Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկարգված «Զվարթնոցի» սրճարաններում գործում են «բարձրակարգ» գներ

Օգոստոս 15,2007 00:00

Ըստ այցելուների, օդանավակայանի սրճարանում 1 բաժակհյութ խմելը չափազանց թանկ հաճույք է:

«Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց սպասասրահում սրճարան է գործում, որտեղ ծառայությունների գներն անհամեմատ ավելի բարձր են, քան Հայաստանի տարածքում գործող որեւէ այլ սրճարանում: Այդ տարածքը «Զվարթնոցի» տնօրինությունը վարձակալության է տվել մասնավոր ընկերությանը, բայց օդանավակայանը որոշ լծակներ ունի՝ վերահսկելու սրճարանի գնային քաղաքականությունը, քանի որ այդ քաղաքականությունը եւ սրճարանի սպասարկման որակն ազդեցություն են ունենում նաեւ օդանավակայանի իմիջի եւ հեղինակության վրա: Ինչպես «Առավոտին» պարզաբանեց «Զվարթնոցի» մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը, օդանավակայանն իր տարածքում գործող սրճարանների համար սահմանել է գների որոշակի չափ, որոնցից բարձր սրճարաններն իրավունք չունեն սպասարկել: Եվ սրճարանները, ըստ Գ. Աբրահամյանի, երբեւէ այս սահմանը չեն անցել:

Մինչդեռ «Զվարթնոցի» նոր սպասասրահի սրճարանից օգտված ողեւորներն «Առավոտին» դժգոհում են, որ որքան օդանավակայանի տարածքը բարեկարգվում է, այնքան սրճարանն էլ իր գներն է «բարեկարգում»՝ ի վնաս ուղեւորի գրպանի: «Զվարթնոցի» սրճարանում, ըստ ուղեւորների, գները չհիմնավորված բարձր են: Օրինակ՝ մեկ բաժակ բնական հյութը, որը քաղաքի սրճարաններում արժե 500-600 դրամ, այստեղ 2800 դրամ է, 150 գրամ պաղպաղակը վաճառում են 1200 դրամով, ընդ որում՝ խաբում են քանակի մեջ: Հաշվի առնելով նման բարձր գները՝ սպառողն ակամայից սպասում է, որ գոնե մատուցման որակն էլ նման բարձր մակարդակով կլինի, մինչդեռ մատուցողները երբեմն այնքան կոպիտ են պատասխանում, այնպես են հաճախորդին հեգնում, որ զղջում ես ժամանման սրահի այդ սրճարանում մի փոքր լիցքաթափվելու ցանկության համար:

Գեւորգ Աբրահամյանի խոսքերով՝ «Զվարթնոցի» նոր սպասասրահում գործող այդ սրճարանը բարձրակարգ սպասարկում ունի. «Նման կարգի սրճարանները Երեանի կենտրոնում էլ սպասարկում են շատ թանկ գներով, երբեմն՝ նույնիսկ ավելի բարձր: Բացի այդ, ամբողջ աշխարհում ընդունված է, որ միջազգային օդանավակայանների սրճարանների գները տարբերվում են քաղաքի սրճարանների գներից, այստեղ էժան սպասարկում չի կարող լինել, ուստի սրճարանի մատուցողները նախապես այցելուներին զգուշացնում են, որպեսզի ծանոթանան գնացուցակի հետ՝ օգտվելուց հետո անհարմար վիճակի մեջ չընկնելու համար: Գերմանիայի, Ռուսաստանի օդանավակայաններում էլ գներն անհամեմատ ավելի բարձր են, քան մայրաքաղաքի որեւէ սրճարանում»: Օդանավակայանի մամուլի պատասխանատուն նաեւ նկատեց, որ «Զվարթնոցի» տարածքում, այդ սրճարանից բացի, գործում են եւս 4-5 այլ սրճարաններ, որոնք տարբեր գնային քաղաքականություն են վարում, ավելի մատչելի են, ուստի իրենց այցելուներն ու ուղեւորներն այլընտրանք ունեն եւ կարող են օգտվել տարածքի մեկ այլ սրճարանից, որի գնացուցակը համապատասխան կլինի իրենց գրպանին:

Օդանավակայանի սպասասրահի սրճարանից «Առավոտին» ճշտեցին, որ իրենց մոտ 2800 դրամ արժողությամբ սովորական բնական հյութ չկա, այդ գնով մատուցում են թարմ մրգերից պատրաստված «ֆրեշ» հյութ, որը քաղաքի սրճարաններում 1500-1700 դրամի սահմաններում է: Իսկ սովորական բնական հյութը 1200 դրամ է: Ինչ վերաբերում է 150 գրամ պաղպաղակի գներին, սրճարանից վստահեցրին, որ սրճարանի այցելուների գրպանին հարմարեցնելու համար իրենք առաջարկում են 2 հոգով 75-ական գրամ վերցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել