Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլընտրանքը» Սյունիքում էր

Օգոստոս 14,2007 00:00

Հյուրընկալությունից նախաձեռնության անդամները գոհ էին

Անցյալ շաբաթ, օգոստոսի 11-12-ին, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հասարակության հետ խոստացված հանդիպումների շրջանակներում մեկնել էր Սյունիքի մարզ: Այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո սա «Այլընտրանքի» առաջին այցն էր հիշյալ մարզ: Նախաձեռնության հիմնադիր անդամներից մեկը՝ Վահագն Խաչատրյանը, մեր հարցադրմանն ի պատասխան չբացառեց, որ «Այլընտրանքի» մարզային այցերը կարող են սահուն կերպով վերածվել 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի. «Չի բացառվում, թեեւ այսօր նման նպատակ չունենք: Մենք առայժմ ուզում ենք հասկանալ մարդկանց տրամադրությունները, առավել եւս՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Երեւանում իրավիճակն ու տպավորությունը մարզերի վերաբերյալ միանգամայն այլ են, տեղում մարդկանց հետ շփումները՝ միանգամայն այլ»:

«Այլընտրանքը» Սյունիքի մարզում լինելու երկու օրվա ընթացքում եղել է Կապանում, Գորիսում, Սիսիանում, Մեղրիում: Այցելության հիմնական նպատակը մարզերում ապրող մարդկանց տրամադրություններին, ներքաղաքական զարգացումների վերաբերյալ նրանց դիրքորոշումներին եւ կարծիքներին անմիջականորեն ծանոթանալն է եղել:

«Այլընտրանքի» ներկայացուցչի տպավորությամբ, գոնե Սյունիքի մարզում մարդիկ իրենց մենակ են զգում իրենց առջեւ ծառացած բազում, այդ թվում՝ կենցաղային, սոցիալական հիմնախնդիրների լուծման հարցում: «Ընդհանուր տրամադրությունը հիասթափությունն էր իշխանություններից, անցած խորհրդարանական ընտրություններից: Մարդիկ համոզված էին, որ իշխանությունը ցանկություն չունի լուծել իրենց հիմնախնդիրները: Նրանք իրենց կենցաղային խնդիրների հետ մեն-մենակ են, իսկ իշխանությունն այդ հիմնախնդիրների, ժողովրդի հետ կապ չունի: Ես վստահ եմ, որ այդ պրոբլեմը համատարած բնույթ է կրում: Կարծում եմ, նույն վիճակն է նաեւ ՀՀ մյուս մարզերում»,- իր տպավորությունները փոխանցեց Վ. Խաչատրյանը: Հիմնական հարցադրումներում, որոնք արել էին մարզերում ապրող մեր համերկրացիները, ըստ Վ. Խաչատրյանի, վերաբերել են ընդդիմության՝ պայքարելու վճռականությանը, նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմության անելիքներին, իշխանության թեկնածուին հաղթելու, ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորություններին: «Մարդիկ հասկանում էին, որ պարտադիր չէ, որ ամբողջ ընդդիմությունը մեկ թեկնածուով հանդես գա: Նրանք ընկալում են, որ ընդդիմության մի մասը կարող է հանդես գալ միասնական, մյուս մասը՝ սեփական թեկնածուով: Իրենց նախընտրած թեկնածուի մասին մարդիկ չէին խոսում, ավելի շատ խոսում էին իշխանական թեկնածուի չընտրվելու մասին, թեեւ անուղղակիորեն հասկացնում էին, թե ով կարող էր լինել ընդդիմության՝ իրենց համար ցանկալի թեկնածուն: Դա մեզ համար էլ շատ կարեւոր է կողմնորոշվելու եւ ընդդիմադիր մյուս ուժերի հետ մեր հանդիպումների, բանակցությունների շրջանակներում աշխատանքներ տանելու համար»,- հավաստիացրեց «Այլընտրանքի» ներկայացուցիչը:

Մեր այն հարցին, թե որքանո՞վ են «Այլընտրանքի»՝ մարզեր կատարելիք այս այցերը տեղավորվում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին շրջանում ակտիվացման եւ մարզեր կատարելիք այցերի տրամաբանական շրջանակում, պարոն Խաչատրյանն ասաց. «Տրամաբանորեն կարելի է կապել: Չկապել չի լինի, բայց, կարծում եմ, Լ. Տեր-Պետրոսյանին էլ է հետաքրքրում, թե տեղերում ինչ է կատարվում»: Հնարավո՞ր է, որ նա իր այցելությունների ժամանակ այցելի այն մարզեր, որտեղ «Այլընտրանքն» է եղել: Մեր այս հարցին ի պատասխան՝ նախաձեռնության ներկայացուցիչը կեսկատակ-կեսլուրջ ասաց՝ «Կամ՝ մենք կանցնենք նրա անցած ճանապարհով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել