Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինձ տուն չեք տալիս, ապա՝ գնդակահարեք»

Օգոստոս 14,2007 00:00

Հայրենիքին մեծ ծառայություններ մատուցած Գոհար Թորոսյանի վերջին պատգամն է ՀՀ իշխանություններին:

Օրերս, ՀՀ իշխանություններից հույսը կտրած, «Առավոտին» է դիմել 87-ամյա Գոհար Թորոսյանը: Վերջինս մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել մի շարք մեդալների: Անցած տարի էլ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանն է նրան հոբելյանական մեդալ շնորհել: Նմանատիպ մեդալի է նրան արժանացրել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հայաստանի մարզական պատիվը ԽՍՀՄ-ի տարիներին բարձր պահած այս կինը (բասկետբոլի հավաքականի նախկին մարզիչ-խաղացողը եղել է Գյումրիի սպորտկոմիտեի երկարամյա աշխատակիցը) 1988թ. երկրաշարժից հետո վերաբնակվել է Երեւանում՝ 17 տարի ապրելով «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում: «2005 թվականին մեզ՝ հյուրանոցում ապրող շուրջ 12 ընտանիքի, ժողովի հրավիրեց հյուրանոցի ադմինիստրացիան, հայտնելով, թե հյուրանոցը սեփականաշնորհվել է «Տուրիզմի զարգացման հիմնադրամի» կողմից եւ տարածքը պետք է ազատել»,- ներկայացրեց Գ. Թորոսյանը: Նրա պատմելով՝ «տուրիստները» դիմել էին նաեւ դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ Էդ. Ավետիսյանի նախագահությամբ, վճռում է բոլորին վտարել բնակության տարածքից: «Միայն ես, լինելով գրագետ եւ իրավագիտակցությունս տեղը կին, բողոքարկեցի վերաքննիչ դատարան, 4 անգամ դատ կազմակերպեցին, նույնիսկ մարդ ուղարկեցին Գյումրի, որ հասցես ճշտեն: Հուրախություն ինձ, 2006թ. հուլիսի 7-ին վերաքննիչ դատարանը որոշեց «Տուրիզմի զարգացման հիմնադրամի» հայցը մերժել»,- դատական գործընթացի մանրամասները ներկայացրեց տիկ. Թորոսյանը: Արդեն 8 ամիս փողոցներում գիշերող եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների դռները ապարդյուն թակող Գ. Թորոսյանի ներկայացմամբ՝ «Տուրիզմի զարգացման հիմնադրամը» 15 օրվա ընթացքում կարող էր քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարան, սակայն նման քայլի չի դիմել, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը՝ Հ. Մանուկյանի նախագահությամբ, վճռում է Գ. Թորոսյանին զբաղեցրած տարածքից վտարել. «Մի օր պատահական գնացի դատարան: Մանուկյանը հենց փողոցում ինձ տեսավ, հարցրեց՝ դո՞ւ ես: Առանց դատի, առանց բողոքի, մի քանի ժամվա ընթացքում որտեղի՞ց ճարեց այդ անձնակազմը (նկատի ունի քաղաքացիական պալատի 6 դատավորներին- Գ. Մ.) եւ ինձ վտարելու վճիռ կայացրեց, ես չգիտեմ: Վտարման թուղթն էլ բերեց մի կին»: Ըստ նրա, ինչպես բոլոր վտարված ընտանիքներին, իրեն եւս առաջարկել են 3500 ԱՄՆ դոլար, ապա գումարի թիվը հասցրել էին 10 հազար ԱՄՆ դոլարի, որից հրաժարվել է: Վետերանի խնդրանքն այն է, որ իրեն ապահովեն մեկ սենյականոց բնակարանով. «Դիմեցի ՀՀ նախագահի աշխատակազմին, վարչապետին, բայց ոչ մի միջամտություն ու օգնություն: Այս ամենին զուգահեռ, տուրիզմի ընկերությունն ինձ ճնշում է: Վտարողների պատճառով ընկել՝ ձեռքս ջարդել եմ: Դռները փակել գնացել են եւ պահանջում են իրերս հանել: Ինձ գցել են դռնեդուռ: Ո՞ւր գնամ ապրեմ: Ծերանո՞ց: Երբեք չեմ գնա, ես իմ իրավունքներն եմ պահանջում: Բա կարելի՞ է հայրենիքին այդքան ծառայություններ մատուցած կնոջը չարչարել ու այդկերպ սպանել: Խնդրում եմ՝ ինձ մի անկյուն տվեք, որ ապրեմ կյանքիս վերջին տարիները»,- ասում էր Գ. Թորոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել