ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնմեկերորդ
ՀՐԱՄԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Երբ Դարբինյանը գնաց, Սեյրանը ձեռքերը շփելով ու ժպտալով՝ Աշոտին ասաց.
– Մերսի, Աշ ջան:
– Հերիք ա շողոքորթես,- ծիծաղեց Աշոտը:
– Էս անգամ էլ կաշիդ պրծացրիր, Սեյրան տղա,- ասաց Անահիտը:
– Դժգոհ ե՞ս, Անո ջան,- ժպտաց Սեյրանը:
– Խի՞ պիտի դժգոհ ըլնեմ,- ժպտաց Անոն.- մաղարիչն արդեն խոստացել ես:
– Մաղարիչը հենց էսօր էլ կարամ անեմ,- ձեռքերը շփեց Սեյրանը, հետո նայեց ինձ ու ասաց.- միանո՞ւմ ես, Արմեն ջան:
– Աչքիս վրա,- ասացի ես:
– Արմենի հետ ի՞նչ գործ ունես,- ասաց Անահիտը.- Արմենի հրամանը կըլնի՝ նոր մաղարիչը կանի:
– Պասպորտդ մոտդ ա՞, Արմո ջան,- ինձ հարցրեց Աշոտը:
– Չէ,- ասացի ես:
– Ափսոս,- ասաց Աշոտը.- պասպորտդ ու աշխատանքային գրքույկդ որ մոտդ ըլներ, հենց էսօր էլ հրամանդ կտար:
– Հիմա գնա՞մ բերեմ,- հարցրի ես:
– Ձեր տունը մո՞տ է,- ինձ հարցրեց Բասենցյանը:
– Հին ստադիոնի մոտ,- ասացի ես:
– Երկաթը տաք-տաք են ծեծում, Աշոտ ջան,- ասաց Բասենցյանը.- թող գնա անձնագիրն ու աշխատանքային գրքույկը բերի՝ հենց էսօր էլ հրամանը տվեք:
– Թե չի ալարում՝ թող գնա,- ինձ նայելով՝ ասաց Աշոտը:
– Չեմ ալարում,- ասացի ես:
– Աշխատանքային գրքույկդ չմոռանաս,- ասաց Աշոտը, երբ արդեն դուրս էի գալիս:
– Չեմ մոռանա,- ասացի ես:
Ես, իհարկե, շատ էի ուզում, որ հենց էդ օրը հրամանս տրվեր, բայց ճանապարհին մտածեցի ու հասկացա, որ տուն սլանալուս պատճառը ոչ միայն անձնագիրս ու աշխատանքային գրքույկս էին, այլեւ՝ գրպաններիս դատարկությունը, եւ երբ տուն մտա, իմ բախտից տանը մարդ չկար, ու էսպես եմ ասում, քանի որ մտքումս արդեն որոշել էի, որ գործի ընդունվելուս մասին տանը չպիտի իմանան, որովհետեւ, չնայած հրամանս արդեն լինող բան էր, ես հույս չունեի, թե կկարողանամ էդ հոդվածներից գլուխ հանել, բայց, բոլոր դեպքերում, նախ անձնագիրս ու աշխատանքային գրքույկս պիտի Աշոտին հասցնեի եւ, բացի այդ, բարձիս տակի երեքանոցները պիտի պակասացնեի, որովհետեւ, շատ հնարավոր էր, հրամանիցս անմիջապես հետո Սեյրանի հետ համատեղ մաղարիչի հարց էլ առաջանար, եւ էդ պահի դրությամբ՝ ամենամեծ հաջողությունս էն էր, որ հեշտությամբ անձնագիրս ու աշխատանքային գրքույկս գտա, որովհետեւ մեր տան ու մեր տնեցիների բոլոր փաստաթղթերը մայրս խնամքով ի մի բերած՝ «Անահիտ» անունով բոնբոներկայի տուփի մեջ էր պահում, եւ ես անձնագիրս ու աշխատանքային գրքույկս հեշտությամբ գտնելով՝ մտա շուշաբանդ, բարձս բարձրացրի ու սկսեցի երեքանոցները հաշվել, եւ, հիշում եմ, երեքանոցներն ուղիղ տասը հատ էին, եւ տասից հինգն առանձնացնելով ու գրպանս խոթելով՝ փաստորեն, երեքանոցների քանակությունն ուղիղ կեսով պակասացրի, ու հենց էս պահին, երբ էդ ամենը հիշում ու գրում եմ եւ երբ երկրորդ անգամ էս «պակասացնելն» էի գրում, ներս մտավ կինս ու էսօր արդեն երրորդ անգամ ինձ հրահանգեց՝ «ծխելդ մի քիչ պակասացրո՛ւ», եւ սա առաջին դեպքը չի, որ ես մի բառ եմ գրում ու էդ նույն բառը նույն պահին տնեցիներից կամ հեռուստացույցից լսում եմ, եւ սա էդ բազմաթիվ դեպքերից առայժմ վերջինն է ու էս վերջինը նախորդներից առանձնանում է նրանով, որ ես, փոխանակ գրական, գրագետ ու հայեցի գրեի՝ «պակասեցրի», ընդհակառակը, միանգամայն անփույթ ու խոսակցական գրեցի՝ «պակասացրի», ու կինս էլ, փաստորեն, էս սխալս նույն պահին կրկնեց, եւ հիմա մտածում եմ, որ եթե միեւնույն սխալը մեկից ավելի մարդիկ են անում, դա արդեն սխալ չէ:
Ինչեւէ. ես բարձիս տակի պարունակությունը կեսով պակասացրի, ու հիմա վերստին բուն նյութիցս կտրվելով՝ սկսում եմ մտածել՝ «կեսո՞վ», թե՞ «կիսով», եւ էլի կողմնակի ու ավելորդ մտորումների գիրկն եմ ընկնում, ու էս ավելորդ մտորումներս չէին լինի, եթե կինս էս երրորդ անգամ ո՛չ թե հրահանգեր՝ «ծխելդ մի քիչ պակասացրու», այլ ասեր՝ «ծխելդ գոնե կեսով պակասացրու», մանավանդ որ՝ իմ էս վիճակում ինձ միայն ծխելը կեսով պակասացնելը կփրկի, որովհետեւ ինձ ո՛չ միայն էս բառերն են բուն նյութիցս անընդհատ շեղում, այլեւ՝ էս ահավոր հազս, որը, համոզված եմ, ընդհանրապես գոյություն չի ունենա, եթե ինձ հաջողվի ծխելը կեսով պակասացնել:
Ես բարձիս տակի պարունակությունն ուղիղ կեսով պակասացրի ու թիվ 2 տրամվայով սլացա Բժշկական, եւ էս «սլացա» բայն է՛լ է էս դեպքում չափազանց վիճելի, որովհետեւ, հիշում եմ, էդ օրվա էդ ռեյսի թիվ 2-ի դանդաղ ընթացքն ու երկարատեւ կանգառները նյարդերիս վրա հատկապես էին ազդում, ու չնայած ինձ թվում էր, թե էդ տրամվայն էականորեն է դանդաղեցնում էդ օրվա ընթացքը, բայց երբ խմբագրություն մտա, բոլորն ապշահար ինձ նայեցին:
Աշոտը սենյակում չէր, եւ զարմացած Բասենցյանն ինձ հարցրեց.
– Էս արդեն վերադարձա՞ր:
– Հա,- ասացի ես:
– Տաքսիով գնացի՞ր,- հարցրեց Անահիտը:
– Տրամվայով,- ասացի ես:
– Էդքան շո՞ւտ,- զարմացավ Անահիտը:
– Ըտենց ա,- ծիծաղեց Սեյրանը.- որ բամբասում ես՝ ժամանակը շատ արագ ա թռնում:
– Ըտենց որ ասում ես, Արմենը կմտածի՝ իրանից ենք բամբասել,- ասաց Անահիտը:
– Բա էս մի ժամ ա ումի՞ց էիք բամբասում,- խորամանկ ժպտաց Սեյրանը:
– Հազիվ հինգ րոպե կըլնի, որ Արմենը գնաց,- ասաց Անահիտը:
– Ամենաշատը՝ տասը րոպե,- ասաց Բասենցյանը:
– Իմ ասածն ես հաստատում, Բասենցյան ջան,- ժպտաց Սեյրանը:
– Ո՞ր ասածդ եմ հաստատում,- հարցրեց Բասենցյանը:
– Մարդ որ բամբասում ա, ժամանակը շատ արագ ա թռնում,- ասաց Սեյրանն ու ժամացույցին նայելով՝ ավելացրեց.- կես ժամից ավել ա, որ Արմենը գնաց պասպորտն ու տռուդավոյը բերելու:
– Էդ ժամացույցդ էլ ա՞ աներդ առել,- ծիծաղեց Անահիտը:
– Անե՞րս խի պիտի առներ,- զարմացավ Սեյրանը:
– Բա ավտոդ ո՞նց ա առել,- հարցրեց Անահիտը:
– Էդ Դարբինյանին եմ խաբել, թե՝ աներս ա առել,- ժպտաց Սեյրանը.- ես կարող ա՞ աներոջ մուննաթին մնացող տղա եմ, Անո ջան:
– Խաբելը լավ բան չէ,- ասաց Բասենցյանը:
– Բամբասելն է՛լ լավ բան չի,- ծիծաղեց Սեյրանը, հետո նայեց ինձ, ավելացրեց.- ըտենց ա, Արմեն ջան, հենց ոտդ քաշում ես՝ բամբասանքն սկսվում ա. դրա համար եմ ոտս կախ գցել՝ լաբորատորիա չեմ գնում:
– Արմենն էլ կհավատա, թե իրենից իսկապես բամբասել ենք,- ասաց Բասենցյանը:
– Արմենի մասին մենակ լավ բաներ ենք ասել,- ասաց Անահիտը:
– Լավ իմաստով են բամբասել,- ինձ նայեց ու ժպտաց Սեյրանը:
– Ընենց արա, որ մեկ-մեկ էլ քո մասին լավ բաներ ասենք, Սեյրան տղա,- ասաց Անահիտը:
– Դուք վատը մի ասեք՝ լավը թող ձեզ ըլնի,- ասաց Սեյրանը:
– Էս մարդը լրիվ երախտամոռ ա,- ասաց Անահիտը:
– Նույնիսկ Աշոտի արած լավություններն է ուրանում,- ասաց Բասենցյանը:
– Չեմ ուրանում,- ասաց Սեյրանը:- Բայց որ մեկին լավություն ես անում, հետո չպիտի էրեսով տաս:
– Խեղճ տղեն ե՞րբ ա էրեսով տվել,- զարմացավ Անահիտը:
– Որ հետս մուննաթով ա խոսում, էդ էրեսով տալուց է՛լ ա վատ,- ասաց Սեյրանը:
– Էս մարդիկ լրիվ իրանց ձեռ են առել,- սենյակ մտնելով՝ ասաց Աշոտը.- մինչեւ մի հատ թուղթ են տալի, հոգիդ հանում են:
– Վերցրի՞ր,- հարցրեց Անահիտը:
– Հա,- թուղթն Անահիտի սեղանին դնելով՝ ասաց Աշոտը.- ոնց որ իրա մսից պոկի տա:
– Այդ կինն իսկական բյուրոկրատ է,- ասաց Բասենցյանը:
– Ասում ա՝ մինչեւ Դարբինյանը չասի, չեմ տա,- ասաց Աշոտը:
– Բա ո՞նց տվեց,- հարցրեց Անահիտը:
– Ասեցի՝ Դարբինյանն ա ուզում,- ասաց Աշոտը.- հենց խմբագրի անունը տվի՝ միանգամից տվեց. իրա թոռը խմբագրի մոտ հայերեն ա պարապել:
– Պասպորտդ ու տռուդավոյդ տուր՝ լիչնի լիստոկդ լրացնեմ,- ինձ ասաց Անահիտը:
– Արմո ջան, մոռացա ասեմ՝ էրկու հատ էլ փոքր լուսանկար բերես,- ասաց Աշոտը:
– Լուսանկար չունեմ,- ասացի ես:
– Ֆոտոներն իմ վրա,- ասաց Սեյրանը:
– Կարա՞ս էսօր տաս,- Սեյրանին հարցրեց Աշոտը:
– Իմ ձեռը չի՞,- ժպտաց Սեյրանը, հետո նայեց ինձ, ասաց.- ընկի առաջ, Արմեն ջան:
Սեյրանի լաբորատորիան երբեւէ տեսածս լաբորատորիաներից ամենաճոխն ու ամենաընդարձակն էր. այսինքն՝ ես մինչ այդ միայն «Գարունի» ու Գրողների միության լուսանկարչական լաբորատորիաներում էի եղել, որոնք Սեյրանի լաբորատորիայի համեմատ՝ ծտի բներ էին:
– Արագացնում ենք,- ինձ ասաց Սեյրանը.- նստի էս աթոռին:
Ես նստեցի, Սեյրանը մի քանի անգամ մոտեցավ, վիզս ծռեց, հետո գնաց՝ իր մեծ ապարատով չխկացրեց:
– Պը՛րծ,- ասաց Սեյրանը.- հինգ հատ հանեմ՝ հերի՞ք ա:
– Աշոտն էրկու հատ ասեց,- ասացի ես:
– Հինգ հատ կհանեմ,- ասաց Սեյրանը.- հետո պետք կգան:
– Էսօր կհանե՞ս,- հարցրի ես:
– Հիմի պռայավկա կանեմ, ամենաուշը մի ժամից պատրաստ կըլնի,- ասաց Սեյրանը:- Կակռազ Դարբինյանի ընտանիքին էլ եմ Մանկական երկաթուղում նկարել ու մինչեւ հիմի չեմ հանել. դրա համար ա երեւի նամռոտել: Քոնի հետ միասին դրանք էլ կհանեմ:
– Ի՞նչ պիտի տամ,- կատակեցի ես:
– Հինգ մանեթ,- անսպասելի ու միանգամայն լուրջ ասաց Սեյրանն ու ավելացրեց.- ուրիշն էրկու օրում հազիվ էս ֆոտոները տար:
Ես զարմանքս թաքցնելով՝ ձեռքս տարա գրպանս, երեքանոցներից երկուսը հանեցի ու տվի Սեյրանին:
– Զդաչին հետո կտամ,- ասաց Սեյրանը.- հիմի մոտս չկա:
– Զդաչի պետք չի,- ասացի ես:
– Ինձ էլ պետք չի,- ասաց Սեյրանը.- հետո կտամ:
– Մերսի,- ասացի ես:
– Հիմի ի՞նչ ես ասում, Արմեն ջան,- ասաց Սեյրանը.- էդ մաղարիչն էսօր չանե՞նք պրծնենք:
– Ես պատրաստ եմ,- ասացի ես:
– Ես հիմի քո ու Դարբինյանենց էդ ֆոտոներն արագ կհանեմ ու կգնամ մաղարիչի հետեւից,- ասաց Սեյրանը:- Շամպայն, շոկոլադ ու մրգեղեն ենք առնում, չէ՞:
– Ոնց ասես,- ասացի ես:
– Մինչեւ առնեմ ու հետ գամ, ձեր ֆոտոներն արդեն չորացած կըլնեն,- ասաց Սեյրանը:
– Ես հետդ գա՞մ,- հարցրի ես:
– Չէ. դու գնա՝ էդ հրամանիդ հարցերով զբաղվի,- ասաց Սեյրանն ու ավելացրեց.- նայի՝ ժողովուրդը չգնա. ընենց չըլնի՝ շամպայնն ու էդ բաները բերեմ, ու իրանք գնացած ըլնեն:
– Մինչեւ քանի՞սն եք աշխատում:
– Օրենքով մինչեւ հինգն ա, բայց որ հիմի անելիք չունեն, կարող ա շուտ գնան,- ասաց Սեյրանն ու հարցրեց.- հիմի էդ մաղարիչը միասին ենք, չէ՞, անում:
– Հա,- ձեռքս գրպանս տանելով՝ ասացի ես.- ինչքա՞ն պիտի տամ:
– Մոտս փող կա,- ասաց Սեյրանը.- ես էդ ամեն ինչը կառնեմ, հետո կհաշվենք: Մենակ թե՝ դու նայի, որ ժողովուրդը տուն չգնա:
– Հա,- ասացի ես:
– Դե գնա,- ժամացույցին նայելով՝ ասաց Սեյրանը:- Իզուր ժամանակ ենք կորցնում. արդեն էրկուսն անց ա:
Երբ մտա խմբագրություն, Անահիտն ասաց.
– Արմեն ջան, մտի խմբագրի մոտ. ինքը քեզ ա սպասում:
– Բա Աշո՞տն ուր ա,- հարցրի ես:
– Խմբագրի մոտ է,- ասաց Բասենցյանը.- քեզ են սպասում:
Ես դուրս եկա, խմբագրի դուռը թակեցի ու ներս մտա:
– Նորից բարեւ,- ասաց Դարբինյանը:
– Նորից բարեւ,- ասացի ես:
– Արմեն ջան, երբեւէ հոդված գրած կա՞ս,- հարցրեց Դարբինյանը:
– Ոչ մի անգամ չեմ գրել,- անկեղծորեն խոստովանեցի ես:
– Բայց կարո՞ղ ես գրել,- հարցրեց Դարբինյանը:
– Չգիտեմ,- ասացի ես:
– Ա՛յ Արմեն, հոդված գրելու մեջ ի՞նչ կա, որ էդքան բարդացնում ես,- նեղսրտեց Աշոտը:
– Ինձ, ընդհակառակը, Արմենի համեստությունը դուր է գալիս,- ասաց Դարբինյանը.- մարդիկ կան, որ ոչնչի ընդունակ չեն, բայց թողնես՝ մեծ-մեծ կբրդեն:
– Կգրի,- ասաց Աշոտը.- ես երաշխավորում եմ, ընկեր Դարբինյան:
– Ես է՛լ չեմ կասկածում,- ժպտաց Դարբինյանն ու Աշոտին ասաց.- Անահիտին ասա՝ թող հրամանը մեքենագրի:
– Ամսի քանիսո՞վ,- հարցրեց Աշոտը:
– Էսօր քանի՞սն է,- հարցրեց Դարբինյանը:
– Տասնյոթը,- ասաց Աշոտը:
– Ամսի տասնչորսով կտանք, որ տասնհինգից աշխատավարձ ստանա,- ասաց Դարբինյանը:
– Հա,- ասաց Աշոտը.- էդպես ճիշտ կլինի:
– Էդպես ճիշտ չի լինի, բայց Արմենի համար լավ կլինի,- ասաց Դարբինյանը:
– Շնորհակալություն,- ասացի ես:
– Շնորհակալության հարց չկա,- ասաց Դարբինյանը.- մնում է, որ դու քեզ արդարացնես:
– Կփորձեմ,- ասացի ես:
Երբ Աշոտը դուրս եկավ, Դարբինյանն ինձ ասաց.
– Իմիջիայլոց, բանաստեղծություններդ հետաքրքիր էին:
– Կարդացե՞լ եք,- հարցրի ես:
– Իհարկե կարդացել եմ,- ժպտաց Դարբինյանը.- եթե կարդացած չլինեի, ո՞նց կասեի՝ հետաքրքիր են:
– Դրանք վաղուց եմ գրել,- ասացի ես:
– Ո՞նց ես վաղուց գրել,- զարմացավ Դարբինյանը, հետո սկսեց քահ-քահ ծիծաղել, այնուհետեւ նորից լրջացավ ու հարցրեց.- քանի՞ տարեկան ես:
– Քսաներեք,- ասացի ես:
– Քսաներեք տարեկան ես, բայց յոթանասուն տարեկանի պես ես խոսում,- նորից ծիծաղեց Դարբինյանը:
– Ի՞նչ իմաստով,- հարցրի ես:
– Տարեց գրողներն են ասում՝ էդ գործս վաղուց եմ գրել,- ասաց Դարբինյանը.- Համո Սահակիչն է էդպես ասում:
– Համո Սահակիչն ո՞վ է,- հարցրի ես:
– Համո Սահյանը,- ասաց Դարբինյանը.- մի օր իր մի բանաստեղծության մասին հոդված էի գրել, ինձ որ տեսավ, ասաց՝ «էդ բանաստեղծությունս շատ լուրջ ես ընդունել, Միքայել. երեսուն տարի առաջ եմ գրել»: Շատ հաճախ գրողներն իրենց գրածը չեն կարողանում ճիշտ գնահատել:
– Հնարավոր է,- ասացի ես:
– Ոչ թե հնարավոր է, այլ՝ հիմնականում էդպես է,- ասաց Դարբինյանը.- համենայն դեպս, իմ ուսումնասիրություններն այդ են ապացուցում:
Ես չգիտեի ինչ ասեի եւ Դարբինյանի կաբինետն էի աչքիս պոչով ուսումնասիրում՝ երեւակայությանս զոռ տալով եւ պատկերացնելով իր ու Սեյրանի ծեծկռտուքը: Մինչ կմտածեի՝ ինչ ասեմ, ներս մտավ Աշոտն ու Դարբինյանի սեղանին դրեց հրամանիս մեքենագրված օրինակները:
– Տասնչորսով եք չէ՞ գրել,- հարցրեց Դարբինյանը, հետո նայեց թղթին, ասաց.- հա, ճիշտ եք գրել:
– Վաղը Արմենին ուզում եմ ուղարկել Զեյթունի հանրակացարան,- ասաց Աշոտը:
– Հա,- ասաց Դարբինյանն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- դու է՛լ հետը գնա, Աշոտ ջան:
– Հա,- ասաց Աշոտը:
– Կողքից կոնսուլտացիա կանես,- ասաց Դարբինյանը:
– Հա,- ասաց Աշոտը.- միասին կգնանք:
– Էն բեդովլաթին էլ հետներդ տարեք՝ թող լուսանկարի,- ասաց Դարբինյանը.- ասում են՝ էդ հանրակացարանում խայտառակ վիճակ է:
– Հինգ լուսանկարը բավակա՞ն է,- հարցրեց Աշոտը:
– Հա,- ասաց Դարբինյանը:- Եթե նյութը ստացվի՝ մի ամբողջ բացվածք կտանք:
– Ինձ թվում է՝ լավ կստացվի,- ասաց Աշոտն ու ժպտալով ավելացրեց.- ես էլ էի առաջին հոդվածիս ժամանակ Արմոյի պես հուզվում:
– Ամեն ինչի առաջին անգամն էլ դժվար է,- ժպտաց Դարբինյանը:
– Իմ առաջին հոդվածն էլ էր էդ հանրակացարանի մասին,- ասաց Աշոտը, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- Վանիկն էլ իր առաջին հոդվածն էդ հանրակացարանի մասին գրեց:
– Ճակատագիր է,- ասաց Դարբինյանը:- Էդքան գրում ենք, բայց էդ հանրակացարանի վիճակը չի փոխվում:
– Դժվար էլ փոխվի,- ասաց Աշոտը:
– Արմենի մասին էդքան վատ կարծիքի ե՞ս,- ժպտաց Դարբինյանը:
– Համոզված եմ, որ Արմոն շատ լավ կգրի,- ասաց Աշոտը:
– Արմենն ընդամենը մի թերություն ունի,- ժպտաց Դարբինյանը:
– Ի՞նչ թերություն,- հարցրեց Աշոտը:
– Համո Սահյանի հայրանունը չգիտեր,- ծիծաղեց Դարբինյանը:
– Կսովորի,- ժպտաց Աշոտը:
– Արդեն սովորել եմ,- ասացի ես:
– Շատ հետաքրքիր մարդ է,- ասաց Դարբինյանը:
– Արմո՞ն,- հարցրեց Աշոտը:
– Չէ,- ծիծաղեց Դարբինյանը.- Համո Սահակիչը:
– Մի անգամ հետը խմել եմ,- ասաց Աշոտը:
– Որտե՞ղ ես խմել,- զարմացավ Դարբինյանը:
– Որ իրեն Համալսարան հանդիպման էինք հրավիրել, հանդիպումից հետո տղերքով փող հավաքեցինք՝ տարանք ռեստորան,- ասաց Աշոտը:
– Որ մի քիչ օրերը ցրտեն, խաշ կդնենք, իրեն խաշի կհրավիրենք,- ասաց Դարբինյանը:
– Խաշն իմ վրա,- ասաց Աշոտը:
– Չէ,- ասաց Դարբինյանը.- խաշն ի՛մ վրա, դնելը՝ քո:
– Համաձայն եմ,- ասաց Աշոտը:
– Արմենին էլ կկանչենք,- ժպտաց Դարբինյանը.- թող վարպետին տեսնի:
– Երկու անգամ տեսել եմ,- ասացի ես:
– Հեռվից տեսնելն է՛ն չի,- ասաց Դարբինյանը.- անձամբ պիտի հետը ծանոթանաս:
– Երկու անգամ ծանոթացել եմ,- ժպտացի ես:
– Որտե՞ղ ես ծանոթացել,- զարմացավ Դարբինյանը:
– Մի անգամ «Գրական թերթի» խմբագրությունում, մի անգամ էլ՝ Արշակյանի կաբինետում,- ասացի ես:
– Ի՞նչ Արշակյան,- ավելի զարմացավ Դարբինյանը:
– Գեւորգ Արշակյանի,- ասացի ես:
– Հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալն ա,- ասաց Աշոտը:
– Տեղակալն է, բայց, ասում են, բոլոր հարցերն ինքն է լուծում,- ասաց Դարբինյանն ու ավելացրեց.- փաստորեն, իմ գրքի հարցն էլ է իրենից կախված:
– Արշակյանին ճանաչո՞ւմ ես,- ինձ հարցրեց Աշոտը:
– Հա,- ասացի ես.- գրքիս հարցով մի քանի անգամ մոտը մտել եմ:
– Հրատարակչությունում գիրք ունե՞ս,- հարցրեց Աշոտը:
– Հա,- ասացի ես:
– Ո՞ր բաժնում,- հարցրեց Դարբինյանը:
– Պոեզիայի,- ասացի ես.- ավելի ճիշտ՝ ժամանակակից գրականության:
– Լյուդվիգի բաժինն է,- ասաց Դարբինյանն ու Աշոտին նայելով՝ ավելացրեց.- իմն էլ որ Լյուդվիգի բաժնով լիներ, որեւէ խնդիր չէր առաջանա:
– Ձերը գրականագիտության բաժնով է, չէ՞,- Դարբինյանին հարցրեց Աշոտը:
– Հա,- ասաց Դարբինյանը:
– Էդ բաժնի վարիչն ո՞վ է,- հարցրի ես:
– Ստեփան Թոփչյանը,- ասաց Դարբինյանը.- Թոփչյանի հետ ընդհանրապես ծանոթ չեմ:
– Ծանոթ չեք՝ կծանոթանաք,- ասաց Աշոտը:
– Բայց, ասում են, էդ հրատարակչությունում բոլոր հարցերն Արշակյանն է լուծում,- ինձ նայելով՝ ասաց Դարբինյանը:
– Ես էլ էդպես գիտեմ,- հաստատեց Աշոտը, հետո ինձ նայեց ու ժպտալով ասաց.- մեր Արմոյին կխնդրենք, կբարեխոսի:
– Քո գիրքը պլանո՞ւմ է,- ինձ հարցրեց Դարբինյանը:
– Այո,- ասացի ես:
– Ո՞ր թվի պլանում ա,- հարցրեց Աշոտը:
– Յոթանասունիննի,- ասացի ես:
– Իմը որ ութսուն թվի պլան մտցնեն, շատ գոհ կլինեմ,- ասաց Դարբինյանը:
– Արշակյանի հետ շատ մոտ ե՞ս, Արմո,- հարցրեց Աշոտը:
– Շատ մոտ չեմ, բայց իրան կարամ ասեմ,- ասացի ես:
– Ասելը կասես, բայց կանի՞,- հարցական ինձ նայեց Դարբինյանը:
– Դուք Համո Սահյանի հետ շա՞տ մոտ եք,- հարցրի Դարբինյանին:
– Կարելի է ասել՝ այո,- ասաց Դարբինյանը.- իր մասին երկու հոդված եմ գրել, երկուսն էլ շատ է հավանել:
– Եթե Համո Սահյանն Արշակյանին մի կեսբերան ասի, կարող եք համարել, որ ձեր գիրքը տպված է,- ասացի ես:
– Հաստա՞տ,- ոգեւորվեց Դարբինյանը.- իրար հետ մոտ ե՞ն:
– Համ մոտ են, համ էլ՝ Արշակյանը Համո Սահյանին որպես բանաստեղծ պաշտում է,- ասացի ես:
– Արմենի ուղեղը չտեսնված է աշխատում,- ավելի ոգեւորվեց Դարբինյանը.- մնում է մտածենք՝ ոնց էդ հարցը կազմակերպենք:
– Շատ հասարակ,- ասացի ես.- էդ խաշին որ Համո Սահյանին հրավիրեք, կխնդրեք, որ Արշակյանին էլ հետը բերի:
– Էս տղան ուղղակի հանճար է,- հիացած ինձ նայեց Դարբինյանը:
– Պատկերացնում եմ՝ Արմոն ի՜նչ հոդվածներ ա գրելու,- ժպտաց Աշոտը:
– Էդ խաշին Ջրբաշյանին ու Թամրազյանին էլ կկանչենք,- ասաց Դարբինյանը.- Ջրբաշյանին՝ որպես ինստիտուտի տնօրեն, Թամրազյանին՝ որպես դիսերտացիայիս ղեկավար:
– Կարող ա՞ իրանց էլ ես ճանաչում, Արմո ջան,- ժպտաց Աշոտը:
– Ջրբաշյանին՝ չէ, բայց Թամրազյանին շատ լավ եմ ճանաչում,- ծիծաղեցի ես:
– Բայց դու մանկավարժականն ես ավարտել,- ասաց Աշոտը.- Թամրազյանին որտեղի՞ց ես ճանաչում:
– Էդ արդեն շա՜տ երկար պատմություն ա, Աշոտ ջան,- ժպտացի ես.- որ պատմեմ՝ մի քանի ժամ կտեւի:
– Մի բանն է վատ,- ասաց Դարբինյանն ու խորիմաստ լռեց:
– Ի՞նչը,- հարցրեց Աշոտը:
– Խաշի սեզոնը շատ հեռու է,- հոգոց հանեց Դարբինյանը:
– Ո՞նց ա հեռու,- ասաց Աշոտը.- ես լսել եմ, որ բոլոր էն ամիսներին, որոնց մեջ «ր» տառ կա, կարելի ա խաշ ուտել. այսինքն՝ սեպտեմբերից մինչեւ ապրիլ:
– Հաստա՞տ,- ոգեւորվեց Դարբինյանը:
– Մասնագետների ասածն եմ ասում, ընկեր Դարբինյան,- ծիծաղեց Աշոտը.- ինձանից չեմ հնարում:
– Հոկտեմբերը խաշի համար հարմար է,- մի քիչ մտածելուց հետո ասաց Դարբինյանը:
– Սեպտեմբերի մեջ էլ «ր» կա,- ժպտացի ես:
– Սեպտեմբերի մեջ «ր» կա, ճիշտ ա, բայց խաշի առումով ամենահարմարը հոկտեմբերն ա,- ասաց Աշոտը: