Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵՏԻՆԵ «ՊԱՐԿԵՏՆԵՐՈՎ» ԴԵՊԻ ԵՎՐՈՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Օգոստոս 14,2007 00:00

Վարդենիսի թիվ 1 դպրոցում 44 տարի է՝ ռետինե սալիկների վրա են աշակերտները դասն անցկացնում

Այս տարվանից դպրոց ընդունվող 6 տարեկան երեխաներն ավարտելու են 12 տարում: Նախորդ տարի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում 11 եւ 12-ամյա ուսուցմամբ դպրոց են ընդունվել համապատասխանաբար 570 եւ 230 երեխաներ, իսկ այս տարի, ըստ մարզպետարանի կրթության վարչության մասնագետ Ռուբիկ Աղաջանյանի, ակնկալում են Վարդենիսում ունենալ 650 առաջին դասարանցի: Դպրոց ընդունվողների թվի կտրուկ նվազումը նա պատճառաբանեց նրանով, որ Վարդենիսում բնակչության աճի տեմպերը նկատելի չեն: «Դեռ մենք դպրոցի նյութատեխնիկական բազայի հարստացման առումով շատ անելիքներ ունենք, կտրուկ առաջընթաց չենք սպասում, բայց զարգացումները կանխատեսելի են: Այսօր պետք է կտրուկ միջազգային ստանդարտներին համապատասխանենք, ինտեգրման խնդիրը միայն կրթադաստիարակչական ոլորտը չէ, նաեւ շենքային պայմաններն են»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց պրն Աղաջանյանը: 80 առաջին դասարանցի էլ այս տարի ակնկալում են ունենալ քաղաքի թիվ 1 դպրոցում՝ նախորդ տարվա 63-ի փոխարեն: Այս տարբերությունը դպրոցի տնօրեն Ոսկան Ոսկանյանը կապեց վատ քարոզչության հետ, քանի որ քաղաքում կարողանում են դիտել միայն 2-3 հայկական հեռուստաալիք ու ականատես չեն լինում բուռն հեռուստաքննարկումների, դժվարանում են կողմնորոշվել՝ իրենց 6 տարեկան երեխաներին դպրոց ուղարկե՞ն, թե՞ ոչ, այժմ արդեն տեղեկացված են: Տնօրենը մտահոգ է նաեւ կրթական բարեփոխումները նման արագ կերպով իրականացնելու առիթով. «Ինչ է նշանակում թռիչք, իմ մտածելակերպով՝ ոչինչ: Այդկերպ ընդամենը արագացնում ենք եվրոստանդարտներին հավասարվելը: 6-րդ դասարանցուն դարձնում ենք 7-րդ դասարանցի, դրանով հոգեբանորեն ազդում ենք երեխաների վրա»:

Նա նաեւ հայտնեց, որ թիվ 1 դպրոցում դասարանների ու միջանցքների կոսմետիկ վերանորոգման կարիք է զգացվում: «5 դասասենյակ ունեմ, որոնք դեռեւս 1963-ից ռետինե պարկետներ ունեն: Դրանց վրա երեխա նստեցնել չի կարելի, սակայն ստիպված ենք»,- ասում է Ո. Ոսկանյանը: Ըստ նրա՝ «Դպրոցի տանիքը վերջերս է նորոգվել, ու ոչ ոք կարծիքս հաշվի չի առել: Առաջարկում էի տանիքը թիթեղապատել, բայց ընդամենը ազբեստե թիթեղով փոխեցին, որոնք նորից կոտրվել են»: Պրն Ոսկանյանը խնդիրների շարքին ավելացրեց նաեւ այն, որ իր տնօրինության 22 տարիների ընթացքում չի կարողացել դպրոցի տարածքը պարսպապատելու համար ֆինանսական միջոցներ գտնել. «Դրա համար մեծ գումարներ են պետք, բազմիցս դիմել եմ կառավարությանը, հիմա էլ եմ դիմում, մարդիկ պետք է զգան, որ սա դպրոցի տարածք է, այստեղ ամեն րոպե երեխան կարող է տարածքից դուրս գալ ու տարածք ցանկացած մարդ թափանցել, ես պետք է վստահ լինեմ, որ իմ աշակերտներն անվտանգ են»:

Ո. Ոսկանյանը մտահոգ էր նաեւ դպրոցի տնօրեններին տրված ոչ լիարժեք իրավունքներով. «Այսօր տնօրենը դժվարությամբ է կարողանում ազատվել ուսուցիչներից, որոնք թեեւ լավ գիտելիքներ ունեն, սակայն լավ մանկավարժ չեն: Օրինակ՝ մի քիմիայի ուսուցիչ ունենք՝ լավ մասնագետ է, սակայն մեկն էլ պետք է կողքին կանգնի, որ դաս պարապի ու իրեն չխանգարեն: Մանկավարժական համալսարանը ընդունելություն կազմակերպելիս պետք է այդ հարցերին եւս ուշադրություն դարձնի, պետք է առավելությունը տրվի արական սեռի դիմորդներին: Տղամարդ ուսուցիչների կարիք կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել