Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դաշնակցականներին էլ են դատում

Օգոստոս 15,2007 00:00

Ընդ որում՝ այն նույն հոդվածներով, որով դատապարտվել են ներկայիս ՀՅԴ-ականներից ոմանք

«Հայ կամավորականների համախմբում» շարժման անդամ Վարդան Մալխասյանը, որն առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ երկրի սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր անելու համար, եւ իր պատիժն է կրում «Երեւան» քրեակատարողական հիմնարկում, երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, թե ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով ինքը դատապարտվել է, «իշխանությունների ձեռքին ծառայում է գործիք՝ ընդդիմադիր հայացքներ դավանող, ոչ ցանկալի քաղաքական գործիչների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար»: Վ. Մալխասյանի համոզմամբ, «այսօրվա իշխանությունները չեն հանդուրժում մարդկանց, ովքեր ճշմարտությունն են ասում: Հանկարծ հայտնվի ուրիշ մարդ, փորձի ճիշտն ասել, փորձի քննադատել իրենց սխալները՝ իրենք հաշվեհարդար են տեսնում»:

Վ. Մալխասյանը շարունակել է պնդել, որ իր ելույթը բռնության կոչ ընդհանրապես չի պարունակել: «Իմ կոչերն ուղղված են եղել երկիրն ապականողներին, ուղղված են եղել սափրագլուխ հանցագործ բանդաներին, որոնք ո\’չ պետական կարգ են համարվում, ո\’չ էլ սահմանադրական կարգ… Ես հիմա անհիմն կալանքի տակ եմ»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Վ. Մալխասյանը կարծիք է հայտնել, թե երկրում հիմա «սարսափելի մի վիճակ է ստեղծվել», քանի որ իշխանությունները ժողովրդի մեջ սերմանել են այն միտքը, որ ամեն ինչ, այդ թվում՝ քվեն, վաճառվում է: Նրա համոզմամբ, հարկավոր է հենց այդ երեւույթի դեմ պայքարել՝ միաժամանակ փորձելով համախմբել ընդդիմությանը: «Եթե ընդդիմությունը միասնական հանդես չգա, կազմակերպված հանդես չգա, բնականաբար, նորից (ընտրության արդյունքները) կեղծվելու են, նորից գործելու է բիրտ մեքենան, նորից գործելու են իրենց հանցավոր իշխանիկները, որոնք հայ ժողովրդի իշխանությունն են գողանում, մեր ապագան են գողանում»:

Նախկին դաշնակցական Վարդան Մալխասյանը պնդում է, որ իրեն ՀՅԴ-ից հեռացրել են հենց քննադատության համար: Ըստ աղբյուրի, ուշագրավ է, որ տարիներ առաջ Դաշնակցության ղեկավար անդամներ Հրանտ Մարգարյանին եւ Վահան Հովհաննիսյանին ներկայացվել էին, համապատասխանաբար, ապօրինի զենք պահելու (ինչպես Ժիրայր Սեֆիլյանին) եւ երկրի սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր հնչեցնելու (ինչպես Վարդան Մալխասյանին) մեղադրանքներ:

Ռ/կ-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն այսօր իրենց քաղբանտարկյալ չի համարում, Վ. Մալխասյանը պատասխանել է. «Մենք հույս ունեինք, որ Դաշնակցությունը գոնե կգա, բռունցքը կխփի, արդարության խնդիրները կլուծի: Հետո եկավ-եկավ, հասավ իշխանության՝ պարզվեց, որ նրանք էլ գործում են իրենց ծրագրին հակառակ»:

Նույն հարցին նախօրեին «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել էր. «Ես կարծում եմ, որ բոլոր իշխանությունները մերժում են, որ իրենք քաղբանտարկյալ ունեն: Այսօր Դաշնակցությունն իշխանության մի մասն է, եւ ինքն էլ նույնկերպ պիտի մերժի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել