վերամբարձ հայտարարությունները, առավել եւս այդ երիտասարդի ասածը չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ ուղղակի պոպուլիստական հայտարարություններ անելը քիչ է, պետք է այս երկրում ինչ-որ բան անել: Նարեկին խորհուրդ կտամ վերամբարձ խոսքերի փոխարեն, իբրեւ կազմակերպիչ, մասնակցել «Բազե» հավաքին, ծանոթանալ, լսել երիտասարդներին եւ այդ ամբիոնն էլ օգտագործելով՝ որոշակի առաջարկություններ անել: Երբ քննարկվում էր պետական երիտասարդական հայեցակարգը, վերոնշյալ երիտասարդը կարծես թե ոչ մի քննարկման չմասնակցեց, որ գոնե բացասական կարծիք հայտներ: Խոսելը շատ լավ է, սակայն պետք է կոնկրետ քայլեր անել:

– Երիտասարդության հարցերի փոխնախարարները ասուլիսներում մշտապես հանդես են գալիս երիտասարդության մասին դեկլարատիվ հայտարարություններով ու մեկ էլ աշխատանքի բերումով եվրոպական երկրներ են մեկնում սեմինարների, կոնֆերանսների: Ձեր աշխատած տարիներին Դուք ի՞նչ եք արել ու ի՞նչ եք նախատեսել:

– Իմ աշխատած 2 տարիների ընթացքում ես պետական բյուջեով ոչ մի արտասահմանյան գործուղման չեմ մեկնել, միգուցե սխա՞լ է: Դա ինչ-որ տեղ նաեւ իմ քաղաքականությունն է՝ միջազգային միջոցառումներին մասնակցելու այդ տեղը տրամադրել երիտասարդներին: Իսկ ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա դեկլարատիվ կլինի, եթե խոսվի քաղաքականության, ռազմավարության մասին: Ես հայտարարություններ անելիս միշտ փորձել եմ կոնկրետ օրինակներ բերել: 2006 թվին մարզերում բացել ենք երիտասարդական կենտրոններ, որոնք մարզերի հասարակական կազմակերպություններին հնարավորություն են տալիս օգտվել ինտերնետից, գրադարանից, դահլիճներից: 2008-ին 5 համայնքներում կստեղծվեն նմանատիպ կենտրոններ:

– Կին «շեֆի» հետ աշխատե՞լն է հեշտ, թե՞ տղամարդ:

– Կապ չունի՝ «շեֆը» կին է, թե տղամարդ: Չգիտեմ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար աշխատել եմ մշակույթի 4 նախարարների հետ, սակայն ինձ համար կարեւորը պրոֆեսիոնալիզմն է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել