Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Օգոստոս 14,2007 00:00

Նման եզրակացության են հանգել ամերիկացի լրագրողները

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Հայաստանից հեռացած՝ արտերկրում ապրող ու ստեղծագործող մեր անվանի որոշ արվեստագետներին: Նրանց հիմնական մասը Ամերիկայում հայտնվել է 1980-ականների կեսերից:

Օրերս ամերիկյան www.armblogs.info/lragrox կայքի մեր գործընկերները զետեղել են ԱՄՆ-ում ապրող հայ դերասանուհիների ու երգչուհիների ցանկը:

Չգիտես ինչու, հայ կինոյի ու թատրոնի մի ամբողջ աստղաբույլ այսօր ապրում է Գլենդելում՝ սովորաբար միայնակ ու տխուր:

Ալլա Թումանյան- Ապրում է միայնակ: Վերջերս կորցրել է ամուսնուն, այժմ ստանում է թոշակ: Որոշել է երեւանյան իր բնակարանը վաճառել, որովհետեւ սոցիալապես ոչ բարվոք վիճակում է:

Վիոլետ Գեւորգյան- Նույնպես միայնակ թոշակառու: Երբեմն հայտնվում է ինչ-որ ներկայացումներում, որոնք կարգին հանդիսատես էլ չեն հավաքում: Տառապում է հոդացավերից ու դեպրեսիայից:

Գալյա Նովենց- Որդուն կորցնելուց հետո առանձնացել է աշխարհից ու մեկուսի կյանք է վարում: Հիմնականում մենակ է, ամուսինն էլ՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը, կնոջն այցելում է ժամանակ առ ժամանակ:

Տաթեւիկ Ղափլանյան- Ապրում է ամուսնու հետ, սակայն վերջերս կորցրել է որդուն: Տառապում է նրա վաղաժամ հեռացումից, խորը դեպրեսիայի մեջ է:

Թամար Հովհաննիսյան- Մհեր Մկրտչյանի այս կնոջից երկար ժամանակ ոչ մի ձայն չկար: Հիմա կրկին կարծես թե վերադարձել է թատրոն:

Նարե Հայկազյան- Ինքն էլ չի հասկանում, թե ինչու է հայտնվել ԱՄՆ-ում: Նույնիսկ չգիտե՝ դա լավ է, թե վատ: Ներկայացումներում շատ հազվադեպ է երեւում: Զբաղվում է դիզայնով:

Ի տարբերություն դերասանու հիների, երգչուհիների պակաս Հայաստանում հաստատ չի զգացվում: Բայց ահա ցանկը այն արվեստագետների, որոնք դարձյալ օվկիանոսի այն կողմում են.

Էռնա Յուզբաշյան- Հայաստանում ճանաչված երգչուհին հիմա երգում է հարսանիքներում ու դաստիարակում իր դստերը:

Տաթեւիկ Հովհաննիսյան- Ապրում է ամուսնու հետ ու ջազ արարում Նյու Յորքում: Հանդես է գալիս համերգներով ու թողարկում CD-ներ:

Արաքս Վարդերեսյան- Ժամանակին հայրենիքում հայտնի երգչուհին տարիներ շարունակ Գլենդելի «Հորիզոն» հեռուստաընկերությամբ վարում է սոցիալական հաղորդում: Ասում են, որ նոր CD է ձայնագրելու, սակայն ընդհանուր հաշվով «Էս ո՞վ ինձ անիծեց» երգից հետո ոչ մի հիթ չի գրել:

Աննա Արմենակյան- Երեւանի «Օպերա» ակումբի երբեմնի երգչուհին վերջին 2 տարիներին Գլենդելում ապրում է ծնողների հետ: Միայն վերջերս է նոր տեսահոլովակ թողարկել:

Ըստ մեր տեղեկությունների էլ, բարվոք է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի վիճակը ԱՄՆ-ում: Նա ղեկավարում է մի քանի երաժշտական դպրոցներ, ապրում է սիրելի ամուսնու եւ երեխաների հետ, հաճախ հանդես գալիս մենահամերգներով, այդ թվում նաեւ՝ հայրենիքում:

Ցավոք, վերը նշված երբեմնի հայաստանցի արվեստագետների անունների ցանկը կարելի է շարունակել:

www.armblogs.info/lragrox կայքն առաջարկում է՝ գուցե պետական ծրագրով կազմակերպել նոր հայրենադարձություն, խոստանալ որոշակի, բայց շոշափելի գումար. պետք է խնայել ու սիրել տաղանդավոր հայուհիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել