Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱ՞Ն ԿՐԱԿՈՑ

Օգոստոս 15,2007 00:00

Ինչու եւ ինչպես ռուսաստանցի զինծառայողները հայտնվեցին վերահսկվող այդ տարածքում

Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Կոտայքի մարզի Առինջ գյուղում սպանվեց սահմանապահ զորքի ռուս զինծառայող, լեյտենանտ Դիմիտրի Երմոլովը, ծեծի ենթարկվեցին եւս 4-ը՝ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մարկովը, Մինգիյան Օլցոնովը, Դենիս Երմոլովը (հանգուցյալի եղբայրը), որոնք լեյտենանտի հետ էին:

Այս գործով մեղադրյալները երկուսն են. Արտեմ Անդրեասյանն ու Գոռ Բալյանը: Երեկ տեղեկացանք, որ նրանց պաշտպանությունը ստանձնել է Փաստաբանների պալատի անդամ, պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ գործի նյութերին ամբողջ ծավալով կծանոթանա նախաքննության ավարտից հետո: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վերոհիշյալ երկու անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանքը: Պաշտպանը տեղեկացրեց, որ մեղադրյալները դատարան են բերվել: Դատական նիստը կարճ է տեւել՝ 7-10 րոպե, ու որոշումը հրապարակվել է անմիջապես:

«Խնդիր չի՞ առաջանա, որ Դուք միաժամանակ իրականացնում եք երկուսի շահերը»՝ «Առավոտի» հարցին իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանն ասաց. «Այս փուլում մեղադրյալների շահերի միջեւ չկա հակասություն»: Նա ասաց նաեւ, որ Անդրեասյանի եւ Բալյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը բողոքարկվելու է քրեական վերաքննիչ դատարանում:

Ե. Ազարյանը տեղեկացրեց, որ Գոռ Բալյանը նախկինում աշխատել է զինվորական ոստիկանությունում եւ պահվում է ոստիկանների մեկուսարանում, իսկ Արտեմը գտնվում է «Նուբարաշենի» մեկուսարանում: Նրանք երկուսն էլ Առինջ գյուղի վերահսկվող օբյեկտի անվտանգության աշխատակիցներն էին եւ կատարել են իրենց ստանձնած պարտավորությունները: Այլ հարց է, թե որքանով էր օրինական այդ պարտականությունների կատարումը:

«Իմ պաշտպանյալները վերագրվող արարքում իրենց մասնակի մեղավոր են ճանաչել. ծեծի դրվագով մեղավոր են ճանաչում, իսկ մեղսագրվող «խուլիգանական դրդումներով եւ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության» մեղադրանքով մեղավոր չեն ճանաչում»,- ասաց նա:

Մեղադրյալների տեղեկացմամբ՝ իրենք նախազգուշական կրակել են օդ կամ գետնին եւ նպատակ չեն ունեցել վնասել որեւէ մեկին: Կատարվածը ստեղծված իրավիճակում եղել է անկանխատեսելի: Ի դեպ, 5 զինվորականներն էլ եղել են քաղաքացիական հագուստով: Զինվորական համազգեստ չեն կրել:

Արտեմը 1 անչափահաս երեխա ունի, իսկ Գոռը՝ 3: Երկուսն էլ ապրում են գյուղում՝ սոցիալապես անապահով ընտանիքում:

Դեռ ճշտվում են Անդրեասյանի եւ Բալյանի զենքի օրինականությունը, կոնկրետ աշխատանքի վայրը, որտեղ՝ ինչ հրամանով են աշխատում կամ ձեւակերպված: Նշանակված են դատաքիմիական, դատաձգաբանական, դատաբժշկական, տեխնիկական փորձաքննություններ, որից հետո կտրվեն իրավական գնահատականները: Փորձաքննությունները նաեւ ռուսական կողմի ուշադրության տակ են:

«Երկուսն էլ ընկճված էին, մամուլում նրանց վայրագ էին անվանել: Գոռը եւ Արտեմն ընդհանրապես չեն ճանաչել զինվորներին: Երկուսն էլ ցուցմունք տվել են: Ցավակցություն են հայտնել տուժողներին եւ եղածի համար պատրաստ են վնասը հատուցել»,- ասաց Ե. Ազարյանը:

«Կյանքին իրական սպառնալիք չի եղել: Ինչո՞ւ դիմեցին զենքի օգնությանը»՝ «Առավոտի» հարցին պաշտպանը պատասխանեց. «Եկեք հարցը իրավական հարթություն չտեղափոխենք՝ առանց գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու: Որքան վտանգավոր է անպատժելիությունը, այնքան էլ չարածի համար պատժվելը»:

Փաստաբան Ազարյանը, կատարելով իր մասնագիտական պարտքը, անուններ չի տալիս: Բայց հայտնի է, որ մեղադրյալները հսկում էին Գագիկ Ծառուկյանի ապարանքները եւ, հետեւաբար, ծառայում էին հենց այդ գործարարին: Քանի որ պարոն Ծառուկյանի (ինչպես եւ մյուս օլիգարխների, գեներալների, պաշտոնյաների) թիկնապահներն իսկապես միշտ աչքի են ընկել առանձնահատուկ վայրագությամբ եւ լկտիությամբ, մասնավորապես, ծեծել եւ ահաբեկել են անմեղ եւ անզեն մարդկանց, բնական է, որ Հայաստանում հասարակական կարծիքը չի կարող նրանց կողմը լինել: Հարց է, սակայն՝ արդյո՞ք դա հենց այդ դեպքն է: Որոշ նշաններ ցույց են տալիս, որ այս գործն ունի որոշակի առանձնահատկություններ: Տուժածները ռուսաստանյան զինծառայողներ են, եւ ՌԴ իրավապահներն ուշի ուշով հետեւում են նախաքննությանը եւ, վստահաբար, հետեւելու են նաեւ դատական պրոցեսին: Ուստի, այստեղ մեծ է «թացը չորի հետ խառնելու» վտանգը, եւ կոնկրետ այս թիկնապահները (կամ պահակները) դժվար թե ստանան ավելի մեղմ պատիժներ, քան արժանի են: Խնդիրն այն է, որ «ռազմավարական գործընկերոջը» հաճոյանալու համար դատարանը չափից դուրս խիստ չգտնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել