Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ԹԱՆԳԱՐԱՆԸ «ՇՐՋԱՓԱԿԵԼ» Է ԱՎՏՈԿԱՆԳԱՌՈՎ

Օգոստոս 15,2007 00:00

Թանգարանի այցելուների հաշվին ծավալած իր բիզնեսը թաղապետարանը որեւէ ձեւով չի մեկնաբանում:

– Պրն Հայրապետյան, մեր հարցման պատասխանը ե՞րբ կստանանք:

– Երբ որ պատասխանենք:

– Իսկ ե՞րբ եք պատրաստվում պատասխանել:

– 45 օրվա մեջ:

– Բայց օրենքը սահմանում է 5-օրյա ժամկետ:

– Բա որ գիտես՝ էլ խի՞ ես զանգել:

– Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ չեք պատասխանում:

– Էլ ինձ չանհանգստացնես, հա… Երբ որ պատասխանելու լինենք, կպատասխանենք,- եզրափակեց Էդիկ Հայրապետյանը:

Էդիկ Հայրապետյանը Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանի «Երթաշարժ» ՓԲԸ-ի տնօրենն է: Մենք ստիպված ենք եղել նրան դիմել, որովհետեւ մեր կամքից անկախ՝ նրան եւ նրա նմաններին է վստահված ինչ-որ ոլորտների կարգավորումը: Իսկ Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարան դիմելու պատճառը «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի աշխատակիցների ահազանգն էր:

«Հաղթանակի» զբոսայգում գտնվող «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին հարակից տարածքում թաղապետարանը վճարովի ավտոկանգառ է ստեղծել: Մեր այցելության ժամանակ յուրաքանչյուր մեքենայից 200-ական դրամ գանձող տարեց կինը մեզ հետ խոսելու ցանկություն չուներ: Նա միայն նշեց, որ գումարի մեծ մասը տալիս են «տերերին»: Իսկ թե ովքեր են «տերերը»՝ կինը չգիտեր: «Որդիս է էդ հարցերով զբաղվում»,- պատճառաբանեց նա: Նրա որդուն հանդիպելու մեր փորձերն ապարդյուն անցան:

«Մայր Հայաստան» թանգարանն իր հարակից տարածքով՝ 1400 քմ, կառավարության կարգադրությամբ 1995-ին անցել է պաշտպանության նախարարության (ՊՆ) հաշվեկշռին: Հիմք ընդունելով այս կարգադրությունը՝ Երեւանի քաղաքապետը հիշյալ տարածքն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել է ՊՆ-ին: Սակայն հատակագծի համաձայն՝ 1400 քմ մակերեսն ընդգրկում է զուտ թանգարանի շինությունը: Անհասկանալի է, թե ինչու է կիրառվել «հարակից տարածք» բառակապակցությունը, որովհետեւ այն շարունակում է մնալ իբրեւ Քանաքեռ-Զեյթուն համայնքի սեփականություն:

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հուշարձանների օգտագործումը տնտեսական եւ այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական եւ գեղարվեստական արժեքը»: Չնայած սրան, թաղապետարանը թանգարանի շրջակայքը դարձրել է վճարովի ավտոկայանատեղի եւ հենց մուտքի մոտ փակցրել ցուցանակ՝ «Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան, վճարովի ավտոկայանատեղ, 200 դրամ» վերտառությամբ:

«Ավտոկանգառի պատճառով ամբողջ տարածքը վերածվում է աղբակույտի: Իսկ թաղապետարանը տոնից տոն 1-2 հավաքարար է ուղարկում, որոնք միայն դատարկ շշերն են հավաքում, որ հանձնեն: Զինտեխնիկան մենք ենք սպասարկում, տարածքը մաքրում, ներկում, պատվանդանները վերանորոգում»,- ասում է թանգարանի պետ Արայիկ Թադեւոսյանը եւ նշում, որ իրենք բազմիցս դիմել են թաղապետարան, խնդրել դադարեցնել վճարովի ավտոկայանատեղիի շահագործումը, բացատրել են դրա աննպատակահարմարությունը, բայց արդյունքի չեն հասել: Եվ թանգարան-թաղապետարան առճակատումը ձգվում է արդեն տարիներ:

Թանգարանի տնօրինության բողոքներին ի պատասխան՝ թաղապետարանի «Երթաշարժ» ՓԲԸ-ի տնօրեն Էդիկ Հայրապետյանը դեռեւս նախկին թաղապետ Ռուբեն Սինոյանի օրոք գրել է. «…թաղապետի կարգադրությամբ փակվել են թանգարանի աջ եւ ձախ կողմերի տարածքները՝ այն դարձնելով փակ գոտի՝ ավտոմեքենաների մուտքի համար: Իսկ թանգարանի հետեւի տարածքում կազմակերպված են վարձավճարով ցերեկային ավտոկայանատեղեր»:

«Հետո նոր թաղապետ Քոթանջյանն ուղարկեց «Երթաշարժի» մասնագետներին: Ասացի, որ Սինոյանի որոշմամբ վճարովի ավտոկանգառ պետք է ստեղծվեր միայն թանգարանի հետնամասում: Ինչո՞ւ եք կողքերն էլ սարքում: Ասացին՝ մենք նոր որոշում կընդունենք, որ եզրամասերն էլ են մտնում դրա մեջ,- հիշում է Ա. Թադեւոսյանը եւ շարունակում:- Ես դեմ չեմ, թող թանգարանի հետնամասը ծառայի որպես ավտոկանգառ: Բայց միայն անվճար: Ի վերջո, մեր այցելուների մեջ զգալի թիվ են կազմում պատկառելի տարիք ունեցող մարդիկ, սփյուռքահայերը: Գուցե ճիշտ է, որ նրանք մեքենայով մոտենան: Բայց եթե թանգարանն անվճար է, ինչո՞ւ պետք է մեքենայի համար այցելուն վճարի»: Թանգարանի տնօրինությունը դիմել է պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ դադարեցվի թաղապետարանի այս գործունեությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել