Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԻՏՈՒՄ

Օգոստոս 14,2007 00:00

ՌԴ-ում հանցագործություն է կատարվել, բայց դրա նախաքննությունը ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազությունը

Հուլիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, ՀՀ քաղաքացի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից մարդ առեւանգելը: Եթե հավատանք գլխավոր դատախազության հաղորդագրությանը, ապա Ս. Հովհաննիսյանին սույն մեղադրանքն առաջադրելու եւ նրան կալանավորելու համար, ըստ էության, հիմք էին դարձել «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանից ստացված նամակն ու քաղաքացի Ռուբիկ Սիմոնյանի գրավոր հայտարարությունը: Ըստ դատախազության, այս տարվա հունիսի 27-ին Մոսկվա քաղաքի Վիննիցկի փողոցում բռնության եւ սպանության սպառնալիքով, շահադիտական դրդումներով իրականացվել է քաղաքացի Ռուբիկ Սիմոնյանի առեւանգումը՝ որպես փրկագին պահանջելով նախ՝ կես միլիոն, ապա՝ 300 հազար ԱՄՆ դոլար: Մեղադրողների համոզմամբ, փրկագին ստացողը եղել է հե՛նց Ս. Հովհաննիսյանը՝ իր ներկայացուցչի միջոցով, որի անունը չի նշվում, եւ որը գործուղվել էր Մոսկվա, հանդիպել էր առեւանգվածի հարազատներին, ստացել պահանջված փրկագինը, որից հետո միայն Ռուբիկ Սիմոնյանն ազատ էր արձակվել:

ՀՀ գլխավոր դատախազությունը պնդում է, որ Ս. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, եւ նա կալանավորվել է ձեռք բերված ապացույցների հիման վրա: Այս ամենը, սակայն, Ս. Հովհաննիսյանի փաստաբան Լուսինե Սահակյանն «Առավոտին» տված պարզաբանման մեջ որակել էր որպես «անհիմն ենթադրություններ»: Որեւէ այլ կալանավորված, բացի Ս. Հովհաննիսյանից, այս գործով դեռեւս չկա:

Ս. Հովհաննիսյանին առաջադրված այս բավականին ծանր մեղադրանքի մանրամասների մասին շատ բան հայտնի չէ, բայց ներկայացվող պաշտոնական հաղորդագրությունը որոշակի կասկածների տեղիք է տալիս: Բանն այն է, որ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության հրապարակումից հետո մամուլում հայտարարել էր, թե ինքը որեւէ հայտարարություն չի տվել, որեւէ մեկի անուն չի մատնանշել, այլ, իր ասելով, տեղյակ է պահել, որ Ռուսաստանում հայերը հայերի են առեւանգում՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել: Թե ինչու է նա դիմել ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի իրավապահներին՝ նա այսպես էր բացատրել՝ «Պատկերացնո՞ւմ եք, որ ես Ռուսաստանում հայտարարություն անեի, թե հայերը հայերին առեւանգում են: … Խայտառակ էինք լինելու աշխարհով մեկ»:

Պետք է ենթադրել, որ Ս. Հովհաննիսյանի անունը շրջանառության մեջ էր դրել տուժողը՝ Ռուբիկ Սիմոնյանը: Վերջինիս մասին ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է՝ «քաղաքացի»: Թե որ երկրի՝ չի մատնանշվում, թեեւ, «Առավոտի» տեղեկություններով, նա հենց ՌԴ քաղաքացի է: Թե ինչու էր նա էլ որոշել դիմել ոչ թե ՌԴ-ի, այլ՝ ՀՀ իրավապահներին, որովհետեւ հանցագործությունը, ի վերջո, տեղի է ունեցել ոչ թե Հայաստանում, այլ՝ Ռուսաստանում, եւս պարզ չէ: Փոխարենը հայտնի է, որ այդ նույն Ռ. Սիմոնյանը ծնունդով Հայաստանի Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Զարմանալի զուգադիպությամբ կամ գուցե՝ նաեւ օրինաչափորեն, այդ գյուղից է նաեւ այս քրգործով անցնող վկաներից մեկն ու ամենակարեւորը՝ սույն քրգործով նախաքննական խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանը: Ավելին, Արմավիրում, մեր աղբյուրների ասելով, այս գործում ներգրավված տուժողի եւ վկայի հետ Հ. Սարդարյանը նաեւ բարեկամախնամիական կապեր ունի: Առայժմ պարզ չէ՝ Ս. Հովհաննիսյանը կամ նրա պաշտպանը, այս հանգամանքը նկատի ունենալով, Հ.Սարդարյանին բացարկ կհայտնե՞ն, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Հ. Սարդարյանը Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավավարության ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկն էր, որի արդյունքում 15 տարվա ազատազրկման դատապարտվեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:

Սակայն ամենամեծ հարցականը Ս. Հովհաննիսյանի գործում այն է, թե ինչո՞ւ է ՌԴ-ում եւ, ենթադրաբար, ՌԴ քաղաքացու նկատմամբ կատարված հանցագործության փաստի առիթով քրգործ հարուցվում ոչ թե ՌԴ-ում, այլ՝ Հայաստանում, ինչո՞ւ ՌԴ-ում իրավապահները չեն զբաղվում իրենց երկրում ծանր հանցագործության շարքին դասվող մարդկանց առեւտրի գործով: Չկան նաեւ տեղեկություններ, թե ՌԴ իրավապահները եւս հետաքրքրություն ցուցաբերած լինեն այս քրգործի հանդեպ: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ մեր հարցադրումներին ի պատասխան ասաց, թե պատճառն այն է, որ հանցագործության մեջ մեղադրվողը, տվյալ դեպքում՝ Ս. Հովհաննիսյանը, ՀՀ քաղաքացի է: Սա, մասնագետների ասելով, բավարար հիմք չէ քրգործը Հայաստանում հարուցելու համար, բայց որեւէ այլ պարզաբանում Ս. Տռուզյանից մենք չստացանք: Նա տեղյակ չէր նաեւ, թե արդյոք ՌԴ-ում այս կոնկրետ փաստի առնչությամբ քրգործ հարուցվա՞ծ է, թե՞ ոչ:

Իսկ որպես ավելի հավանական տարբերակ, մեր աղբյուրները նշում են, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի եւ Ս. Հովհաննիսյանի միջեւ առկա ինչ-ինչ տարաձայնությունները՝ իրար դեմ «տակառ գլորելը», որն էլ, ըստ այդ ենթադրությունների, հիմք են դարձել Ս. Հովհաննիսյանի դեմ կոնկրետ գործողություններ սկսելու համար: Այդ տարաձայնությունների առնչությամբ էլ շրջանառվող բազմաթիվ վարկածներ կան, որոնք կարելի է ամփոփել շատ կարճ՝ Ս. Հովհաննիսյանը գլխավոր դատախազի «ոտքը տրորել» է ու նրա դեմ «կոմպրոմատներ» ունի: Թե որքանով են հավաստի այս տեղեկությունները՝ դժվար է պնդել, բայց որ հայաստանյան իրականության մեջ դա կարող էր պատժիչ գործողությունների շարժառիթ լինել՝ ակնհայտ է: Մարդիկ, ում հետ մենք զրուցեցինք՝ Ս. Հովհաննիսյան-Ա. Հովսեփյան փոխհարաբերությունների մասին տեղեկություններ ճշտելու նպատակով, հաստատեցին նրանց միջեւ վատ հարաբերությունների փաստը՝ միաժամանակ ենթադրելով, որ միայն Ա. Հովսեփյանի քմահաճույքով դժվար թե Ս. Հովհաննիսյանի նման «անձեռնմխելի» համարվող մարդը կալանավորվեր եւ մեղադրվեր այսքան ծանր հանցանքում: Նշանակում է՝ կա՛մ Ս. Հովհաննիսյանը մեղսակից է իրեն վերագրվող հանցանքում, ինչը նրա շրջապատում կտրականապես հերքում են, կա՛մ նրա ունեցած ենթադրյալ «կոմպրոմատները» կարող են շատերի տունը քանդել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել