Լրահոս
Օրվա լրահոսը

Տուն անձրեւանոցով են մտնում

Օգոստոս 14,2007 00:00

Ընտրություններից առաջ Օհանով 62 շենքի տանիքը վերանորոգելու համար խոստանում են տոլ տալ, բայց ընտրություններից հետո մոռանում են:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանով 62 շենքի տանիքը արդեն 4 տարի է՝ վնասված է, ինչի պատճառով անձրեւների եւ ձյան ժամանակ հատկապես վերին հարկերի բնակարանները ջրի մեջ կորչում են: Բնակիչների ներկայացմամբ՝ այս 9 հարկանի շենքը մոտ 30 տարի է՝ շահագործման է հանձնվել ու ոչ մի անգամ տանիքը չի վերանորոգվել: «Անձրեւներից պատերն այնքան են թրջվել ու խոնավացել, որ հոսանքի լարերը բացվել են ու պոկվել, վախենում ենք նույնիսկ բաղնիք մտնել, որովհետեւ պատերի գաջը մաքրվել է ու անընդհատ կայծ է խփում, երեխեքն ընկնավորում են: Ինչքան էլ տան պատերը նորոգում ենք, միեւնույն է, հենց անձրեւ է գալիս, էլի տները ջուր է լցվում: Հիվանդ հալիս ցեմենտ եմ տարել-լցրել կտուրը, բայց ոչ մի օգուտ»,- «Առավոտին» բողոքեց շենքի 6-րդ հարկի բնակիչ Սուրեն Սարգսյանը: Շենքի 8-րդ հարկի բնակարաններն անգամ այնքան են խոնավացել, որ նամշահոտից ննջարաններում քնել չի լինում: Բնակիչներից մեկի՝ Մանուկ Պետրոսյանի ներկայացմամբ՝ «Երեխաները քնելու տեղ էլ չունեն, ստիպված գնում են բարեկամների տներում են քնում: Անձրեւի ու ձյան ժամանակ սենյակի մեջտեղը տաշտ ենք դնում ու 10 րոպեն մեկ դատարկում: Էդպիսի սենյակում քնել հնարավո՞ր է: Պատերը լրիվ թաց են, հետն էլ էդ ջրից հոսանքի լարերն են պոկվել»:

Շենքի մեկ այլ բնակիչ Նազիկ Ենոքյանի պատմելով՝ անձրեւաջրերից տարեցտարի բնակարանն ավելի է խոնավանում, իսկ պատերի ճեղքերն էլ ավելի են մեծանում: Նրա խոսքերով՝ «շենքի տանիքն այն աստիճան անմխիթար վիճակում է, որ անգամ թեթեւ անձրեւի ժամանակ մուտքի միջանցքներում ջուրը գոլ ա կապում: Պանելային շենք է, դրա համար էլ պատերն անմիջապես ջուրը քաշում են, ախր հոսանքի լարերն էլ պատերի միջով են անցնում, հենց թրջվում են՝ վախենում ենք պատերին կպնենք, որ տոկը չխփի: Րոպեն մեկ միջանցքի ջրերն ենք մաքրում»: Բնակիչների պատմելով՝ ձմռանն իրենց շենք ելումուտ անելն անգամ խիստ վտանգավոր է, որովհետեւ մի կողմից բաց հոսանքով պատերն են, մյուս կողմից՝ միջանցքներում ջրերից առաջացած սառույցը:

Շենքի տանիքը վերանորոգելու համար բնակիչները մի քանի անգամ դիմել են համատիրություն, որտեղից էլ պատասխանել են, որ տանիքի նորոգումը հսկայական ծախսեր է պահանջում, որի հնարավորությունը իրենք չունեն, ուստի խորհուրդ են տվել դիմել թաղապետարան: «Թաղապետարանը մեզ միայն ընտրությունների ժամանակ է հիշում, ընտրություններից առաջ խոստանում են վերանորոգել տանիքը, ասում են՝ տոլ կտանք, անպայման մինչեւ ձմեռ կսարքենք: Արդեն 4-րդ տարին է՝ թաղապետարանին նամակ ենք գրում, բայց ոչ մի բան էլ չեն անում: Անգամ պատրաստ ենք բնակիչներով որոշակի գումար հավաքել, մի քիչ էլ իրենք մեզ օգնեն, որ միասին վերանորոգենք տանիքը ու էս սարսափելի վիճակից պրծնենք»,- ասում են բնակիչները: Այս առնչությամբ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանից հաստատեցին, որ Օհանով 62 շենքի բնակիչներից նման դիմում-բողոք ստացել են: Թաղապետարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առավոտին» հավաստիացրին, որ բնակիչների պահանջը կբավարարվի. «Առաջիկայում, երբ թաղապետարանը ստանա հիդրոմեկուսիչ (տոլ), այդ շենքին կտրամադրվի իրենց հասանելիք բաժինը, իսկ տանիքի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն բնակիչների տրամադրած գումարների հաշվին, որը հետագայում նրանց վճարած բնակվարձերից կհանվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել