Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Օգոստոս 14,2007 00:00

Մինչեւ 2008-ը Երեւանի փողոցները գրեթե 100 տոկոսով լուսավորված կլինեն

Ընդամենը 6-7 տարի առաջ կեսգիշերից հետո Երեւանի փողոցներով քայլելը ռիսկային էր, որովհետեւ 90-ականների էներգետիկ ճգնաժամի արդյունքում երբեմնի լուսավոր քաղաքից մնացել էին միայն մթի մեջ կորած, ջարդոտված լապտերներով երեւանյան փողոցները: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիան թանկ էր, իսկ «Երքաղլույսը»՝ պարտքերով աշխատող, անվճարունակ ընկերություն՝ այն ժամանակ ոչ ոք չէր հավատում, որ ընդամենը մի քանի տարի հետո հնարավոր կլինի չափազանց սուղ միջոցներով, մաշված ու թալանված տեխնիկական բազայով ամբողջությամբ վերականգնել քաղաքային լուսավորությունը: Այսօր արդեն մայրաքաղաքն ավելի քան 60 տոկոսով լուսավորված է եւ մինչեւ այս տարեվերջ ոչ միայն կվերականգնվի Երեւանի անգամ ծայրամասային փողոցների լուսավորությունը, այլեւ ուշադրություն կդարձվի քաղաքի գեղարվեստական լուսավորման վրա: Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեց «Երքաղլույսի» գլխավոր տնօրեն Սամվել Գաբրիելյանը՝ վստահեցնելով, որ գեղեցիկ լուսավորված կլինեն ոչ միայն Աբովյան, Ամիրյան, Հերացի, Կորյունի փողոցները, այլեւ ամբողջ քաղաքը՝ սկսած Հարավ-արեւմտյան թաղամասից մինչեւ Նորք-Մարաշ. «Ընդամենը մեկ-մեկուկես ամսից Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիայի փողոցը շքեղ լուսավորված է լինելու: Այդ փողոցն իր լուսավորությամբ ոչնչով չի զիջելու Կոմիտասին ու նույնիսկ եվրոպական փողոցներին»։

Եթե 2002-ին լուսավորվում էր միայն Մաշտոցի պողոտան, այն էլ՝ կիսատ-պռատ, 2004-ից հետո արդեն քաղաքապետի պահանջով մշակվեց քաղաքի լուսավորության ծրագիր, ըստ որի՝ մինչեւ 2011-ը Երեւանն ամբողջությամբ պիտի լուսավորվեր: Չնայած դեռ 2007-ն է, բայց արդեն այդ ծրագրի ժամանակացույցով նախատեսված աշխատանքների մեծ մասն ավարտված է, ուստի քաղաքն ամբողջությամբ լուսավորված կլինի ոչ թե 4 տարի հետո, այլ 2008-ին:

Այս օրերին մայրաքաղաքի փողոցներում բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնք, բնականաբար, խոչընդոտելու են քաղաքի լուսավորման աշխատանքներին: Հարցին՝ հնարավո՞ր է այս տարվա համար նախատեսված աշխատանքները հետաձգվեն՝ այդ շինաշխատանքների պատճառով՝ Ս. Գաբրիելյանը վստահեցրեց, որ ոչ. «Մենք համապատասխանեցնում ենք մեր աշխատանքները նրանց հետ ու միմյանց խանգարելու որեւէ խնդիր չի առաջանա»:

Այս տարվա ընթացքում «Երքաղլույսը» նախատեսել է 37 բակ լուսավորել, իսկ հաջորդ տարի արդեն բակային լուսավորությունից բացի, ուշադրություն կդարձնեն հիմնականում այգիների, հուշարձանների, ճարտարապետական նշանակության շենք-շինությունների գեղարվեստական լուսավորությանը: Այսօր էլ Երեւանում տեղադրված որոշ արձաններ լուսավորված են եվրոչափանիշներով ու գերժամանակակից դիզայնով: Նույն ոճով շարունակելու են լուսավորվել նաեւ քաղաքի մյուս հուշարձանները:

Նկատենք, որ 2009-ից Հայաստան ներկրվող ռուսական գազը հնարավոր է կրկնակի թանկանա, ուստի էլեկտրաէներգիայի ծախսն էլ կմեծանա: Քաղաքի նման ճոխ լուսավորությունը բյուջեի վրա թանկ չի՞ նստի՝ հարցին պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Հիմա էլ մենք էլեկտրաէներգիայի խիստ խնայողություն ենք անում եւ օգտագործում ենք ոչ թե նախկին սնդիկային, այլեւ նատրիումական լամպերը, որոնք ավելի երկար են ծառայում: Սա այն դեպքում, երբ ԱՊՀ շատ պետություններ նոր սկսում են այդ լամպերը կիրառել: Բացի այդ, օգտվում ենք գիշերային երկսակագնային հաշվիչներից, որոնք նույնպես խնայում են էլեկտրաէներգիան»:

Ներկայումս Երեւանի գիշերային լուսավորության միջին տարեկան ցուցանիշը 10 ժամ է, ձմռանը միջինը լուսավորում են 10-12 ժամ, ամռանը՝ 5-6 ժամ: Տոնական օրերին, օրինակ՝ Ամանորին, մայրաքաղաքի լույսերը ողջ գիշերվա ընթացքում վառ են մնում, իսկ սովորական օրերին գիշերվա ժամը 2-ից հետո՝ անջատվում: Պարոն Գաբրիելյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի արդեն ամեն ինչ կանեն, որպեսզի Երեւանում ոչ միայն տոնական օրերին, այլեւ մշտապես գիշերները լուսավորված լինեն՝ ցերեկվա պես: Նա խորհուրդ տվեց երիտասարդներին՝ երեկոյան տանը նստելու փոխարեն դուրս գալ ու զմայլվել Երեւանի լուսավոր փողոցների գեղեցկությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել