Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԷԼԻ «ՌԵԼԱՔՍՈՒՄ»

Օգոստոս 14,2007 00:00

ՀՀ ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, օգոստոսի 12-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում թիվ 3 կլինիկական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ եւ աջ մասերում ստացած վնասվածքներով Կորյունի փողոցից իրենց մոտ են տեղափոխվել 1985թ. ծնված Արտակ Ալեքսանյանը՝ թեթեւ մարմնական վնասվածքներով, եւ 1984 թ. ծնված Արթուր Սիմոնյանը, որը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին Արտակ Ալեքսանյանը հայտնել է, որ օգոստոսի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի եւ Կորյունի փողոցի խաչմերուկում գտնվող «Ռելաքս» դիսկոտեկ-ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր-կտրող-ծակող առարկայով հարվածել է իրեն եւ Ա. Սիմոնյանին ու դիմել փախուստի: Փաստի առիթով հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով՝ սպանություն: Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի քննչական բաժինը: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

«Առավոտի» տեղեկություններով, վիճաբանությունը ծագել է սպանված Ա. Սիմոնյանի եւ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդու, իբր, բանակում ժամկետային ծառայության մեջ գտնվող, բայց փաստացի դիսկոտեկ-ակումբների մշտական հաճախորդ Հայկ Սարգսյանի եւ նրա ընկերների միջեւ, թեեւ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրությունում ո՛չ նրա, ո՛չ էլ Ա. Սիմոնյանին սպանած երիտասարդի անունը չի նշվում: Փոխարենը իրավապահները նշել են Ա. Ալեքսանյանի անունը, որը, ըստ մեր աղբյուրների, ընդամենը դեպքի ականատես է եղել եւ հետաքրքրությունից է մոտեցել իմանալու, թե ինչ է կատարվում: Փախուստի մեջ գտնվող երիտասարդը Շենգավիթում բնակվող, 1983թ. ծնված Աշիկ Միսակի Նազարեթյանն է, որին ոստիկանները դեռեւս փնտրում են:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Սաշիկ Սարգսյանի որդիները մասնակցում են նման միջադեպերի, բայց, բնականաբար, որեւէ պատիժ չեն կրում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել