Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՎԻԿՏՈՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԻԼՀԱՄԻՆ

Օգոստոս 14,2007 00:00

ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը երեկ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, թե ՀՀ նախագահի լավատեսությունը ղարաբաղյան կարգավորման հեռանկարի նկատմամբ «էլ ավելի զգուշավոր է դարձել»:

Մեկնաբանելով բանակցությունների ներկա վիճակն ու պաշտոնական Բաքվի հայտարարություններն այն մասին, թե գործընթացը փակուղի է մտել, Սողոմոնյանն ասել է. «Իրականում բավական դժվար է միանշանակ գնահատական տալ բանակցությունների արդի փուլին: Ես կգերադասեմ ձեռնպահ մնալ կոշտ ձեւակերպումներից, առավել եւս, որ կողմերի գնահատականները գործընթացի վերաբերյալ, որպես կանոն, սուբյեկտիվ բնույթ են կրում: Այսպես թե այնպես, իրականությունն այն է, որ բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել: Մեզ համար այսպիսի իրավիճակի ստեղծման դրդապատճառներն ակնհայտ են. դա ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումն է եւ պատրանքներն առ այն, թե կարելի է շրջել ժամանակի ընթացքը, խմբագրել պատմությունը եւ վերադառնալ 1988 թ. իրավիճակին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն անժխտելի փաստ է, եւ այն սակարկման առարկա լինել չի կարող: Հենց այդ պատճառով, հաշվի առնելով ադրբեջանական կողմի ակնհայտ ապակառուցողական գործելակերպը, նախագահ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ կարգավորման հեռանկարին նայում է ընդամենը զգուշավոր լավատեսությամբ: Ցավոք, թվում է, թե այսօր հանրապետության նախագահի լավատեսությունն այդ առումով էլ ավելի զգուշավոր է դարձել»:

«Մեդիամաքսի» խնդրանքով նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ վերջերս արած մի քանի հայտարարություններին, որոնք, մասնավորաբար, հնչել են ղազախական «Էքսպրես Կ» թերթին տված հարցազրույցում: Իլհամ Ալիեւն ասել էր, թե «հայկական կողմը բանակցությունների ընթացքում անկեղծ չէ, փորձում է ժամանակ շահել եւ խաբում է միջնորդներին», եւ «եթե Հայաստանը վերջ տա զավթողական իր քաղաքականությանը, ապա մեր հարաբերությունները կարող են բարելավվել, եւ հայ ժողովուրդը մեզ հետ համագործակցությունից կստանա ավելին, քան դրսից եկող ողորմություններից»:

«Ցավոք, պրն Ալիեւի քաղաքական կամքն ու արիությունը բավականացրել են ընդամենը հերթական անտակտ արտահայտություններով հանդես գալու համար: Ես, բնականաբար, չեմ պատրաստվում հատուկ մեկնաբանել այդ ամենը: Ասեմ միայն, որ հայերի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ապագայի մասին հոգ տանողներ կան: Պրն Ալիեւը թող զբաղվի սեփական խնդիրներով»,- խորհուրդ է տվել Վիկտոր Սողոմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել