Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրքը վնաս է առողջությանը

Օգոստոս 14,2007 00:00

 Ամերիկաբնակ Կարեն Ղարսլյանի «Password» վեպի առիթով ժամանակին նման կարծիքներ են տպագրվել հայաստանյան մամուլում:

«Առավոտը» հանդիպեց Կարեն Ղարսլյանին:

– Ձեր «Password» («Գաղտնագիր») վեպը 2004թ. ՆՓԱԿ-ի կազմակերպած երիտասարդ արվեստագետների մրցանակաբաշխությանը արժանացավ գլխավոր մրցանակի…

– Վեպի առաջին էջերը սկսել եմ գրել 2001-ին: Դրանք հոգեկան հիվանդների մենախոսություններ են: Աշխատանքս կտրուկ դադարեցրի այն ժամանակ, երբ ընկերներիս եւ գործընկերներիս վերաբերմունքից հասկացա, որ ինքս էլ եմ հետզհետե սկսում ցնորվել: 2003-ին նոր մտահղացում ունեցա, որը դարձավ վեպի կորիզը: Հենց այդ տարեթիվն էլ համարում եմ «Password»-ի պաշտոնական ծնունդը: 2004-ի մայիսին վեպը քիչ թե շատ ավարտուն տեսք ուներ: Որոշեցի հենց այդպես ել ներկայացնել ՆՓԱԿ-ի կազմակերպած մրցույթին, ու այն ճանաչվեց լավագույնը: «Գարուն» ամսագրում հանձնաժողովի անդամներից մեկը (անունը չնշեց- Մ. Ա.) ծավալուն քննադական հոդված գրեց՝ հորդորելով, որ մարդիկ հանկարծ չկարդան վեպը՝ այն վտանգավոր է առողջության համար: Հոդվածը կարդալուց հետո ինձ մի պահ սիգարետի տուփ զգացի, բայց այդ զգացողությունս արդեն անցել է: Այսօրվա դրությամբ «Password»-ը ավարտելու վրա եմ, այն մինչ այս տարվա վերջ կավարտեմ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ ասել, որ ովքեր կարդացել են վեպի նախորդ տարբերակները, իրականում ծանոթացել են մանուկ «Password»-ի հետ: Հիմա նա մեծացել է, հասունացել՝ «մարդու գնալու» ժամանակն է:

– Հայաստանում, փաստորեն, եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են խանգարել ձեզ, եղել են պահեր նաեւ, երբ ցանկացել եք թողնել գրականությունը…

– Այս գործում խանգարող չի լինում: Բոլորը ցուցաբերում են ամենատոկուն օգնությունը: Պարզապես՝ ոմանց թվում է, թե խանգարում են: Կյանքում, մինչ օրս, միայն երկու վճիռ եմ անփոփոխ թողել. մեկը՝ 1979թ. հունիսի 30-ի վաղ առավոտյան (գրողի ծննդյան օրն է- Մ. Ա.), մյուսը՝ 1998թ. օգոստոսի 30-ի ուշ երեկոյան: Առաջինը ապրելու վճիռն էր, երկրորդը՝ գրող դառնալու:

– Չե՞ք ցանկանում վերադառնալ Հայաստան եւ շարունակել ստեղծագործել հայրենիքում:

– Մի երկու անգամ հրատարակվել եմ «Գարուն» ամսագրում, մի-մի անգամ էլ «Ինքնագիր» հանդեսում, «Գրական թերթում», «Հորիզոնում», «Ժամանակում»: Ընդ որում, «Բնագրի» չորրորդ համարը ամբողջովին նվիրված էր իմ ստեղծագործություններին: Նշեմ նաեւ, որ երկերս թարգմանաբար հրատարակվել են Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում: Հայրենիքից հեռանալու էական հանգամանքներից էր Հայաստանին կողքից նայելու անհրաժեշտությունը՝ «Password»-ը ավարտուն տեսքի բերելու համար: Շատ բաներ, որ չէի նկատում Հայաստանում, սկսել եմ գիտակցել Ամերիկայում: Ինձ միշտ վանել են հայաստանյան հասարակության մեջ համանմանության մոլուցքը եւ զանազանության անհանդուրժողականությունը, ինչի դեմ պայքարս ինքնակործանման էր տանում: Նշեմ նաեւ, որ ստեղծագործություններովս հետաքրքրված է Նյու Յորքում հրատարակվող «The Armenian reporter» շաբաթաթերթը, որը պատրաստակամություն է հայտնել մշակութային բաժնում սյունակ հատկացնել երկերիս համար: Մի հրատարակչատուն էլ, որի անունը դեռ չեմ հայտնի, հետաքրքրված է «Password» վեպով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել